Գերմանացուն հավանաբար կերել են բնիկները


Զբոսանավով շուրջերկրյա ճամփորդության մեկնած Ստեֆան Ռամինը կորել է մի քանի շաբաթ առաջ: Ենթադրվում է, որ նա համադամ ուտեստ է դարձել ֆրանսիական Պոլինեզիայի Նուկու¬Հիվա արևադարձային կղզու մարդակերներին (տեղեկացրել է The Daily Mail¬ը): Նրա անհետանալուց առժամանակ անց գտնվել են մարդու այրված մնացորդներ և հագուստ, ինչը հիմք է տվել կարծելու, որ զբոսաշրջիկը բնիկներին զոհ է եղել: Փարիզում անցկացվելիք փորձաքննությունը կտա վերջնական եզրակացությունը, թե արդյո՞ք այդ մնացորդները գերմանացի նավասպորտի վարպետինն են: Բիզնես-խորհրդատուն առաջին անգամ շուրջերկրյա ճամփորդության մեկնել էր 2008 թ. և այդ մասին պատմել էր Ֆեյսբուքի իր էջում: Այս տարի սեպտեմբերի 16¬ին նա իր ընկերուհու` Հայկե Դորշի հետ նավարկել էր Նուկու-Հիվա, որտեղ որոշել էին մնալ մի քանի ամիս: Գերմանացին տեղաբնակներից մեկին` Հենրի Հաիթիին վարձել էր որպես ուղեկցորդ և նրա հետ էլ գնացել է այդ վայրերի համար ավանդական համարվող այծորսության: Որոշ ժամանակ հետո Հաիթին վերադարձել է մենակ և սարսափած կնոջն ասել է, թե դժբախտություն է պատահել, ու նրա ընկերը վիրավոր է: Հայկեն որոշել է օգնության հասնել Ռամինին, բայց Հաիթին նրան կապել է, բռնաբարել ու անհետացել: Մի քանի ժամից գերմանուհին կարողացել է մի կերպ քանդել կապերն ու ոստիկանություն դիմել: Ներկայումս 22 սպաներից կազմված ոստիկանական ջոկատը զբաղված է Հենրի Հաիթիի որոնողական աշխատանքներով. բոլորը գրեթե համոզված են, որ այս ուղեկից կոչեցյալն է վերջին անգամ կենդանի տեսել զբոսաշրջիկին: Նուկու¬Հիվան ունի շուրջ 20.000 բնակիչ: Այս կղզին պատմականորեն համարվում է մարդակերների սերունդների բնակատեղի, սակայն կարծիք էր ձևավորվել, թե մարդակերության դեպքերը մնացել են անցյալում: