«ՀԵՏԱՔՐՔԻՐ» ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ 


 

Ժամանակից շուտ Գյումրու քաղաքապետի պաշտոնը ստանձնած Բալասանյան Սամվելն արդեն կատարել է նոր նշանակումներ: Նա դեռ երկու օր առաջ հայտարարել էր, թե պետք է ուսումնասիրվեն համայնքային աշխատողների անձնագրերը, ապա նոր կատարվեն ազատումներ: Սակայն քաղաքապետը, սեփական թիմն արագ իշխանության բերելու մտադրությամբ, ազատել է գրեթե բոլոր առանցքային պաշտոնյաներին և ստեղծել արենակցական-հարազատական քաղաքապետարան: Արդեն նշել ենք, որ դեռևս քաղաքապետի պաշտոնը չստանձնած` Բալասանյանը պաշտոնանկ էր արել քաղաքապետարանի մամլո խոսնակ Լիլիթ Աղեկյանին և նշանակել Զոհրաբ Եգանյանին: Առաջինը հրաժարականի դիմում ներկայացրած փոխքաղաքապետի` Կոմկուսի Գյումրու քաղկոմի առաջին քարտուղար Գագիկ Մանուկյանի փոխարեն, քաղաքապետի տեղակալ է նշանակվել Ռուբիկ Սանոյանը` Բալասանյանի քրոջ ամուսինը: Սանոյանը նախկինում եղել է Վ. Աճեմյանի անվան թատրոնի տնտեսվար, մշակույթի տան տնօրեն, գարեջրի գործարանի տնօրեն, ապա ՕԵԿ քվոտայով մի քանի ամիս եղել է փոխմարզպետ...

Հիմա լրագրողները զվարճանալու շատ առիթներ կունենան, որովհետև մտավոր սուղ ընդունակությունների տեր Սանոյան Ռուբիկը միշտ իր «զվարճալի» հայտարարություննե րով, «մասնագիտական» մտորումներով ստիպել է մարդկանց մի կերպ զսպել իրենց ծիծաղը` բարեկրթությունից ելնելով:

Թվում էր, թե մյուս փոխքաղաքապետ Ռուդիկ Հովհաննիսյանը պիտի շարունակեր պաշտոնավարումը, քանի որ նա ՕԵԿ անդամ է: Բայց Բալասանյանը դրժել է իր խոստումը. ԱԺ նախկին պատգամավոր, նախկին Մոսկովյան շրջանի գործկոմի նախագահին ազատել է փոխքաղաքապետի պաշտոնից և նրա փոխարեն նշանակել իր սանիկ Գուրգեն Մալխասյանին, ով Բալասանյանի նախընտրական շտաբում էր, եղել է ԱԺ-ում նրա օգնականը: Իր պաշտոնավարման առաջին օրը Բալասանյանը հայտարարել էր, թե բոլոր նրանք, ովքեր կկամենան շարունակել իրենց պաշտոնավարումները` կարող են հանգիստ լինել, ինքը որևէ մեկին չի ազատի աշխատանքից: Բայց ահա Ռուդիկ Հովհաննիսյանի պարագայում Բալասանյանը հավանաբար իր նկատառումներն է ունեցել և ջանացել է վրեժխնդիր լինել ՕԵԿ-ից` իրեն չսատարելու համար:

Վարդան Ղուկասյանի մտերմագույն ընկեր և Գյումրու ամենահարուստ մարդկանցից մեկը` Հովհաննես Գրքիկյանն այլևս բնակկոմունալ բաժնի պետը չէ: Նրա փոխարեն այս պաշտոնը քաղաքապետը տվել է Կնյազ Մանասյանին, ով տարբեր պաշտոններ է վարել քաղաքում, իսկ վերջին տարիներին ՕԵԿ անդամ էր:

Քաղաքաշինության բաժնի պետ Ռաֆիկ Հակոբջանյանին փոխարինել է Հրայր Կարապետյանը, ով Վարդան Ղուկասյանի օրոք ևս մի շրջան աշխատել էր այս պաշտոնում, սակայն նրա անվան հետ որոշակի «պատմություններ» կան կապված: Կրթության բաժնի պետ Հովհաննես Կարապետյանին էլ փոխարինել է Արմեն Նախշքարյանը: Ամենաեկամտաբեր պաշտոններից մեկը` եկամուտների հավաքագրման բաժնի պետի աթոռը բաժին է հասել Բալասանյանի նախկին օգնական Բադալյան Կարենին, ով գարեջրի գործարանից է սկսել Բալասանյանի հետ իր «համագործակցությունը»:

Ստացվում է, որ խախտելով համայնքային ծառայողների իրավունքները` Բալասանյանը մղվում է մի աշխատակազմի ձևավորման, ուր մեկը մյուսի հետ ունի արենակցական -հարազատական կապեր: Մեզ հետ նախօրեին ունեցած զրույցում ավագանու նորընտիր անդամ, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն ասաց, թե ավագանին ամեն ինչ անելու է, որպեսզի նշանակումները լինեն օրենքի սահմաններում, մրցութային կարգով` հաշվի առնելով առաջադրվողների մասնագիտական որակները: Սակայն հազիվ թե մեր գործընկերոջ ցանկություններն իրականություն դառնան, որովհետև ավագանու լիազորություններն ուժի մեջ են մտնում նոյեմբերի 12-ից, մինչդեռ Բալասանյանը շտապում է իր մտերիմներին ու հարազատներին ապահովել պաշտոններով հիմա, որպեսզի ավագանին հետագայում չկարողանա ընդդիմանալ այդ նշանակումներին:

Ավելացնենք ևս մի հանգամանք. պաշտոններ ստացած բոլոր անձինք նախկինում եղել են ՕԵԿ անդամ, ապա անդամագրվել են ԲՀԿ-ին: Ստացվում է, որ Գյումրու նոր քաղաքապետարանը կարող ենք կոչել նոր կուսակցափոխների աշխատակազմ: Ի դեպ, իր պաշտոնը կպահպանի միայն մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Արտաշես Կարապետյանը` Վարդան Ղուկասյանի կերուխումերի թամադան ու արտասանողը:

Լ.Մ.