Որոգայթ փառաց


Վերջին շրջանում կրիմինալի դեմ պայքար անվանյալի պտտահողմը խորը թմբիրից հանեց նաև մտավորականների այն խմբին, որոնց` ընտրազանգվածի բարեհաճությանն արժանանալու ռևերանսն անհաջող ելույթի պես ծափերի չարժանացավ: Զի հարգանքի արժանի է այն մտավորականը, ով քաղաքացիական պարտքին անդավաճան մնալու բարոյականությունն ունի: Մինչդեռ բազմակարծություն ասվածը մեզանում սեփական շահերի բախումից այն կողմ չի անցնում: Մեկը որոշում է փնովել, մյուսը` գովերգել (ավա՜ղ, երբեմն այնքան անվարժ ու ապաշնորհ, որ ճիշտ հակառակն է ստացվում): Իսկ ոմանք էլ կողմնակի անցորդի անտեղյակությամբ բարձրացած ալիքներում փրփուր են դառնում` աջ ու ահյակ տարուբերելով պատեհապաշտական իրենց նկրտումները: Չիցե թե մեր ժամանակներին բնորոշ այսօրինակ կեցվածքը ազգային բնավորություն դառնա, սակայն որ խաթարում է մեր նկարագիրը, անկասկած է: Ո՞վ հորինեց այդ` «կրիմինալի դեմ պայ քար» կոչվածը, որքանո՞վ է հավատընծա այդ արտահայտությունը տարփողողների մտահոգությունը, ովքե՞ր են կոչնակներ հնչեցնում... Սակայն կատարվեց ավելի ահավորը. «մտավորականների ֆորումը» մեղադրեց երկրիս պաշտոնյաներին, մեկ այլ խումբ կասկածելի համարեց նրանց անկեղծությունը: Ընդ որում` երկուսն էլ լուտանքների մակարդակով: Բայց գիտակցեցի՞ն գոնե, որ այս կերպ էլի մեկ անգամ նսեմացրին իրենց երբեմնի բարի համբավի ամլացած դափնիներին ննջող հայ մտավորականի արժանապատվությունը: Բանական արարածն ինչպե՞ս կարող է, օրինակ, այնքան տուրք տալ պատեհապաշտությանը, որ ակնթարթային արագությամբ հրաժարվի սեփական ստորագրության վավերությունից: Ավելի ստույգ` արդարանա «տեքստին ծանոթ չէի» ինքնախաբեությամբ: Այսինքն` պատրաստ էր նաև իր իսկ մահապատժի վճի՞ռը վավերացնել` առանց բովանդակությանը ծանոթանալու: Կարդալու զահլա՞ չկար` խնդրեիք որևէ տառաճանաչի` ընթերցել արժանապատվության փորձաքար դարձած այդ նամակը: Լավ, գոնե սյուժեն հարցնեիք... Անմեղսունակությունն ուրիշ ինչպե՞ս է արտահայտվում... Սթափվի°ր, հայ մտավորական: Վերջին տարիների կրավորական կեցվածքդ անգամ ներելի չէ, էլ ո՜ւր մնաց հրաժարումն Հ.Գ. Անուններ չենք թվարկում` խնայելով այն մարդկանց, ում անուններով երբեմն հպարտացել ենք: Բայց ի վերջո արթնանալո՞ւ է պատասխանատվություն կոչված խղճմտանքը: Ձեզ ենք դիմում, «մոլորեցված» «ներքոստորագրյալներ»` ոչ թե կցկտուր չքմեղացումներով, այլ հիմնավորումներով հերքեցեք կամ հիմնավորեք ձեր ստորագրությունները: Այլապես` երկդիմի խաղերով վիրավորում եք ձեր կոչումների հանդեպ դեռևս հարգանք տածողներիս հավատը:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ