«ԲԱՐԻ» ԳՈՐԾԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ


Ընտրություններից առաջ քաղաքական ուժերը որքան չկամ ու անհանդուրժող են դառնում միմյանց հանդեպ, այնքան սիրառատ ու մարդասեր են ներկայանում ընտրազանգվածին: Այս առումով «բարեգործություն» կոչվածի հերթական նախընտրական բռնկման առաջին կայծերը երկրով մեկ արդեն նկատելի են, և առաջիկա ամիսները խոստանում են դրա նորանոր ու ավելի ընդգրկուն արտահայտչաձևերով առանձնանալ: Կարելի է արձանագրել, որ հայրենի քաղուժերն ավանդական գործելաոճից չեն պատրաստվում հրաժարվել, ու ամեն մեկն իր պատկերացումների ու հնարավորությունների սահմաններում փորձելու է ամենաբարեգործն ու ամենամարդասերը ներկայանալ: Այսուհանդերձ, ամենադյուրահավատ ու միամիտ ընտրողն անգամ վաղուց է համոզվել, թե ինչպես է ստացվում ու ինչն է պատճառը, որ ցանկացած քվեարկության հաջորդ իսկ օրվանից քաղուժեր-ընտրազանգված հարաբերություններում կողմերից առաջինի նախաձեռնությամբ ծայր առած «ջերմությունը» նույնքան արագ սառն անտարբերության է վերափոխվում: Ինչ խոսք, քվեի իրական տերն ընտրողն է համարվում: Սակայն հերթական անգամ կուսակցությունների նախընտրական սեթևեթանքներին ընդառաջ գնալու հիմնական պատճառը այդպես էլ չբարվոքվող սոցիալական պայմաններն են, երբ այսպես կոչված քաղաքական բարեգործություն կոչվածի կարիքը մարդիկ իսկապես ունեն: Այս իրողությունը մեկեն բարիացող ընտրական դերակատարները լավ են հասկանում, ուստիև միանգամայն արդարացված (՞) է նաև նրանց կամ գոնե քաղուժերի մեծ մասի հաշվարկը. վստահություն ու դրանով իսկ քվե շահել ոչ թե համապետական քվեարկություններին հաջորդող տարիների տքնաջան աշխատանքի, այլ քվեարկություն ներին նախորդող ամիսներին ընտրազանգվածին սիրաշահելու ճանապարհով` հաճախ հենց փողի միջոցով: Առանց այլևայլությունների ու բառացիորեն քվե գնելու գործելաոճը հատկապես մեծամասնական ընտրակարգով խորհրդարան սողոսկել ձգտողների համար է նախընտրելի: Ամեն դեպքում, դժվար է տարանջատել «բարեգործության» նշված տեսակները: Ի վերջո, եթե հանրության հանդեպ վերաբերմունքն այսպես թե այնպես անշահախնդիր չէ, ապա բացարձակապես միևնույն է, թե տարբերակներից ո՞րն է ընտրվում: Թե´ կուսակցությունները, թե´ մեծամասնականով առաջադրվողները կպնդեն, որ ընտրազանգվածի հանդեպ դրսևորվող իրենց բարեհաճությունն, ասենք, իրենց հայրենասիրա կան մղումներով է պայմանավորված, ու որևէ օրենք չի արգելում ժողովրդի հանդեպ սերը նաև նյութական «մասհանումով» արտահայտել: Ու թերևս քչերը տեղյակ կլինեն, որ մեր Սահմանադրությունը, ինչպես ասում են, «մի թեթև անդրադառնում է» նաև նախընտրական բարեգործությունների թեմային` արգելելով միայն քվեարկությանը նախորդող վերջին երեք օրերին նման միջոցառումներ կազմակերպել: Իհարկե, ամեն ինչ այնպես կարելի է կազմակերպել, որ ոչ օրենքը խախտվի, ոչ էլ կուսակցական-ընտրական շահը տուժի: Մանավանդ, որ պատգամավորներն ու քաղուժերը շատ հաճախ այնքան էլ չեն կարևորում «բարեգործության» հրապարակային կողմը` մտածելով, որ կարևորը հայտնի միջոցներով քվեարկության օրն իրենց հաշվարկներն իրականացված տեսնելն է: Մինչդեռ «Ընտրական օրենսգրքի» շարունակական բարեփոխումներն ավելի հստակ պետք է անդրադառնային այս հարցին` նման ձեռնարկները հստակ ու որոշակիորեն արգելելով` դիցուք, ընտրություններին նախորդող 3-4 ամիսների ընթացքում: Եթե ավելի հետևողական կառույց չգտնվեր, ապա լրատվամիջոցները հաստա´տ ամբողջ նախընտրական շրջանում հոժարակամորեն կներկայացնեին նման բոլոր իրավախախտումները: Ու այս պարագայում չափազանց հետաքրքիր կդառնար, թե արդյոք ընտրազանգված-ընտրակաշառք կապի խզումից հետո հայրենի կուսակցությունների մտքով էլի կանցնե՞ր հանրային օգտաշահ ձեռնարկներ կազմակերպել: Հազիվ թե: