Փակ շրջանից դուրս գալու բանալին մատնանշվեց, բայց գործի կդրվի՞


Դոլար-դրամ փոխարժեքի մշտապես անկանոն, անտրամաբանական, կտրուկ տատանումները, որպես կանոն, դրամի արժեվորման միտումներով թե° տեղական արտադրողների ու արտահանող ձեռներեցների, թե° ազգաբնակչության համբերության բաժակը լցրել են բերնեբերան: Չնայած այս ամենին` «Դրամի արժեվորումը և տնտեսական իրավիճակը Հայաստանում» թեմայով ԱԺ նիստերի դահլիճում կազմակերպված խորհրդարանական լսումերին ԿԲ նախագահն ամբիոն բարձրացավ նույն` ինքնասածի, «հակաճառում» չընդունող անհողդողդությամբ և գրեթե նույն բառերով կրկնեց նախկին հեքիաթները «լողացող կուրսի», գնաճի տեմպերի զսպման, մեկ միլիարդ դոլար տրանսֆերտների, տուրիստների քանակի ավելացման և այլնի մասին: Պարզվում է նաև, որ մեր ԿԲ-ի ղեկավարները պարզապես հանճարեղ են` ի տարբերություն Ռուսաստանի պես հզոր պետության «ապաշնորհ» ֆինանսիստների, ովքեր իրենց միջամտությամբ կանխում են դոլարի արժեզրկումը և ռուբլի-դոլար փոխարժեքը պահում համեմատաբար կայուն մակարդակում: Հիշեցնենք, որ դրամի արժեվորումը նախկինում գովերգող Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչներն անգամ, ի տարբերություն ՀՀ ԿԲ-ի ղեկավարության, վերջերս իրենց մտահոգությունն էին հայտնել, որ տվյալ գործընթացի խորացումը (դրամի արժեվորումը) բացասական հետևանքներ կարող է ունենալ տնտեսության վրա: Այնուամենայնիվ, ԱԺ-ում կազմակերպված լսումներն անարդյունք չանցան: ԿԲ նախագահը խոստովանեց, որ գնաճը արհեստական է, մրցակցային դաշտի բացակայության, մենաշնորհների հետևանք: Թեկուզ անուղղակիորեն, «փակ շրջանը» բացվեց: Եթե ապահովվի ազատ մրցակցություն, գները կնվազեն: Դա էլ իր հերթին կնպաստի դրամի հետագա արժեզրկմանը: Գնաճի ռիսկերը նվազելու պարագայում, ինչպես երկու շաբաթ առաջ նշել է ԿԲ-ի խորհուրդը իր հայտարարության մեջ, «ԿԲ-ն պատրաստ է բավարարելու դրամի նկատմամբ ավելացած պահանջարկը` ներքին արժույթի շուկայում արտարժույթ գնելով»: Ավելի պարզ ասած, եթե մենաշնորհների պատճառով գների արհեստական աճ չլինի, ԿԲ-ն վերջ կտա անտերուդուս«լողացող» կուրսի մասին իր իսկ հորինած լեգենդներին, կցուցաբերի անհրաժեշտ միջամտություն և կկանխի դոլարի արժեզրկումը: Այսպիսով, տեղական արտադրողներին և ազգաբնակչությանը մեծ վնաս հասցնող դրամի արժեվորման աղետը կկանխվի: Բանալին ինքներդ եք մատուցում, պարոնայք իշխանավորներ (թեպետ այն վաղուց ձեր գրպանում էր և տեսանելի հասարակությանը): Վերացրեք բոլոր չարիքների աղբյուրը` մենաշնորհները, և ամեն ինչ կընկնի իր տեղը: