ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱԼԱԳԱՆ 


 

1990-ական թվականներին մի երիտասարդ գրող, ում հաջողվել էր ՀՀՇ-ական իշխանության համակրանքին և ընձեռած արտոնություններին արժանանալ, հեռուստատեսությամբ մի հաղորդաշար էր վարում` կոչելով այն` «Քաղաքական փասիանս»: 90-ական թվականները մնացին պատմության գրկում, երիտասարդ գրողն էլ տարիք առավ և անգամ շատերի կողմից մոռացվեց, բայց նրա «փասիանսի» հերոսները մնացին:

Ավելի ճիշտ` մնացին նախակերպարները: Մարդիկ, որոնցից ամեն մեկը որոշակի քաղաքական ուժի և գաղափարախոսության, ծրագրի ու հայեցադրույթի հեղինակ էր: Նրանցից շատերի կերպարները մնացին մեր հիշողության մեջ, նրանցից ոմանք համարվեցին հեղափոխական ռոմանտիկայի ժամանակների հերոսներ... Հիմա այդ հերոսներն այլևս չկան, ու նախագահական ընտրությունների նախաշեմին ոչ թե փասիանսային, այլ` բալագանային վիճակ է ստեղծվել, երբ սկսել են «նախագահացուների» անուններ շրջանառվել: Դրանցից մի քանիսը կարող են որևէ երգիծական մանրապատումի հերոս լինել, մի քանիսն էլ` զարդարել որևէ ինքնահրատի շապիկ: Եվ հենց այդ անուններն էլ ձևավորում են այն քաղաքական բալագանը, որի հանդիսատեսն ենք սկսել դառնալ` ընտրություններից շատ ու շատ օրեր առաջ:

ԱԺ փոխնախագահ Էդվարդ Շարմազանովն արդեն հայտարարել է, որ նախագահի ընտրություններում պայքարն ընթանալու է երկրորդ տեղի համար:

Առաջին տեղի հարցն, իսկապես լուծված է: Ու դրանում դեր ունեն ոչ միայն վարչական ռեսուրսները, այլ հենց ընտրողների դրական վերաբերմունքը` գործող Նախագահի հանդեպ:

Ո՞վ է լինելու այն երկրորդը, ում անունը հիշատակվելու է առաջիկայում Սերժ Սարգսյանից հետո: Նշենք, որ առայժմ որևէ հստակություն չկա: Իշխանական թևից որևէ մեկն առաջադրվելու ցանկություն չի հայտնել: Ու սա կարող է տրամաբանական համարվել, քանի որ իշխանական կուսակցություններ ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը միասնական թեկնածու ունեն: Կիսաիշխանական և կիսաընդդիմադիր «Բարգավաճ Հայաստանը» շարունակում է խորհրդավոր լռություն պահպանել: Դեռ մինչև վերջերս այս կուսակցությունը սպասում էր, որ առաջադրվելու իր ցանկությունը կհայտնի Ռոբերտ Քոչարյանը, ուստի «դժվարանում» էր հստակ դիրքորոշում արտահայտել: Երկրորդ նախագահը, ինչպես տեսանք, որևէ նախաձեռնություն հանդես չի բերում և չի հայտարարում իր մտադրությունների մասին: Հասկանալի է, որ նա կատարել է լուրջ քաղաքական հաշվարկներ և հեռու մնացել «ավանտյուրայից»: Հետո արդեն ԲՀԿ կուլուարներում խոսակցություններ տարածվեցին այն մասին, թե կուսակցության թեկնածուն լինելու է Վարդան Օսկանյանը: Դա ևս անլուրջ կարծիք էր: Սխալվում են նաև այն վերլուծաբանները, ովքեր պնդում են, թե ԲՀԿ-ն հանդես է գալու սեփական թեկնածուով` հանձին Գագիկ Ծառուկյանի: Ուրեմն, մնում է ենթադրել, որ ԲՀԿ-ն սատարելու է գործող նախագահին և հանդես է գալիս նրա թիմի հետ:

Առայժմ հայտնի է, որ ընդդիմության շարքերից առաջադրվելու է Րաֆֆի Հովհաննիսյանը: Ի՞նչ հնարավորություններ ունի «Ժառանգության» հիմնադիրը` հաջողության հասնելու համար: Այս հարցը հետաքրքրում է բոլորին, որովհետև խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ կուսակցությունն ու նրա առաջնորդը չունեն մեծ հանրային աջակցութ յուն, որ որոշակիորեն սասանվել են Հովհաննիսյանի դիրքերը: Իսկ երբ «Ժառանգությունը» միացավ «Ազատ դեմոկրատներին»` նախկին ՀՀՇ-ականներին, այն մեծ ընտրազանգված կորցրեց: Հավանական է համարվում, որ «Ժառանգության» և Դաշնակցության միջև ալյանս ձևավորվի: Սակայն դա այնքան էլ մխիթարական չի լինի, որովհետև հայաստանյան Դաշնակցության շատ գործիչներ այլևս չեն վայելում հանրության համակրանքը, այս կուսակցության շատ գործիչներ անգամ ընդունելի չեն շարքային դաշնակցականների համար:

Ընդդիմության թեկնածուներ կարող են դառնալ Նիկոլ Փաշինյանն ու Լևոն Զուրաբյանը: Բայց այստեղ էլ առկա է ինտրիգը, որովհետև ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի համակրանքը Զուրաբյանի կողմն է, մինչդեռ հենց Կոնգրեսի ներսում այսօր խոսակցություններ կան, թե Նիկոլ Փաշինյանը նոր իշխանական «նախագիծ» է: Ուրեմն, առավել հավանական է համարվում Լևոն Զուրաբյանը, բայց արդյո՞ք նա հենց այն գործիչն է, ում հավատալու և վստահելու է ընդդիմադիր զանգվածը:

Քաղաքական բալագանը կիսատ-պռատ կլիներ, եթե չլինեին մի քանի ինքնառաջադրումներ` ծիծաղելի և ողորմելի... Անուններ չտանք, որովհետև այդ անունները բոլորը գիտեն: Բոլորը գիտեն նաև, որ մեծ խաղերում սովորաբար ոմանք դառնում են բալագանային «յալանչիներ» և զվարճացնում ընտրազանգվածին: