Հյուրասրահ ԳՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԳԱՆՔ


2008-ի մարտիմեկյան ողբերգական իրադարձություններից հետո արձակագիր և թատերագիր Նելլի ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ գրեց. «Որդեկորույս մայրերը, այրիացած կանայք և որբացած երեխաները անամոք վշտով սգում են սիրելի որդիների, ամուսինների և հայրերի անդառնալի կորուստը: Այս կորուստը նաև մերն է, և սգակիր ենք բոլորս ազգովի: Նրանք` մարտիմեկյան անմեղ զոհերը, գնացին ճշմարտություն, արդարություն և ազատություն որոնելու` նման այն հավատավոր խենթերին, ովքեր Բինգյոլի ձյունապատ ու ամպոտ գագաթին որոնում էին բրաբիոն ծաղիկը` որպես երջանկության առհավատչյա... Գնացին և չվերադարձան... Չվերադարձան, բայց նրանց վերադարձը խոչընդոտողները ազատության ոգին չկարողացան սպանել, չեն կարող սպանել: Կան և միշտ գտնվելու են նորանոր հուսավառ խենթեր, ովքեր անդադար ձգտելու են ազատության, և գտնելու ենք երջանկաբեր բրաբիոն ծաղիկը, քանզի այս անգամ փնտրողը ժողովուրդն է»: Գրողի և մտավորականի մտահոգությունն ու ցավը մեծ էր, մեծ էր տագնապը: Նրա ողջ ստեղծագործությունն է լցված տագնապներով, անհանգստություններով, նաև` սիրով: - Մաթևոսյանական և հետմաթևոսյանական գրականության մեջ դու այն եզակի գրողներից ես, ով վերադառնում է դեպի մեր փոքրիկ, գավառական բնակավայրերը, պեղում-հայտնաբերում «փոքր» մարդկանց, ներկայացնում նրանց մեծ ողբերգությունները: Դա գրական նախասիրությո՞ւն է, թե՞ արտահայտությունն է այն իրողության, որ երկար ժամանակ ապրելով Լոռիում, Վանաձորում` դու լավ գիտես «վարագուրված» իրականության հերոսներին: - Ե´վ մեկը, և´ մյուսը: Այո´, ես երկար ժամանակ ապրել եմ իմ ծննդավայր Լոռիում, հետո խարիսխ նետել Վանաձորում, իսկ տասնհինգ տարուց ավելի ապրում եմ Երևանում: Քո ասած «վարագուրված իրականության» մեջ իսկապես կան եզակի մարդկային ճակատագրեր, բացառիկ տիպեր ու կերպարներ, որոնք նման չեն մեծ քաղաքում ապրողներին, որոնք իրենց զարմանալի-ողբերգական զգացողություններն ունեն: Փոքրիկ բնակավայրերում ապրող մարդիկ ուրիշ են, ուրիշ են նրանց ու աշխարհի հետ փոխհարաբերութ յունների խնդիրները: Չեխովյան զարմանալի տիպեր, ովքեր գավառական զարմացումի ու հիացումի, տխրության ու ողբերգությունների մեջ մի զարմանալի արիստոկրատիզմ ունեն պահած: Գավառական արիստոկրատիզմ : Իմ հերոսներից շատերը նրանք են, ես նրանց եմ բերել գրականություն: Հրանտ Մաթևոսյանի գրականությունը շատ թանկ ու հարազատ է ինձ, թանկ է Հրանտի կերպարը, նա իմ առաջին գրքի խմբագիրն է եղել, սակայն ես չեմ ձգտել պատճենել նրա հերոսներին, նորից գրականություն բերել մաթևոսյանական տիպերին: Իմ հերոսները հիմնականում քաղաքաբնակ մարդիկ են` իրենց մեջ պահած-ամբարած գյուղը, գյուղականը: Հետաքրքիր զուգակցում է սա, գյուղի ու քաղաքի խաչմերուկներում կանգնած մարդկանց հավաքականությունն է: - Այս պարադոքսալ զուգակցումի մեջ էլ դու պատկերում ես քո հերոսների սերը: Զարմանալ կարելի է, թե ինչպես ես կարողանում գրականություն բերել արդեն տարիքն առած մարդկանց սերը` դրա մեջ դնելով ապշեցուցիչ քնարականություն: Ինչպե՞ս է դա հաջողվում: - Ցանկացած գրող, բնականաբար` ես նույնպես, ճիգ չեմ թափում սեր պատկերելու համար: Խնդիր չեմ դնում իմ առջև գրել պատմություն սիրո մասին: Ես գրում եմ մարդկանց մասին, պատկերում եմ նրանց ապրումները, նրանց ճակատագրերի մեջ մխրճվող իրադարձությունները, որոնք երբեմն շրջադարձային են, էապես փոխում են նրանց, կանգնեցնում դիլեմաների ու ընտրությունների առջև: Սերը նրանց էությունն է, նրանց կենսագրությունների շարժիչ ուժն է: Մարդը սիրում է բոլոր տարիքներում, սերը մարդու հավերժական ուղեկիցն է: Առանց սիրո ապրող մարդը վերածվում է անկենդան էության, ով միայն ֆիզիկապես է շարժվում, ֆիզիկապես գոյատևում: Եթե ուզում ես մարդուն սպանել ու ոչնչացնել` զրկիր նրան սիրելու կարողությունից, զրկիր նրան զգացմունքներից… «Իմ ծաղկած դեղձենի» պատմվածքում և պիեսում ես արդեն վաթսուն տարեկան Անդրեյի սերն եմ պատկերել, նրա հոգու պայծառացումը, որը եկել է ուշացած, մի տեսակ գողունի ու նրան վերադարձրել տարիներ առաջ իր ապրած զգացմունքային պոռթկումին: Գրականության մեջ դա հաուպտմանյան սինդրոմ են կոչում: - Դու արձակագիր ես, ժամանակակից հայ արձակի անհատականություններից մեկը, սակայն գրում ես նաև պիեսներ` այսպես քեզ տեղավորելով գրականության ու թատրոնի միջև: Ո՞րն է քեզ համար առաջնայինը` արձակ գրականությո՞ւնը, թե՞ թատերգությունը: - Երկուսն էլ սերտակցված են իմ գրական հետաքրքրությունների մեջ: Բնականաբար, առաջնայինը իմ պատմվածքներն են, որոնք ես ստեղծում եմ որպես իմ ներքին մենախոսություններ, որպես իմ երևակայության և իրականության զուգակցումներ: Թատերգությունը շատ ավելի բարդ է, բազմաշերտ, այնտեղ անհրաժեշտ է կառուցել բազմապլան կյանք, ստեղծել մենախոսություններ և երկխոսություններ, հորինել թատերային ձև, մղվել դեպի կերպարաստեղծման այնպիսի եղանակներ, որոնք հետաքրքիր լինեն բեմի համար: Այդ պատճառով էլ ես թատերգությանն անդրադառնում եմ ուշ-ուշ` մինչև գրասեղանի մոտ նստելը բազում տարբերակներ իմ մեջ պահած լինելով: - Գիտեմ, որ զբաղված լինելով աշխատանքով, ընտանեկան հոգսերով, առհասարակ քիչ ես գրում: - Դա իմ ցավոտ կողմն է: Աշխատում եմ Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում որպես փոխտնօրեն: Չափազանց զբաղված եմ աշխատանքով, պարտականությունները քիչ չեն: Տանը թոռներիս հետ եմ, ովքեր իմ աշխարհն են, իմ էության կարևոր մասը: Ստեղծագործելու շատ քիչ ժամանակ է մնում: Տեխնիկայի հանդեպ ունեցածս վերաբերմունքով էլ ավանդապաշտ եմ, չեմ սիրում համակարգչով ստեղծագործել: Իմ առջև թուղթ ու գրիչ պիտի լինի, որպեսզի կարողանամ հանգիստ ու խաղաղ գրել: Իսկ դրա համար խաղաղություն է պետք… Իմ շատ ընկերներ են ինձ մեղադրում, որ քիչ եմ գրում: Ես էլ եմ դա հասկանում, սակայն կնոջ ու մոր պարտականությունները միշտ ընկել են առաջ` փոքր-ինչ կաշկանդելով իմ մեջ գրողին: - Ես գիտեմ, որ դու իսկապես հրաշալի մայր ես, ամենածանր պայմաններում մեծացրել ես քո զավակներին, հանուն նրանց` զոհողությունների ես գնացել: Հիմա կարծես թե վարձահատույց ես լինում քո ներդրած ժամանակի ու ջանքերի համար: Ագնեսա Շահնազարյանը` դուստրդ, արդեն ճանաչված դերասանուհի է, հանրության կողմից սիրված… - Իհարկե, ցանկացած ծնողի համար մեծագույն երջանկություն է տեսնել իր երեխաների հաջողությունները: Ուրախանում եմ, որ Ագնեսան այսօր ճանաչված անուն է, «Դժբախտ երջանկություն» հեռուստանովելից հետո նկարահանվում է «Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալում, որը մեծ ընդունելություն ունի: Բայց Ագնեսան առաջին հերթին Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհի է, ուստի ես շատ կուզենայի, որ նա թատրոնում էլ հասներ այնպիսի ինքնադրսևորման, ինչպիսին ունի հեռուստատեսությամբ: Առհասարակ, ես կուզենայի, որ մեր թատրոններում մեծ ուշադրություն դարձնեին երիտասարդ ու տաղանդավոր մարդկանց, նպաստեին նրանց ստեղծագործական ձեռքբերում ներին: Մեր կյանքի բոլոր ոլորտներում այժմ պիտի կարևորվեն երիտասարդները, որովհետև անհրաժեշտ է սերնդափոխություն: Ցանկացած սերնդափոխություն իր հետ նոր շունչ է բերում, նոր տրամադրություն, բացահայտում է այնպիսի շերտեր, որոնք մեզ համար աննկատ կամ անտեսանելի են եղել: - Ի՞նչ կասեիր հատկապես մեր թերթի երիտասարդ ընթերցողներին: - Եթե մեր ջահելության թերթը` «Ավանգարդը», այսօր էլ ունի երիտասարդ ընթերցողներ, իսկ դրանում ես համոզված եմ, ապա ուրախ կլինեմ, եթե նրանք նախ հավատարիմ մնան թերթին, չկորցնեն կապը նրա հետ, ապա չկտրվեին մեր գրականությունից ու արվեստից, այն ամենից, ինչը լրացնում-ամբողջացնում է մեր ազգային արժեհամակարգերը: Ամենակարևորը` միշտ մոտ լինել արվեստի ու գրականության բարձր դրսևորումներին: