«Երազանք»-ին աշեք… 


 

Մեր թերթի սեպտեմբերյան համարներից մեկում տպագրված «Բացահայտում` ՏԻՄ ընտրությունների նախօրյակին» հրապարակման մեջ անդրադարձել էինք Գյումրի քաղաքի Մարգրետ Թետչերի փողոցում գտնվող հյուրանոցային համալիրի ադմինիստրատորներ Արմենուհի Ա.-ի և Վարդանուշ Մ.-ի վարքուբարքին:

Սրանք ինը տարի շարունակ հյուրանոցային համալիրի սենյակներ էին տրամադրել մի շարք կանանց և միջնորդել սեռական հարաբերություն ունենալ հաճախորդների հետ: Հետո նաև ցանկություն-մաղթանք էինք հղել ապագա քաղաքապետին, ում անունը դեռևս հայտնի չէր` նշելով, թե լավ կլինի, որպեսզի Գյումրին օրինակելի և բարոյապես նախանձելի քաղաք դարձնելու նորընտիր քաղաքապետի երազանքն իրականացնելու ուղղությամբ ոստիկանների ձեռնարկումները շարունակվեն, և նորանոր բացահայտումներ արձանագրվեն:

Եվ ահա թարմ բացահայտում. օրերս ոստիկանության ծառայողները պարզել են, որ Գյումրի քաղաքի Մինաս Ավետիսյան փողոցի թիվ 2 հասցեում գործող «Երազանք» հյուրանոցառեստորանային համալիրի տնօրեն Աշոտ Ա.-ն զբաղվել է ոչ օրինական գործունեությամբ: Ինքնագլուխ կարգավորելով թվային արբանյակային ընդունիչը` շուրջ 8 տարի մալուխային փոխանցման եղանակով հյուրանոցի սենյակներում տեղադրված հեռուստացույցների միջոցով նա հեռարձակել է պոռնկագրական բնույթի «Հուստլեր-TV» հեռուստաալիքը` տարածելով այն բոլոր սենյակներում:

«Մաքրման և բարոյականության տարածման» աշխատանքները շարունակվում են: