Շարունակվող քննարկումներ


Նիկոլա Սարկոզիի` հարավկովկասյան երկրներ կատարած այցից հետո արդեն որոշակի ժամանակ է անցել, սակայն թե´ արևմտյան, թե´ ադրբեջանական լրատվամի ջոցները շարունակում են քննարկել այցերը, տալ գնահատականներ, վերլուծել Ֆրանսիայի նախագահի արտահայտած որոշ մտքեր: Նման ուշադրությունը պատահական չէ, քանզի տարածաշրջանային այց էր կատարել Եվրոպայի խոշորագույն երկրի ղեկավարը: Այն երկրի, որն այսօր ութնյակի անդամ լինելով` ինքն է թելադրում եվրոպական քաղաքականության հիմնադրույթները, ձևավորում է տրամադրություններ, պատնեշում մի շարք որոշումներ, որոնք կարող են էական վտանգ ներկայացնել Եվրոպայի համար: «Պարո´ն Նախագահ, Իմ պետական այցից նախևառաջ մնացել է այն խորը հուզմունքի զգացումը, որն ապրեցի Ցեղասպանության հուշահամալիրի մոտ` 1915 թ. ապրիլի 24-ին Ձեր ժողովրդի դեմ իրագործված մահավճռի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելիս: Վստահ եղեք, որ Ֆրանսիան չի դադարեցնի իր հանձնառությունն այնքան ժամանակ, քանի դեռ այդ ջարդերը հարկ եղածին պես չեն ճանաչվել իրականացնողների ժառանգների կողմից: Ես երջանիկ եմ, որ այցն ինձ հնարավորություն ընձեռեց հայ ժողովրդին վկայելու Ֆրանսիայի անկեղծ երախտագիտությունն այն ամենի համար, ինչը մեր երկրում ապաստան գտած Ցեղասպանությունից մազապուրծ եղածները տվել են Ֆրանսիային` նպաստելով Ֆրանսիայի դիմագծի կերտմանը` մինչևիսկ միաձուլվելով նրան: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հղած նամակից ԱՎԵԼԻՆ` Սարկոզին իր այցերը կատարում էր նախընտրական շրջանում, իսկ սա նշանակում է, որ դրանց ընթացքում նա պիտի ներկայացներ այն մոտեցումները, որոնք նախագահության շրջանում կարող են դառնալ քաղաքական համագործակցության առաջնություններ: Հատկապես Հայաստան կատարած նրա այցն է հայտնվել արևմտյան և ադրբեջանական վերլուծաբանների ուշադրության կենտրոնում, որովհետև Ֆրանսիան Եվրոպայում ունի ամենամեծ հայկական բնակչությունը. այստեղ 500 հազարից ավելի հայ է ապրում, որոնցից շատերն արդեն կարող են դիտարկվել որպես բնիկներ: «Հայկական հարցի» հանդեպ Սարկոզիի ունեցած վերաբերմունքով է պայմանավորված դիրքորոշումը Թուրքիայի հանդեպ: Իսկ Սարկոզին հատկապես իր կառավարման շրջանում դրսևորեց հստակ քաղաքականություն, ամեն ինչ արեց, որպեսզի Թուրքիան չդառնա Եվրամիության անդամ` այսպիսով վտանգելով հին աշխարհամասի ապագան: Երբեմն կուլ գնալով որոշ համաձայնությունների, նա կանխեց Ցեղասպանության ժխտման քրեականացմանը վերաբերող օրենքի ընդունումը, կատարեց Միացյալ Նահանգների մի շարք «առաջադրանքներ»` Թուրքիայի հետ վարվող քաղաքականության մեջ «մեղմացնող» հնչերանգներ ապահովելու համար, սակայն, ընդհանուր առմամբ, Նիկոլյա Սարկոզին դարձավ եվրոպական այն միակ առաջնորդը, ով հստակորեն ձևակերպեց Թուրքիա-Եվրոպա հարաբերությունները և հրամայական դարձրեց Թուրքիայի ժողովրդավարացման պահանջը: Այս այցի հանդեպ ադրբեջանցիների համակ ուշադրությունն ունի իր պատճառաբանությունները: Անտարակույս, այս խորապատկերին չպետք է անուշադրության մատնել Հայաստանում Ֆրանսիայի նախագահի արտասանած խոսքը, որը բաց տեքստով Թուրքիային և Ադրբեջանին հղված հորդոր էր, նաև` պահանջ: Համանախագահող երկրներից մեկի նախագահի հստակ արտահայտված դիրքորոշումը, ապա կարճատև հանդիպումը Բաքվում` վկայությունն են, որ հանձին Ֆրանսիայի (որը վերջին շրջանում պասիվ դիրք էր գրավել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում) այսօր արդեն ԼՂՀ-ն ունի բարեկամ մի երկիր, որը երբեք չի գնա այնպիսի հանգուցալուծման, ինչը կլինի ի վնաս Արցախի: Որքան էլ Սարկոզիի ելույթներում կարծես բացակայում էր Ղարաբաղյան խնդրի համակողմանի քննարկումը, այնուամենայնիվ, ադրբեջանցիներն իսկական ցայտնոտի մեջ են: Նրանք իրենց երկիր նրա այցը որակել են իբրև ցուցադրաբար նվաստացում Ադրբեջանին: Ինչպես հայտնի է, Ֆրանսիայի նախագահը Բաքվում մնացել է ընդամենը 2.5 ժամ, որը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, իրենց երկիր կատարված պաշտոնական այցերից ամենակարճաժամկետն է: Սարկոզին այդ ժամանակահատվածում առանձնազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ, նրա կնոջը` Մեհրիբան Ալիևային է հանձնել «Պատվո լեգեոն» շքանշան: Այնուհետև ճաշել է Ալիևի հետ, մասնակցել ֆրանսիական դպրոցի բացման արարողությանը և հեռացել: - Եվ դա այն դեպքում, երբ Սարկոզին գրեթե մեկ օր է անցկացրել Երևանում, այցելել է Ցեղասպանության զոհերի հուշարձան և հնչեղ հայտարարություն արել Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ,- գրում են ադրբեջանական լրատվամիջոցները: Ադրբեջանցիներին հատկապես վրդովվեցրել է փաստը, որ Երևանում Ֆրանսիայի նախագահը խոսել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման, ինչպես նաև այն մեծ սիրո մասին, որը ֆրանսիացիները տածում են Հայաստանի նկատմամբ: - Մի խոսքով, նմանատիպ պահվածքով Սարկոզին ցուցադրաբար նվաստացրեց Ադրբեջանին,- եզրահանգում է ադրբեջանական մամուլը` բնականաբար ներկայացնելով պաշտոնական Բաքվի տեսակետը: Ադրբեջանական իշխանություններն, իհարկե, միամիտ չեն և գիտակցում են, որ Ֆրանսիայի կեցվածքն ու դիրքորոշումը դեռևս չեն կարող վճռորոշ լինել, որովհետև թե´ պաշտոնական Վաշինգտոնը, թե´ Մոսկվան հենց այն օղակներն են, որոնց համար գոյություն չունեն իրավական սկզբունքներ, կոնվենցիաներ. նրանք առաջնորդվում են սեփական շահերով, սեփական խնդիրների գերակայություններով: Այսօր արդեն հայտնի է, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը մոտ օրերս ժամանում է Բաքու` իր հետ բերելով նոր առաջարկություններ: Ըստ տեղեկությունների` այդ առաջարկությունները վեցն են: Բազմաթիվ անգամներ հայկական կողմը հայտարարել է, որ իր համար գոյություն չունեն այնպիսի սկզբունքներ, որոնք վեր լինեն ազգերի ինքնորոշման սկզբունքից: Հետևաբար, ցանկացած առաջարկություն պետք է պարունակի այս դրույթը: Օրերս Բաքվից հայտարարություններ հնչեցին, թե իբր Հայաստանի բանակը 34 տոկոսով գերազանցում է ադրբեջանական բանակին, ինչն էլ նշանակում է, որ Հայաստանը խախտել է բանակի և սպառազինությունների մասին միջազգային պարտավորությունները: Ոչ մի հայտարարություն պատահական չի արվում, Բաքուն էլ իր որոշ հայտարարություններ անպայմանորեն համաձայնեցնում է իր մի շարք ռազմավարական գործընկերների հետ, որոնցից մեկն էլ Ռուսաստանն է: Այս հայտարարությունը կարող է պարունակել մի այնպիսի ենթատեքստ, որի մասին վերջերս բացահայտ խոսակցություններ եղել են: Խնդիրը վերաբերում է տարածաշրջանում այսպես կոչված խաղաղարար ուժերի տեղակայմանը, ինչին հավակնում է Ռուսաստանը: Ռուսական ուժերի տեղակայման դեպքում չի բացառվում, որ Թուրքիան, որպես Մինսկի խմբի անդամ երկիր, նույնպես ցանկություն հայտնի մասնակցել խաղաղարար գործողություներին, ինչն էլ կմեծացնի լարվածութ յունը տարածաշրջանում, ոտքի կհանի Իրանին, որը երբեք թույլ չի տա, որ իր սահմանի մոտ հայտնվեն թուրքական զորքեր: Մինչդեռ Թուրքիայի ռազմավարական գործընկեր ԱՄՆ-ի համար հենց այս տարբերակն է ձեռնտու, որպեսզի վերահսկողություն սահմանի այստեղ: Հայաստանում ևս քաղաքագիտական շրջանակները Ֆրանսիայի նախագահի այցից առանձնակի ոգևորություն չեն ապրում հատկապես ԼՂ կարգավորման առումով: Հայ քաղաքագետ Երվանդ Բոզոյանի դիտարկմամբ` չնայած ակնհայտ էր, որ - Ադրբեջանում Սարկոզիի վերաբերմունքը ֆորմալ էր, ասիմետրիկ, սակայն դրանից մեծ սպասելիքներ պետք չէ ունենալ: Ֆրանսիացիները ԼՂ խնդրի լուծման առումով մեծ ջանքեր չեն գործադրի, և չարժե նորությունների սպասել: ԼՂ բանակցային գործընթացի անցած փորձը ցույց է տալիս, որ արագ լուծում չի լինելու` անկախ ամեն ինչից: ANS-ի տեղեկացմամբ` Բաքվում Սարկոզին մամուլի համար որևէ հայտարարություն չի արել: - Հակառակ այն բանին, որ Նիկոլյա Սարկոզիից առաջ խոսեց Իլհամ Ալիևը, որի ելույթի մեծ մասը նվիրված էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, որքան էլ տարօրինակ է, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր հանդիսացող Ֆրանսիայի նախագահն իր ելույթներում բառ անգամ չասաց ԼՂ հիմնախնդրի մասին,- նշում է ANS-ը: Մինչդեռ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի` մամուլում հնչեցրած կարծիքով, Ֆրանսիան մեծ խաղացող է աշխարհաքաղաքական հարթությու նում, և նման հայտարարություններն արդեն հայկական արտաքին քաղաքականության հաջողություն կարելի է համարել: - Դա ճեղք է դեպի Արևմուտք,- նշել է դեսպանը: Արման Նավասարդյանը նաև այն հարցի պատասխանն է տվել, որը հետաքրքրում և անհանգստացնում է հատկապես ադրբեջանական հանրությանը. այդ հարցը վերաբերում է հակամարտող երկրներում արված հայտարարությունների տարբերությանը. - Սիմետրիկ չէր էլ կարող լինել, որովհետև ֆրանսիացիների մեջ նստած է հայկականության սինդրոմը: Ֆրանսիացին չի կարող ադրբեջանցու հետ վարվել այնպես, ինչպես հայի հետ, դա զուտ մարդկային ֆակտորն էր խոսում: Ուրիշ բան, որ կան աշխարհաքաղաքական խնդիրներ, որոնք չի կարող շրջանցել:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ