«ՄԱԿ-ի նպատակը խորհրդարանական մեծամասնություն դառնալն է»


Այս մասին Գուրգեն Արսենյանը հայտարարեց «Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ: - Մենք չգիտենք` ընտրություններին միայնա՞կ կգնանք, թե խմբով, մեր նպատակը դրան հասնելն է, որը մեզ հնարավորություն կտա իրականացնել մեր ծրագիրը: Մենք հրաշալի պատկերացնում ենք երկրի զարգացումը այս պահին կամ, ասենք, 20-30 տարի հետո: Մենք փաստացի թևակոխել ենք 2007 թ. խորհրդարանական ընտրությունների թաքնված քարոզարշավի փուլ, և դրանով են բացատրվում շատ քաղաքական կառույցների գործողությունները: ՄԱԿ-ը ունի տեղական 35 կառույց, և տեղերից մենք ստանում ենք ինֆորմացիա, որ քաղաքական կուսակցություններն ակտիվացնում են իրենց գործունեությունը` մոբիլիզացնելով նախընտրական ռեսուրսը: Կուսակցությունների գաղափարախոսական վակուումը ՄԱԿ առաջնորդը պայմանավորում է քաղաքացիական ակտիվացման պայմաններում քաղաքական կոնֆլիկտի բացակայությամբ: Այսինքն` չկա գաղափարների բախում և քաղաքական ճանապարհների ընտրության որոնում: Մինչդեռ քաղաքական կոնֆլիկտը ընտրությունների արդյունքում կստանար իր լուծումը: Ավելին, այս իրողությունը Գ. Արսենյանին հիմք է տալիս ենթադրելու, որ ապագա խորհրդարանում ուժերի լուրջ վերադասավորում չի լինելու, ինչը դիտարկվում է որպես երկրի կայուն զարգացման ապացույց: Բայց նաև նա ցանկալի է համարում քաղաքական ընդդիմախոսի գոյությունը` իբրև մարտունակության խթան: Սակայն ԲՀԿ-ի պարագայում նա վերապահություն ունի. - Երբ ես ասում էի նոր վերադասավորումներ չեն լինի, նկատի չունեի ԲՀԿ-ն կամ մի այլ կուսակցություն: Նկատի ունեի գաղափարախոսությունը: Ես ծանոթ եմ ԲՀԿ արժեքային համակարգին և պետք է ասեմ, որ այն այնքան էլ չի տարբերվում, ասենք, ՄԱԿ-ի կամ ՀՀԿ-ի, կամ մեկ այլ կուսակցության արժեքային համակարգից: Գ. Արսենյանը պատասխանեց նաև «Ավանգարդի» մի քանի հարցերին: - Կարո՞ղ եք տարորոշել` որտե՞ղ է ավարտվում հումանիտար օգնությունը և սկսվում ընտրակաշառքը: - Հումանիտար օգնության սահուն անցումը ընտրակաշառքի բանաձևումը թողնում եմ համապատասխան կառույցներին (՞ - խմբ.): Նրանք կան, ստեղծվել են մեր երկրում, և նրանք էլ պետք է տան դրա չափորոշիչները: Քանի որ ընտրակաշառք հասկացությունը ներառված է քրեական օրենսգրքում, ուստի դրա բանաձևումը իմ խնդիրը չէ: - Դուք ասում էիք, որ չկա գաղափարների բախում, ասել է թե գաղափարական վակուում է: Ո՞վ է դրա մեղավորը` քաղաքական կուսակցություննե՞րը, թե՞ հասարակությունը: - Դրանք փոխկապակցված են: Եվ քաղաքական ուժերի ու հասարակության այսօրվա իրավիճակի արձանագրումն է դա: Ուրեմն հասարակությունն այսօր չի ուզում կոնֆլիկտ: Հակառակ դեպքում նա իր միջից կհաներ քաղաքական ուժ, որը դրա կրողը կլիներ: Հավանաբար վերլուծության, սոցիոլոգիական ուսումնասիրության կարիք է զգում այդ հարցը: - Մի առիթով դուք ասել եք, որ այսօրվա կառավարությունը նախորդ իշխանությունների, այսինքն` ՀՀՇ-ի ծրագրերի շարունակողն է: - Իմ խոսքը չի վերաբերել տնտեսական ծրագրերին: Ես ասել եմ, շարունակվում է նույն քաղաքականությունը, արտաքին կողմնորոշումները նույնն են, նպատակը նույնն է, թշնամիները նույնն են, բարեկամները նույնն են: Այսինքն` «Էլի նույն ջուրն է, նույն ջրաղա՞ցը»: