Նոր ծրագրով` հայերեն ուսուցում Ապագան արդեն ներկա է


Համակարգչային տեխնոլոգիաների նոր նմուշներ առաջին անգամ էր ներկայացրել «Վայեր Թելման» (WIRE TELMAN) ՍՊԸ-ն, որը գործում է Երևանում և մեծ հետաքրքրություն է առաջացրել: Այս կազմակերպությունը հոկտեմբերին մասնակցել էր Երևանի «Դինամո» մարզադահլիճում կազմակերպած «Արմենիա-Էքսպո 2008» ցուցահանդեսին և Հանրապետության մոտ 100` այդ թվում նաև ԼՂՀ-ի, Վրաստանի, Իրանի և ՌԴ-ի կազմակերպությունների հետ ներկայացրել իրենց նոր արտադրանքների տեսականին: Հանրության ուշադրությանն էին ներկայացվել 6` պոլիգրաֆիայի, ուտելիքի և ըմպելիքի, շինարարության, տրանսպորտի և կապի, համակարգչային տեխնոլոգիաների և արդյունաբերության ոլորտները: Ֆիրմայի մասնագետները զբաղվում են ՎԵԲ ոլորտի ծրագրավորումով` ստեղծելով իրենց նախագծերը, որոնցից առաջինը հնարավորություն է տալիս Հայաստանում և սփյուռքում բնակվող մարդկանց տեսնել իրենց սիրելի Արարատ լեռը տարբեր ժամերի` նույնիսկ գիշերը: - Դժվարություն չունենք, մեր տեսախցիկը նույն պահին նկարում և մեզ է տրամադրում լեռան վիդիո պատկերը, որը կարող ենք տրամադրել նրան, ով ցանկանա, - ասում է դիզայներ-ծրագրավորող Կարեն Կարապետյանը: Հաջորդը` այս կազմակերպությունն առաջին անգամ սփյուռքահայերին հնարավորություն է տալիս լիարժեք սովորել մայրենի լեզուն` հայերենը, նախ տառերի գրությունը, ճիշտ արտասանությունը, հետո` վանկերը և բառերը: Այժմ այստեղ աշխատում են ռուսերեն և անգլերեն տարբերակների վրա, այսինքն` առաջիկայում աշխարհի տարբեր մասերում բնակվող ռուսախոսներն ու անգլիախոսները կարող են սովորել հայերեն այս ծրագրի շնորհիվ: - Հետագայում այս ծրագիրը նպատակ ունենք առավել զարգացնել, որպեսզի օտարազգիները, որոնք ցանկանում են հայերեն սովորել, կարողանան օգտվել մեր ծրագրից, - ասում է ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Թելման Թադևոսյանը: Այդ կազմակերպության հիմնական ուղղվածությունը բարձր տեխնոլոգիաների կիրառումն է բնակարաններում և օֆիսներում` հարմարեցնելով առօրյային: Այստեղ մասնագետները փորձում են Հայաստանում զարգացնել կենցաղի մակարդակը` կառուցելով «Ումնիյ դոմ»: Այդ նպատակով սարքավորումներ են ներկրվում Շվեդիայի, Շվեյցարիայի և Գերմանիայի Դաշնության` հանրահայտ «Էյ-Բի-Բի» ֆիրմայից: Կազմակերպության նպատակն է ստեղծել «Ապագայի տուն», այսինքն` անվտանգություն, հարմարավետություն, արդյունավետություն: Առաջարկելով նոր որակի վարդակներ և խրոցներ, որոնց կարելի է ցանկացած հեռավորության վրա ղեկավարել, այսինքն` կազմակերպել տանը կատարվող մի շարք աշխատանքները` ջեռուցումը միացնել, լույսը կամ արդուկն անջատել և այլն: Իհարկե, այս յուրօրինակ էլեկտրական սարքերը կարելի է օգտագործել նաև բանկային կամ որևէ կազմակերպության համակարգում, ստանալով էլեկտրաէներգիայի և ջեռուցման խնայողություն: Պետք է նշել, որ այստեղ ապագան արդեն դառնում է ներկա:

Օվսաննա ՄԱԴԱԹՅԱՆ