Ադրբեջանի հերթականն ու «հանճարեղը» 


 

Թուրք-ադրբեջանական «մտքի տիտանները» հերթական «հանճարեղ» արտադրանքն են հրամցրել աշխարհին: Արդեն վաղուց որդեգրած լկտի ստի քաղաքականությանը հավատարիմ` այս անգամ էլ մեր քոչվոր հարևանները հանդգնել են հայալեզու «գլուխգործոց» ներկայացնել: Ֆանտաստիկայի ժանրին պատկանող այս ֆիլմն իրական փաստերը խեղաթյուրելու հավասարը չունենալով հանդերձ` հերթական նվերն է Ադրբեջանի մեծ եղբորը: Դե, մոտենում է Հայոց Ցեղասպանության հարյուրամյակը: Իսկ ոճրագործի բարդույթը հաղթահարելու ամենահեշտ տարբերակը սեփական մեղքը կոծկող հերթական կեղծիքը աշխարհի երեսին նետելն է: Ֆիլմի` «Իրական ճշմարտություն» հավակնոտ անվանումը կատարյալ պարադոքս է, քոչվորի որոճանք: Բայց, ինչ խոսք, ճշմարտության դեմ չմեղանչելու համար փաստենք, որ հարևան քոչվորները կարող են հպարտանալ իրենց հարուստ երևակայությամբ:

Ինչպես մեր մայրենիով իրենք են ներկայացնում` «գլուխգործոցի» մտահղացման հեղինակն ու «սպոնսորը» ոմն Ալի Փոլադ է:

Ցինիկության հասնող կեղծիքի, նենգափոխումների մի ամբողջ շարք է այս ֆիլմը, որտեղ հայերին ներկայացնում են իրենց կերպարանքով. իբր հայերն են ջարդել, հոշոտել ու բռնաբարել թուրքերին` դեռ դարասկզբին... Խե˜ղճ թուրքեր:

Ամենասկզբում լսում ենք հետևյալ ուշագրավ տողերը. «Կովկասյան լեռնաշղթան` իր խրոխտ գագաթներով, ականատեսն է եղել բազմաթիվ իրադարձությունների, դարեր շարունակ այստեղ մի ընտանիքի նման համերաշխ ժողովուրդներ էին ապրում: (Հետաքրքիր է` դարեր առաջ դուք ո՞ւր էիք-Հ. Գ.): Սակայն խառնակչության ու թշնամության շունչը դիպավ լեռներին»:

- Խառնակիչն էլ, իբր փաստորեն հայերն էին: Սակայն շարունակենք. պարզվում է` «2007-ին Ադրբեջանում կատարվող պեղումների ժամանակ պատահաբար հայտնաբերված զանգվածային գերեզմանոցը ժամանակակից ադրբեջանցի երիտասարդության մեջ որպես լույսի մի շող առկայծեց` պատմական ճշմարտությունն ընկալելու համար»: Ու այդ «ճշմարտութ յունն» ընկալելուց հետո ողբերգական նոտայով ներկայացնում են, թե ինչպիսի վայրագությունների են դիմել դաշնակցական ջոկատները 1918-ին` Բաքվում, ինչպես են սրախողխող արել մանուկներին, բռնաբարել կանաց ու աղջիկներին: Փաստորեն, երկար չտանջվելու, նոր սցենար ու տեսարաններ չհորինելու համար, պարզապես միտումնավոր դերերն են «շփոթել»:

Ֆիլմը հավանաբար առավել հավաստի դարձնելու նկրտումներով համեմել են այլազգի ներկայացուցիչ պատմաբաններ ներկայացողների հորինվածքներով: Վրաստանի պատմական գիտությունների դոկտոր Գուրամ Մարխուլիան հանճարեղ հայտարարություն է անում, ահավասիկ.

- Հայ պատմաբանները շփոթության մեջ են գցել ողջ աշխարհին: Իրականում հայերը Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի տարածքների հաշվին իրենց համար պետություն էին ուզում ստեղծել:

Եթե թուրք ու ադրբեջանցի ելուզակը դիմում է կեղծիքի, ինչ-որ տեղ հասկանալի է, բա ձեր գիտելիքները որտե՞ղ են, այլազգի´ պատմաբաններ: Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն այս առումով դիպուկ էր արտահայտվել`

- Վրաստա´ն, պատմաբաններ կրթիր, որ սուտ փաստերով չխոսեն:

Մեր Եկեղեցին ևս զերծ չի մնացել բարբարոսների վիրավորանքից. «Տարբեր պետությունների շահերին ծառայող Դաշնակը, Հնչակը և Ռամկավարը Թուրքիայում դիվերսիոն գործողություններ էին իրականացնում, իսկ նրանց միևնույն նպատակակետին ուղղողը նույնիսկ սատանայի ուժերին ծառայելու պատրաստ հայկական եկեղեցին էր»:

Կեղծիքը հասնում է գագաթնակետին, երբ ընթերցում են իբր 1917-ին Բայբուրտի հոսպիտալում աշխատած բուժքրոջ նամակը, ով ներկայացնում է, թե ինչպես է ավազակապետ Անդրանիկը մորթել հիվանդ մանուկներին, բռնաբարել կանանց ու աղջիկներին:

Ամենակուլմինացիոն պահը, սակայն, ֆիլմի ավարտն է, որտեղ ադրբեջանցի գրչակները, հանկարծ մոռանալով մեծ եղբորը, սկսում են խոսել սեփական ցավից: Բայց նախ լուրջ տոնով բարբաջում են մեր մայրաքաղաքի պատմության մասին: Մեկ անգամ ևս «հիշեցնում», որ Երևանը հնագույն ժամանակներից բնակեցված է եղել թրքական (հաստա´տ` նաև թրիքահոտ-Հ. Գ.) ցեղերով: Եվ այսօր էլ տարեց երևանցիները հիշում են` ինչպես էին քոչում տեղից տեղ, մինչև հաստատվեցին Երևանում: Դե, քոչվորն այլ կերպ չէր կարող մտածել:

Ապա նույն լրջությամբ պատմում են, թե դարեր շարունակ ուրիշի հողերի վրա աչք ունենալով` ինչպես ենք յուրացրել ադրբեջանական հողերը, վռնդել ադրբեջանցիներին, ավերել նրանց` դարերով ստեղծած մշակութային կառույցները, բռնագրավել Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը ու ամբողջ աշխարհի աչքի առաջ պետություն ստեղծել:

Թե Ադրբեջանն ի՞նչ կապ ունի դարերի հետ` ոչ ոք չի կարող ասել:

Մտքի այս թռիչքն աննախադեպ է. «Այսօր խորհրադարանի պատգամավորները շատ լավ գիտեն, որ իրենց բազկաթոռների տակ հին մանկական գերեզմանոց է եղել, իսկ ծառուղին, որտեղ քայլում են` ավերված մզկիթներ ու հուշարձաններ:

Այսօր իրենց մեղքը կոծկելու համար հայերը Ցեղասպանություն են փաթաթում աշխարհի վզին և մինչ օրս հավատարիմ են ավազակապետ Անդրանիկի խորհուրդներն` «Վառի´ր, քանդի´ր, տարածաշրջանը մաքրի´ր թուրքերից, մեր թիկունքում սարեր կան»»:

Բոլորիս վաղուց ծանոթ ձեռագիրն է: Ոմանց համար արդեն նույնիսկ` զավեշտալի:

Եվ ընդհանրապես, ֆիլմը ծայրեծայր զավեշտ է: Բայց... միայն մեզ համար և, թերևս, մարդկության այն փոքր հատվածի, ովքեր գիտեն իրական, ճշմարիտ պատմությունը:

Շուտով նշելու ենք Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցը: Եվ նման «անակնկալներ» դեռ լինելու են: Այս պարգայում մեծահոգի լինելը կամ արհամարհելը հարցի լուծում չեն: Հակազդող կտրուկ քայլերի անհրաժեշտությունը մեծ է: Սակայն, մեր համարժեք պատասխանը գոնե քարոզչական ճակատում դեռ ուշանում է... 

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ