ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆՆ... ԸՆԴԴԵՄ ՔՈՔՈԲԵԼՅԱՆԻ 


 

Մինչ շատերն են դատապարտում Խաչատուր Քոքոբելյանին` Րաֆֆի Հովհաննիսյանին խաբելու և պարտավորությունները չկատարելու համար, անսպասելի հայտարարություն է արել «Ազատ դեմոկրատների» մեկ այլ առաջնորդ` Ալեքսանդր Արզումանյանը:

Նախկին արտգործնախարարը հաստատել է, որ «Ազատ դեմոկրատները» նախագահական ընտրությունների ժամանակ սատարելու է Րաֆֆի Հովհաննիսյանին: Այսինքն, սրանով հարված է հասցվում Քոքոբելյանի հավակնություններին. նա սեփական կուսակցության կողմից դառնում է մերժված:

Ալեքսանդր Արզումանյանը, ձգտելով հարթել ստեղծված տհաճ իրավիճակը, ամեն ինչ վերագրում է քաղաքական գործընթացներին, խոսում այն մասին, որ ամեն ինչ գտնվում է մարդկային հարաբերությունների դաշտում... Ըստ Արզումանյանի` մանդատը վայր դնելու մասին Քոքոբելյանի խոստումը չէր կարող իրականություն դառնալ, որովհետև այն բաժին էր հասնելու Ստյոպա Սաֆարյանին, իսկ իրենք վերջինիս մանդատ չէին զիջի...

Ինչևէ, անուղղակիորեն Արզումանյանը փաստորեն հաստատում է, որ Քոքոբելյանը թույլ է տվել մարդկային և քաղաքական էթիկայի խախտում, որ պայմանավորվածություն, այնուամենայնիվ, եղել է... Հիմա կարևորն այն է, որ «Ազատ դեմոկրատներն» արդեն հրապարակային խոստում է տալիս` Րաֆֆի Հովհաննիսյանին սատարելու մասին: Բայց ոմանք մտավախություն ունեն, որ հանկարծ վաղն էլ Արզումանյանը կարող է հայտարարել, թե նման պայմանավորվածություն չի եղել...