ԱՂՔԱՏ ՄԱՐԴԻԿ ՊԱՇՏՈՆՆԵՐ ՉԵՆ ՍՏԱՆՈՒՄ 


 

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամներից շատերը, ինչպես պարզվում է, բավական ունևոր մարդիկ են, նրանցից ամեն մեկն ունի հովանավոր, նրանք ևս, ինչպես հանրային ցանկացած ծառայող, հայտարարագիր են ներկայացնում ունեցվածքի մասին: Եվ նայելով նրանց հայտարարագրերը, հանգում ես այն եզրակացության, որ ոմանք պարզապես «օդով են ապրել», փող չեն ծախսել, իսկ ոմանք էլ պաշտոնները ստանձնելու պահին արդեն նկատելի ունեցվածքի տեր են եղել: Դե, մեր երկրում կարծես ընդունված է, որ պաշտոններ ստանում են նրանք, ովքեր արդեն ունեն որոշակի հարստություն և դրամագլուխ:

Այսպես, այդ հանձնաժողովի նախագահ Էմիլ Բաբայանին առաջադրել է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահը: Հանձնաժողովի նախագահը մինչև այս պաշտոնը ստանձնելը եղել է արդարադատության նախարարի տեղակալ: 2011 թվականին Բաբայանը ստացել է երեք տարբեր աշխատավարձ` 2 մլն 741 հազար 187 դրամ, 910 հազար 333 և 247 հազար 300 դրամ: Իսկ տարեսկզբին նա ունեցել է 1 մլն 200 դրամ, որը տարեվերջին դարձել է 2 մլն 200 հազար դրամ:

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի առաջադրմամբ հանձնաժողովի անդամ դարձած Արեգ Շուշանյանն էլ այս պաշտոնը ստանալիս ունեցել է «Մերսեդես E320» և «Շկոդա Օկտավիա» մակնիշի երկու ավտոմեքենա, բնակարան, ավտոտնակ, հողամաս, 47 մլն 200 հազար դրամ, 48 հազար դոլար և 39 հազար եվրո: Հազիվ թե նման ունեցվածքի տեր երիտասարդ փոխնախագահը մտահոգվի կատարել իր ծառայողական պարտականություններն ու ուսումնասիրի բոլոր այն պետական պաշտոնյաների ունեցվածքը, ովքեր իր նման, երևի, ոսկե ձկնիկներ են բռնել կյանքում:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջադրմամբ հանձնաժողովի անդամ դարձած Լիլիթ Պետրոսյանը, պարզվում է, ոչինչ չունի` ո´չ բնակարան, ո´չ ավտոմեքենա, ո´չ հողամաս... Նրա ունեցածն ընդամենը 15 հազար 500 դոլար է եղել: ՀՀ վարչապետն էլ հանձնաժողովի անդամի պաշտոնին է առաջադրել Արմեն Խուդավերդյանին: Նա էլ համատեղ սեփականություն հանդիսացող երկու բնակարան ունի, երկու փոխառություն` 25 մլն դրամ և 50 հազար դոլար:

Գլխավոր դատախազի առաջարկությամբ հանձնաժողովի անդամ դարձած Արտակ Սարգսյանն էլ ունի 2010 թ. արտադրության «Հունդաի Սոնատա» մակնիշի ավտոմեքենա, 20 հազար դոլար արժեքով 40 տոկոս բաժնեմաս, իսկ հաշվեհամարում պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ առկա է եղել 13 մլն դրամ:

Փաստորեն, այս հանձնաժողովում ամենաաղքատը եղել է արդարադատության նախարարի նախկին տեղակալը, ով ապրել է բացառապես աշխատավարձով... 

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ