Կատուները վերադաս-ենթակա չեն հասկանում 


 

Բրիտանիայի վարչապետն ու ֆինանսների նախարարը, պարզվում է` կատու շատ են սիրում: Նրանք, իհարկե, միմյանց էլ շատ են հարգում, բայց նրանց ընտանի չորքոտանիները դա չեն հասկացել: Չեն գիտակցել նաև, որ վարչապետի պաշտոնավայրի մոտ ծեծկռտուք սարքելը լավ բան չէ ու… կռվել են իրար հետ: Իսկ նման տեսարանները նկարահանողները մի´շտ գտնվում են:

Օրերս Դաունինգ-սթրիթում որպես գլխավոր մկնորս ծառայող 5-ամյա Լարիին լուսանկարել են` նրա փափկամազիկ ցեղակից ու գործընկեր Ֆրեյայից ապտակ ստանալու պահին: Նույն Դաունինգ-սթրիթում, ուր տեղակայված է բրիտանական գանձապետարանի ղեկավարների գրասենյակը:

Լուսանկարվել է միայն ապտակի պահը, բայց կատվակռվին միջամտել են տարածքում հերթապահող ոստիկանները (գրել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը): Հետո էլ վարչապետի ներկայացու ցիչն է ստիպված եղել «բացատրել» կռվի պատճառը: Իսկ Քեմերոնի և Օսբորնի կատուների փոխհարաբերություններին վերաբերող հարցին հնչել է շա˜տ փիլիսոփայական պատասխան`

- Նրանք համագործակցում են:

Պարզվում է` անցած ամիս Քեմերոնի Լարին «հեռացվել» էր գլխավոր մկնորսի պաշտոնից. նրան փոխարինել Ֆրեյան: Պատճառը Լարիի ծուլությունն էր. նա ամբողջ 9 շաբաթ մուկ չէր որսացել…

Ի˜նչ ուղղամիտ են մարդիկ, չէ՞…