ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ 


 

Վերջին շրջանում առողջապահության ոլորտում տեղ գտած բազմաթիվ աղաղակող փաստերի բացահայտումները գուցե նորություն են ոմանց համար, սակայն ոչ երբեք հայ հանրության, որն ամեն օր շփվում է առողջապահական հիմնարկների հետ, իր մաշկի վրա զգում այն անբարո մթնոլորտի ազդեցությունները, որոնք ձևավորվել են ոլորտում: Ստեղծված կացության պատճառները որքան պայմանավորված են մարդկային գործոնով, այս կամ այն բժշկի կամ առողջապահական հաստատության տնօրենի վարքագծով, նույնքան էլ ունեն այլ պատճառաբանություն, որի հիմքում առողջապահության հայեցակարգի բացակայությունն է:

Անկախության հռչակումից և շուկայական տնտեսությանն անցնելուց հետո մեզ մոտ, գուցե փորձի բացակայությունից, հատկապես առողջապահության ոլորտը սկսեց ընթանալ խարխափումների և չհիմնավորված վոլյունտարիզմի ճանապարհով` մերթ հակվելով դեպի ծայրահեղ շուկայական հարաբերությունների, մերթ էլ` կառավարվող շուկայի սկզբունքների համակարգերը: Սրանցից յուրաքանչյուրն ունի իր հիմունքները, իր գաղափարաբանությունը, տնտեսագիտական և մասնագիտական դրույթները: Սակայն ոչ ոք այս ամենի մասին չմտածեց: Պարզապես հաջորդաբար ոլորտը սկսեցին ղեկավարել խորհրդային կրթություն և մասնագիտական փորձ ունեցող անձինք, ովքեր չկողմնորոշվելով նոր հարաբերությունների մեջ` սկսեցին աղավաղել ամեն ինչ` երբեմն ենթարկվելով նաև Ազգային ժողովի ընդունած որոշ օրենքների, որոնք, ըստ էության, հակասական էին և ոչ մասնագիտորեն հիմնավորված: Օրենքներն ընդունվում էին առանց հայեցակարգի ճշգրտման, առանց հստակ հիմնավորումների: Ավելին, առողջապահական հիմնարկներն էլ հռչակվեցին ՊՈԱԿ-ներ` այս ՊՈԱԿ կոչվածը պատուհաս դարձնելով ոչ միայն առողջապահության, այլև կրթության և մշակույթի կառավարման համար:

2004-2005 թվականներին, առաջնորդվելով բացառապես պոպուլիստական մեթոդներով և եղանակներով, «Օրինաց երկիր» կուսակցությունն առաջարկեց բազմաբուժարանային համակարգի անցում դեպի սոցիալական առողջապահության սկզբունքներին` դրանք տարածելով նաև հիվանդանոցային բուժումների որոշ ոլորտների: Եթե կուսակցության նախաձեռնությունն ունենար սկզբունքային և օրենսդրական հիմնավորում, ապա այն կարող էր դառնալ իսկական հեղափոխություն և մեզ տաներ դեպի հայեցակարգի հստակեցման, սոցիալական առողջապահության հիմունքների ներդրման: Սակայն այդ նախաձեռնությունը, բնականաբար, աստիճանաբար, մոռացության տրվեց ոլորտի կառավարիչների կողմից, որովհետև առողջապահությունը չդարձավ մարդակենտրոն. արհամարհվեց սոցիալական պետության սահմանադրական դրույթը: Կարճ ասած` անձնային շահերը գերակայեցին սկզբունքային-հայեցակարգային վճիռներին:

Հիմա կառավարությունը կամենում է խորհրդակցությունների և «մահակի» միջոցով շտկել իրավիճակը: Դա անհնար է, որովհետև կարճաժամկետ կարգավորումներից հետո մենք նորից կանգնելու ենք նույն իրավիճակի առջև, որովհետև ցանկացած նախարար ավելի թույլ է լինելու, քան սեփականաշնորհված հիվանդանոցի սեփականատեր-տնօրեն: Եվ վերջիններս էլ խաղի իրենց կանոններն են թելադրելու` ամեն ինչ արդարացնելով հայեցակարգի բացակայությամբ: Հետևաբար, ու՞մ են պետք ցուցադրական դիտողություններն ու բացահայտումները, երբ դրանք ընդամենը ժամանակավոր կամ կոսմետիկ փոփոխություններ են արձանագրելու:

Ստեղծված կացությունը հաղթահարելու, առողջապահության ոլորտը կոռուպցիայից, թալանից մաքրելու, ոլորտում կարգուկանոն հաստատելու ամենակարճ ճանապարհը սոցիալական առողջապահության ներդրումն է: Այսինքն, նոր համակարգի ձևավորումը, եթե, իհարկե, մեր իշխանությունները հակված են այն ցանկությանը, որ առողջապահությունը ծառայի մարդուն: Սոցիալական առողջապահության համակարգի ձևավորման համար անհրաժեշտ է կարճ ժամանակամիջոցում ստեղծել համապատասխան հայեցակարգ և նոր օրենքներ` ընդունելով առողջապահական օրենսգիրք: Հարկ է վերանայել Առողջապահության նախարարության գործառույթները, հստակեցնել հիվանդանոցային, կլինիկական և բազմաբուժարանային ծառայությունները, լայն ճանապարհ բացել ընտանեկան բժշկության ինստիտուտի առջև: Այսինքն, ոչ թե տարբեր երկրներից վերցնել կիսատ-պռատ ինչ-որ սկզբունքներ, այլ ձևավորել միասնական և կուռ առողջապահական հայեցակարգ: Այդ ամենի համար տարիներ պետք չեն: Կարելի է դրան հասնել հաշվված ամիսների ընթացքում: 

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ