«Հայաստանի սոխակի» դասական հմայքը


Ի վերջո սերունդների հիշողության մեջ կփայլատակի Գոհար Գասպարյանի անունը: Աշխարհի 40 երկրներ հմայած աներևակայելի ընդգրկուն կոլորատորային սոպրանոյի լեգենդը վերապատմելու առաքելությամբ նախաձեռնված մեներգիչների հանրապետական մրցույթով: Այսօր «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կմեկնարկի I փուլը: Եռաստիճան մրցաշարում կոնկրետ ծրագրով իրենց կատարողական ունակություններն ի հայտ բերող 20-35 տարեկան 46 երգիչ-երգչուհիներից լավագույնները «Հայաստանի սոխակի» ծննդյան օրը` դեկտեմբերի 14-ը, կնշանավորեն հաղթահամերգով: Հանդես գալով Կոմիտասի, Տիգրանյանի, Սպենդիարյանի, Չայկովսկու, Հենդելի, Վերդիի, Սեն-Սանսի, Բիզեի, Պուչինիի և հանրահայտ ուրիշ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներով: Փառատոնամուտին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցած վիճակահանությամբ հաստատված հերթագայությամբ: Յոթ հոգանոց ժյուրիի գնահատության անաչառությանը կարելի է սեփական ունկնդրումներով հավաստիանալ մինչ եզրափակիչ համերգը: Կարծում եմ, դյուրին չի լինի նրա կազմում ընդգրկված Բարսեղ Թումանյանի, Դավիթ Ղազարյանի, Անահիտ Մխիթարյանի, Սվետլանա Կոլոսարյանի, Յուրի Դավթյանի, Սուսաննա Մարտիրոսյանի և Արմինե Ղազարյանի եռափուլ աշխատանքը: Մեկնարկա յին հավասար պայմաններում միմյանց հետ մրցակցելու են երաժշտական, արվեստի քոլեջների և ԵՊԿ ուսանողներն ու ասպիրանտները: Կասկածից վեր է, որ անհամեմատ բարձր են մեր օպերային թատրոնի երիտասարդ պրոֆեսիոնալների հաղթանակի երաշխիքները: Լավ կլիներ, իհարկե, առանձին համարժեք խմբերի միջև անցկացնել մրցույթը` նորերի ձայնի թռիչքը չկասեցնելու բարյացակամությամբ առաջնորդվելով: Ինչևէ: Փառատոնամուտին «Ave, Գոհար…» («Խոնարհում») վավերագրական ժապավենի ցուցադրութ յամբ, մասնակիցների ու իրազեկված հետաքրքրասերների այցելությամբ ամենուր միայն գերադրական գնահատականների արժանացած անգերազանցելի երգչուհու շիրմին` կարծես թե սկսեց ուրախ թևածել կյանքի վերջին տարիները վայելած փառքի անարդարացի ստվերմամբ անցկացրած սոխակի ոգին` ի նպաստ նորաստեղծ կարևորագույն միջոցառման կայացման: Մնում է, որ մեներգիչների I հանրապետական մրցույթի ընթացքը, համատեղ նվիրումով ու ջանասիրությամբ, արժանի լինի շնորհված զրնգուն անվանը` Գոհար Գասպարյան … Եվ` արդի հայ երաժշտակյանքում հաստատվելու լուրջ հայտ ներկայացնի:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ