«ԺԱՄԱՆԱԿԸ պետք է իմաստնացնի նաև քաղգործիչներին»


Այսօր դեռ վաղ է խոսել պաշտոնական նախընտրական ժամանակահատվածի մասին, սակայն ներքաղաքական կյանքում այդ ժամանակահատվածին բնորոշ քաղաքական վերադասավորումներ արդեն նկատելի են: Այդ վերադասավորումների, հանրապետության ներքաղաքական զարգացումների վրա դրանց հնարավոր ազդեցություն ների մասին է զրույցը` ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀԱԿ- իշխանություն առկախված երկխոսությունում կոալիցիայի աշխատանքային խմբի ՀՀԿ-ական անդամ Գագիկ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ: - Ընդամենը մի քանի օր առաջ Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը հայտարարեց ՀԱԿ-ին միանալու որոշման մասին: Հաշվի առնելով այն, որ Տ.Կարապետյանը ոչ վաղ անցյալում ցանկացած առիթով մեղադրում էր Տեր-Պետրոսյանին` կեղծ ընդդիմություն լինելու մեջ, իսկ հիմա պատրաստ է միանալ նրան, կարելի՞ է ենթադրել. որ այնուամենայնիվ ՀԱԿ-ին կարծես այսօր հաջողվում է իր շուրջը համախմբել ընդդիմադիր դաշտը կամ թեկուզ նրա մեծ մասին: Այս հանգամանքն արդյո՞ք լուրջ դժվարություններ չի ստեղծի իշխանության համար առաջիկա ընտրություններում: - Ես չեմ կարծում, որ վերջին երկու-երեք ամիսների ընթացքում առկա ներքաղաքական զարգացումները կհանգեցնեն ՀԱԿ-ի շուրջ ընդդիմության համախմբմանը: Որովհետև այս ընթացքում պարզ դարձավ, որ ՀԱԿ-ի գործունեությունը կոնստրուկտիվ չի: Չեմ կարծում, որ ընդդիմության ուժերը կգնան դեպի դեստրուկտիվ գործունեություն, կարծում եմ` ընդդիմությունը հակված կլինի կոնստրուկտիվ գործողությունների: Մենք ասում էինք, որ երկրում եղած խնդիրները լուծելու ամենանպատակահարմար ճանապարհը երկխոսությունն է: Տարիների ընթացքում մեզ հաջողվեց ՀԱԿ-ի մեր գործընկերներին համոզել այդ ճանապարհի արդյունավետության մեջ: Երբ մենք սկսեցինք քննարկումները, և եկավ մեր փաստարկների ներկայացման ժամանակը, ես ենթադրում եմ, որ իրենց համար ակնհայտ դարձավ, թե ինչով է դա ավարտվելու. ավարտվելու էր նրանով, որ ՀԱԿ-ին աջակցող հասարակության լայն շերտեր կհասկանային, որ արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների մասին ՀԱԿ-ի պահանջների հիմքերը սին են, չկան այդպիսի հիմքեր: Եվ իրենք դիմեցին իսկապես ապակառուցողական քայլի. մտացածին պատրվակով առկախեցին երկխոսությունը: Երբ սկսեցին նստացույցի գործընթացը, առավել քան համոզված եմ` մտածում էին, թե իրենց շարքերը շատ ավելի կստվարանան: Կյանքը ցույց տվեց, որ համախմբման այդպիսի շարժում չստեղծվեց: Եվ դրա պատճառն, ինձ թվում է այն է, որ իրենց քայլերն ապակառուցողական են: Իսկ ժողովուրդն իր բոլոր հատվածներով` և ընդդիմությանը համակրող, և իշխանությանը համակրող, և ընդհանրապես որևէ քաղաքական ուժի չհամակրող, իմաստնանում է: Քաղաքական ուժերը պետք է հաշվի առնեն, որ մեր հասարակության տարբեր խավեր այլևս այն չեն, ինչ եղել են երեկ և ավելի ուշադիր են քաղաքական ուժի կողմից հռչակված սկզբունքներին ու այդ սկզբունքներին հետևելու գործելաոճին: Այս առումով, ես ավելի քան համոզված եմ, որ համախմբում ՀԱԿ-ի շուրջ առաջիկա խորհրդարանա կան ընտրություններից առաջ դժվար թե տեղի ունենա: Միգուցե տեղի ունենա հակառակը: Միգուցե ՀԱԿ-ում գտնվող քաղաքական ուժերը հարկ համարեն վերագնահատել իրենց դիրքորոշումը: Ես ենթադրում եմ, որ նրանց մեջ էլ կլինեն մարդիկ, խմբեր, ուժեր, որոնք երկխոսությունը, որպես ներքաղաքական խնդիրների պարզաբանման և լուծման գործիք, կգնահատեն ավելի առաջադիմական ու ավելի տրամաբանական: - Բոլոր դեպքերում, թույլ տվեք նկատել, որ Տեր-Պետրոսյանի ելույթների պահին հանրահավաքում ներկաների թիվը գրեթե կրկնապատկվում է: Սա չի՞ վկայում արդյոք, որ Տեր-Պետրոսյանը խարիզմատիկ մարդ է: - Այո, իհարկե: Պարոն Տեր-Պետրոսյանն ունի այդ անուրանալի ունակությունը` կլանելու ունկնդիրներին իր խոսքով: Եվ սա որևէ մեկը երբեք չի կարող անտեսել: Սակայն, այդուհանդերձ, այդ հանգամանքը չի կարող իրենով փոխարինել այն իրողությունները, որոնք այսօր առկա են հանրության մեջ: - Վերջերս քաղաքագետներից մեկը նկատեց, որ այս քսան տարիների ընթացքում քաղաքական բոլոր գործիչները սառը ցնցուղների տեսքով այնպես են քաղաքականապես կրթել մեր ժողովրդին, որ նրան խաբելն արդեն շատ դժվար կլինի: - Ես իհարկե համաձայն եմ, որ ժողովուրդը ժամանակի ընթացքում հարստացնում է իր գիտելիքները` տեսնելով, նաև ցավոք, իր մաշկի վրա զգալով: Բայց ես չեմ կարող մեր անցածը համեմատել այն ճանապարհի հետ, որն անցել է վրացական կամ ադրբեջանական հանրությունը: Մեր հանրությունը, փառք Աստծո, և դա մեր բոլոր քաղաքական ուժերի շնորհքն է, շատ ավելի մեղմ դաստիարակչական ճանապարհ է անցել: Իհարկե, շատ ավելի լավ կլիներ, որպեսզի մեզանում ընդհանրապես ցնցումներ չլինեին: Եվ ես կիսում եմ Ձեր հիշատակած` քաղաքագետի նկատառումը. ժամանակն իմաստնացնում է ժողովրդին, ժամանակը պետք է իմաստնացնի նաև քաղաքական գործիչներին: Այնուամենայնիվ, այն փաստը, որ ՀԱԿ-ի մեր գործընկերները խուսափեցին քննարկելու արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման հիմքերը, չափազանց մեծ հարված է նրանց հեղինակությանը: Այդ հարցի տրամաբանական պատասխանը ցանկացած քաղաքացի պետք է ստանա. դուք հռչակել էիք երկու կարևորագույն խնդիր, դուք երեք հանդիպում չէի՞ք կարող համբերել, որպեսզի այդ ընթացքում ձեր ընդդիմախոսները ներկայացնեին իրենց հիմնավորումները և մասնագետների միջոցով դրվագ առ դրվագ քննարկեին` արդյոք դուք ունեի՞ք այնպիսի հիմքեր, որոնք ձեզ թույլ էին տալիս հռչակելու արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անհրաժեշտությունը: Ես չեմ կարծում, որ այն ողջամիտ քաղաքական ուժերը, որոնք պետք է հավաքվեն ՀԱԿ-ի շուրջը, այս հարցը քննարկման առարկա չեն դարձնի: -Այսօր ակնառու է, որ ԱԺՄ-ն ջանքեր է գործադրում վերամիավորվելու: Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ներքաղաքական զարգացումներում ԱԺՄ-ի վերակազմավորումը: - Կարծում եմ` պետք է որոշ ժամանակ սպասենք, մինչև իրողությունները կհասնեն այն մակարդակին, երբ կարելի կլինի քիչ թե շատ ճշմարտանման կանխատեսումներ կատարել: Քաղաքական գործընթացները բավական բարդ են, ունեն իրենց տրամաբանությունը: ԱԺՄ-ն ժամանակին եղել է բավական հզոր կառույց , այնտեղ եղել են անհատական բարձր կշիռ ունեցող քաղաքական գործիչներ: Եթե ԱԺՄ-ին հաջողվի վերականգնվել ու վերագտնել իր ազդեցությունը քաղաքական դաշտում, ապա իհարկե լուրջ ասելիք կունենա: Բայց կրկնում եմ` այսօր այդ գործընթացը դեռևս այն մակարդակում չէ, որ մեր կանխատեսումնեը քիչ թե շատ հիմնավոր լինեն: - Իմ հաջորդ հարցը հետաքրքրում է քաղաքականության ոլորտը լուսաբանող գրեթե բոլոր լրագրողներին: Խոսքը ԲՀԿ-ի մասին է: Այս կուսակցությունը քանիցս պնդել է, որ ինքը խորհրդարանական ընտրություններին ինքնուրույն կմասնակցի, չնայած` կա կոալիցիայի հռչակագիրը: - Հռչակագիրն այդքան հստակ չէր կանխորոշում խորհրդարանական ընտրություններին առանձին կամ միասին գնալու խնդիրները: Եվ կարծում եմ` ցանկացած կուսակցություն ազատ է խորհրդարանական ընտրություններին միայնակ, թե դաշինքով մասնակցելու ընտրության հարցում: - Այդ նույն համատեքստում այս օրերին գոնե լրագրողական շրջանակներում հաճախ է քննարկվում Ռոբերտ Քոչարյանի վերադարձին առնչվող խնդիրները: Ենթադրվում է, որ Քոչարյանը ԲՀԿ-ի միջոցով ցանկանում է ստեղծել երրորդ ուժ և այդպես մտնել խորհրդարան: - Այդ եզրահանգումները բավարար հիմք չունեն, որովհետև մենք պարոն Քոչարյանի խոսքերից պետք է եզրահանգումներ կատարենք, իսկ ինքը դեռ չի կողմնորոշվել` կվերադառնա՞, թե՞ չի վերադառնա քաղաքականություն: Իսկ եթե վերադառնա քաղաքական ակտիվ գործունեության, ինչպիսի՞ գործելաոճ կնախընտրի: Դրա մասին այսօր վաղ է խոսել: - Շնորհակալ եմ անկեղծ զրույցի համար:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ