Գրավատները տիրացել են հաճախորդների ոսկեղենին 


 

Մարդիկ, որպես կանոն, գրավատների օգնության են դիմում ճարահատյալ, անհետաձգելի գործերի համար շտապ գումար ձեռք բերելու անհրաժեշտությունից մղված:

Եվ անելանելի վիճակից դուրս գալու համար շատերը գրավատներին ի պահ են հանձնում անգամ իրենց ամենանվիրական զարդեղենը: Իհարկե` ժամանակավորապես: Պարզվում է, սակայն, որ որոշ գրավատներ զբաղվում են անմաքուր գործունեությամբ, մարդկանց ունեցվածքը բառացիորեն թալանելով:

Օրերս ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել մի քաղաքացուհի և հայտնել, որ 2011 թ. հուլիսին իր ոսկյա զարդերը գրավադրել է Երևանի Գարեգին Նժդեհ փողոցի 12 շենքի թիվ 60 հասցեում գտնվող «Մաստեր Կրեդիտ» գրավատանը, որի դիմաց ստացել է 220.000 դրամ: Ս/թ հոկտեմբերի 9-ին քաղաքացուհին ցանկացել է վճարել գրավը և հետ վերցնել իր ոսկյա զարդերը: Սակայն գրավատան աշխատակիցներն անհիմն պատճառաբանություններով հրաժարվել են դրանք վերադարձնել:

Համանման մեկ այլ դեպք էլ արձանագրվել է ոստիկանության Էրեբունու բաժնում:

Քաղաքացուհի Աննա Ղ.-ն ս/թ փետրվարի 4-ին «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» գրավատան հետ կնքել է վարկային պայմանագիր, որով գրավադրել է ադամանդյա երկու մատանի:

Մի քանի ամիս պարտաճանաչ վճարումները կատարելուց հետո կինը քայլերն ուղղել է հիշյալ ընկերություն` հետ ստանալու ադամանդյա մատանիները: Բայց ոչ միայն նրա օրինական զարդերը հետ չեն վերադարձրել, այլև պարզվել է, որ տնօրինությունը խաբեությամբ տիրացել է մատանիներին:

Այնպես որ` զգույշ եղեք խարդախ և խաբեբա հաստատություններից: