Ինչո՞ւ է դժվար հարստության հարկ ներդնելը 


 

Եվրոպական երկրներում շարունակվում են բանավեճերը` ունևոր քաղաքացիների համար լրացուցիչ հարկ ներդնելու վերաբերյալ: Բայց դրա առավելությունները կարծես` ավելի քիչ են, քան թերությունները (գրել է գերմանական Deutsche Welle-ն):

Օրինակ, մինչև 1997 թ. Գերմանիայում այդպիսի հարկ գոյություն ունեցել է: Սակայն Դաշնային սահմանադրական դատարանն այն համարել է երկրի հիմնական օրենքին հակասող: Հարկերը բոլոր քաղաքացիների համար համաչափ պետք է լինեն` վճռել է դատարանը: Բացի այդ, հարստության կոչված հարկը կրկնօրինակումն է որոշ հարկատեսակների (դիցուք` անշարժ գույքի): Եվ, ամենակարևորը` անհնարինության չափ դժվար է գնահատել ունեցվածքի արժեքը` տվյալ պահին: Սրան գումարած` մենք հո լավ գիտենք, թե հնարամիտ ունևորներն ինչ խնամքով կարող են թաքցնել իրենց ունեցվածքը: Կոնկրետ մեր երկրում հանկարծ կարող է այնպես ստացվել, որ միջին հնարավորությունների տերը մեկ էլ կիմանա, որ ինքը հարուստ է ու հարստության հարկ պետք է վճարել: Վկան` պարբերաբար հրապարակվող բարձր հարկ վճարողների ցանկը. հանրահռչակ քանի՞ օլիգարխիկ ձեռնարկություն ներ են պատսպարվում միջին ու ներքին հորիզոնականներում:

Ինչ վերաբերում է եվրոպական երկրներին, ապա դրանցում տարբեր մոդելներ են կիրառվում: Բելգիայում և Մեծ Բրիտանիայում հարստության հարկ երբևէ չի կիրառվել, բայց բրիտանացիները միշտ բարձր հարկ են վճարել հողի համար: Ու հիմա քննարկվում է այսպես կոչված «շքեղ առանձնատների», այսինքն` թանկարժեք սեփական տների հարկ ներդնելու խնդիրը:

Այս առումով հարուստ փորձ ունի թերևս միայն Ֆրանսիան: Մասնավոր սեփականության հարկն այստեղ գործում է 1982 թվականից, և այդ հարկատեսակից ստացվող պետության եկամուտը կազմում է 8,6 %: Իսկ Ամերիկայում գանձվող սեփականության հարկը կազմում է պետեկամուտների 12 %-ը:

Շատ երկրներում, ինչպես ասենք Ավստրիայում և Նիդեռլանդներում, հարստության հարկը ևս չեղյալ է համարվել` վերջին 20 տարիներին: Եվ Ֆրանսիայից բացի հիմա միայն Շվեյցարիան է հատուկ հարկեր գանձում հարուստներից: