1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ


Թեև նոր խորհրդարանի ընտրությանը դեռ բավական ժամանակ կա, բայց շատերն արդեն ջանք ու եռանդ չեն խնայում` ամեն գնով ԱԺ¬ում հայտնվելու համար: Ակնհայտ է, որ հատկապես նրանք են ակտիվ, ովքեր, ինչպես ասում են, պատգամավորական մանդատի համն արդեն մեկ անգամ զգացել են ու համոզվել, որ խորհրդարանականի ամենազոր մանդատի առջև փակ դռներ չկան: Եվ ահա մինչ կուլիսներում վիճում են, թե, օրինակ, «Ալրաղացի Լյովը» կառաջադրվի՞ արդյոք, համապատասխան աջակցութ յուն կստանա՞, թե տարբեր սկանդալային պատմությունների էպիկենտրոնում հայտնվելու պատճառով արդեն վերջնականապես հիասթափեցրել է իր շրջապատին, պնդողներ կան, որ նա սուս ու փուս շարունակում է սեփական բիզնեսի հարցերը լուծել: Չգիտես ինչո՞ւ` մեզանում ընդունված է, որ օլիգարխի կարգավիճակ ունեցող ցանկացած անձի ունեցվածքի անբաժան մաս լինի ռեստորանային-հյուրանոցային համալիրը: Այն, ինչպես ասում են, պարտադիր բիզնեսներից է: Իսկ Լևոն Սարգսյանն էլ, չգրված օրինաչափությունից չշեղվելով, Սևանի ափին նման մի հաստատություն ունի: 20 հեկտար տարածք զբաղեցնող հյուրանոց-ռեստորանը վերջերս է բացվել, ու թվում էր, թե համալրելու է այն շքեղ ու թանկարժեք հաստատությունների շարքը, որոնցից մեր ժամանակներում ամենուր կան... Համալրելը միգուցե համալրել է, բայց «Ախթամարի» բացումից արդեն քիչ ժամանակ չի անցել, իսկ Լևոն Սարգսյանի անունը ոչ թե վճարված հարկերով կամ, ասենք, բարձրակարգ ծառայություններ մատուցելու առումով է շոշափվում, այլ մանդատի ու մյուս հնարավորությունների շնորհիվ ստացած հերթական արտոնության: Օլիգարխին պատկանող ընկերությունը բացառիկ մաքսային արտոնություն է ստացել: Դեռ երկու տարի առաջ գործադիրի ընդունած որոշումը` արտադրություն հիմնել նախատեսող ընկերություններին մաքսային զիջումներ կատարելու մասին (երբ ԱԱՀ¬ի վճարումը 3 տարով հետաձգվում է), իսկը Լևոն Սարգսյանի սրտով է: Ու նա արդեն երկրորդ անգամ է օգտվում դրանից: Այլ հարց է, որ նման հնարավորության գործադրումը կապ չունի և չի էլ կարող ունենալ ռեստորանահյուրանոցային համալիրի հետ: Հայտնի է, որ նման հաստատություններն առավելագույնը տարբեր ուտեստներ են պատրաստում, իսկ համեղ սննդատեսակներ մատուցելը, որքան էլ ուզենք` չենք կարող արտադրություն համարել: Այսինքն, որպես գործարար, այս պարագայում մաքսային արտոնությունից օգտվելու իրավունք չունի: Որպես պատգամավոր էլ չունի, բայց ամենազոր մանդատը... Ահա թե ինչու մեզանում այդքան կարևորվում է մանդատն անսասան պահելու խնդիրը, ինչն էլ արտոնյալ դարձած մեր երեսփոխաններին նման բացառիկ հնարավորութ յուններ է տալիս: