ԲԱՆԱԿԻ ԹԻԿՈՒՆՔԸ ԱՊԱՀՈՎ Է


Այն հարցին, թե որոնք են իր բնավորության թերի կողմերը, ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության պետ, գեներալ-մայոր Տիգրան ԳԱՍՊԱՐՅԱՆԸ պատասխանեց. «Ես սակավախոս եմ, չշփվող և բռնկուն»,- սակայն մեր զրույցի ընթացքում գեներալի բնավորության հիշյալ գծերը չդրսևորվեցին. նա հուզական էր, անմիջական, հետաքրքիր ու հաճելի զրուցակից: Սիրով ու ջերմությամբ էր հիշում անցյալը, պատմում էր ներշնչանքով, ու խիստ, սառը, գործնական կերպարը հետզհետե առինքնում էր զգայուն, նրբազգաց, բարեսիրտ հոգու անկեղծ հույզերով: - Մի զրույցի ժամանակ ասացիք, որ Ձեր հայրը փոքր ժամանակ Ձեզ երբեմն կատակով կոչում էր` իմ գեներալ: Հիմա նայում եմ Ձեր մանկական լուսանկարները. ամեն տեղ զինվորի պես ձիգ եք ու աջ ձեռքը ճակատին` պատվի առած: Ենթադրում եմ, որ ինքնատիպ երեխա եք եղել: - Ես Արտաշատից եմ, ծագումով` խոյեցի: Ծնողներս երկու որդի ունեին` միանգամայն տարբեր բնավորությամբ, տարբեր նախասիրություններով: Ես շատ աշխույժ էի, եռանդուն, արկած որոնող, բակային կռիվների առաջին գծում: Սովորել եմ Երևանի թիվ 149 դպրոցում: Եթե դպրոցում ինչ-որ բան էր պայթում, ապա անպայման իմ մատը խառն էր: Մեր երեք զուգահեռ դասարանները շատ մտերիմ էին. միասին էինք միջոցառումներ կազմակերպում, միասին էինք փախչում դասերից, միասնաբար էլ դիմակայում էինք պատիժներին: Ես բազում հետաքրքրություններ ունեի` գնում էի բոքսի, Սարաջևի երաժշտական դպրոց, դաշնամուր և կիթառ էի նվագում, կարդում էի: - Ո՞վ էր զբաղվում Ձեր դաստիարակությամբ: Հասկացա, որ դժվար երեխա եք եղել: - Նույնիսկ հաշվառված էի ներքին գործերի բաժնում. ծեծկռտուքներից մեկի ժամանակ դասընկերս վնասվածք էր ստացել: Նա պաշտոնյայի տղա էր, նեղացնում էր աղջիկներին, ցանկանում էր ցույց տալ իր գերազանցությունը և...ծեծ կերավ: Հիմա մենք ընկերություն ենք անում: Ես 7-8 տարի ապրել եմ Ռուսաստանում` սկսած առաջին դասարանից, ծնողներս ատամնաբույժ էին և գործուղվել էին աշխատելու: Ծնողների, ընտանիքի դաստիարակությունը, անշուշտ, մեծ դեր ունի, սակայն նույնքան կարևոր են շրջապատի, հասարակության բարոյականությունը, գերակա գաղափարները, առաջնային արժեքները: Ռուսական միջավայրն այդ տարիներին շատ ոգեղեն էր, ներծծված հայրենասիրական պաթոսով: Պատերազմի հետքերը դեռ չէին ջնջվել ռուսական հողից, հաղթանակի շունչն ամենուր էր: Հիշում եմ` մի անգամ ընկերներով անտառում հինգ հատ ավտոմատ գտանք, հանձնեցինք թանգարան, և որպես պարգև` մեզ էքսկուրսիայի ուղարկեցին Բրեստ: Ես մանկուց սիրել եմ ռազմական գրականություն, պատերազմական ֆիլմեր: Ռուսական միջավայրը նպաստեց, որ այդ սերն ավելի խորանա: Այդ տարիներին սերը հայրենիքի հանդեպ ներարկվում էր մայրական կաթի հետ, դառնում էր արյան գույն, դաջվում էր հոգուդ ու գիտակցությանդ: Ես 13 տարեկան էի, երբ հայրս զոհվեց ավտովթարից: Մայրս երկու որդիների հետ վերադարձավ Հայաստան: Ես այդ տարիքից աշխատել եմ. վագոն էի բեռնաթափում, փողով նվագում էի խնջույքներում: Իմ ժամանակ փողոցի դաստիարակությունը, այսպես կոչված «տղայական օրենքները», չէին հակասում բարոյական չափանիշներին, օրինակ, իրեն հարգող տղան երբեք չէր պարծենա, թե հանդիպել է աղջկա հետ, ընդունված չէր նվաստացնել տղային` ընկերուհու ներկայությամբ: - Ե՞րբ եք սիրել առաջին անգամ: - Ես միասեր եմ, իսկ հրապուրանքներ` որքան ուզեք: Մինչև օրս էլ Ռուսաստան գնալիս հանդիպում եմ առաջին դասարանի ընկերուհուս` Տոնյային: Ընդհանրապես, և° մանկության ընկերներիս, և° դասընկերներիս հետ մտերմությունը շարունակվում է, ես չեմ կորցնում նրանց, ում սիրում եմ: - Ե՞րբ և ինչպե՞ս եք սկսել Ձեր զինվորական կենսագրությունը: - Որպեսզի հսկողության տակ լինեմ, ինձ ուղարկեցին Ուլյանովսկ` բարեկամուհուս մոտ, ընդունվեցի տեղի զինվորական բարձրագույն տեխնիկական ուսումնարան, որը պատրաստում էր վառելիքաքսուքային նյութերի մասնագետներ: Բուհը բավարարում էր զինվորական կրթության խորհրդային դպրոցի բոլոր չափանիշները և° գիտելիքների, և° բարոյահոգեբանական դաստիարակության առումով: Բավական է ասեմ, որ մեր շրջանավարտների 99 տոկոսը ցանկություն էր հայտնել գնալու Աֆղանստան, այդ մղումը միանգամայն հասկանալի էր, եթե հիշենք, թե ինչ բարոյական շեշտադրումով էր ներկայացվում աֆղանական պատերազմը այն ժամանակ: Ես նույնպես հայտնվեցի Աֆղանստանում և ծառայության անցա որպես գնդի վառելիքաքսուքային ծառայության պետ: Վառելիքը զորքին հասցնելիս ծուղակի մեջ ընկանք, ես ծանր վիրավորվեցի, վեց ամիս տարբեր քաղաքների հոսպիտալներում բուժվելուց հետո կրկին վերադարձա Աֆղանստան: Հիշում եմ` երբ դաշտային համազգեստով շրջում էի ռուսական քաղաքի փողոցներով, մարդիկ ինչ գորովանքով էին նայում ինձ, ինչպես էին մեծարում, քեզ հերոս էիր զգում, մտածում էիր, որ զոհողություններդ իզուր չեն, որ կարելի է ամեն ինչ տալ այս հպարտության, այս սիրո, այս մեծարանքի համար: - Ունեի՞ք այդ նույն զգացողությունը, երբ Արցախյան պատերազմից էիք վերադարձել: - Ցավոք, գաղափարախոսական դաշտում մենք լուրջ թերացումներ ունենք: Մենք չենք կարողանում յուրացնել խորհրդային փորձը, ստեղծել կայուն արժեհամակարգ, մշակել ռազմահայրենասիրական դաստիարակության արդյունավետ ծրագիր, օգտագործել քարոզչական ինստիտուտների ողջ ներուժը, որպեսզի հասարակության և բարձրացող սերնդի մտածելակերպն ու բարոյական ըմբռնումներն ուղղորդվեն գերակա գաղափարների տրամաբանությամբ: - Ի՞նչ տվեց Ձեզ Աֆղանական պատերազմը «Կարմիր աստղի» շքանշանից, զանազան մեդալներից և հպարտությունից բացի: - Մեծ փորձառություն, որ պետք եկավ Արցախյան պատերազմի տարիներին: Աֆղանական պատերազմով անցած զինվորականներն իրենք էին որոշում հետագա ծառայության վայրը, և ես ընտրեցի Թուրքմենիայի պարսկական սահմանին տեղակայված ստորաբաժա նումը: 1983 թ. տեղափոխվեցի Սամարղանդ, նշանակվեցի զինվորական բազայի հրամանատարի տեղակալ, 87-ին` Բուխարայում զինբազայի հրամանատար: 91-ին եկա Հայաստան, հայկական բանակում ծառայությունս սկսեցի որպես պաշտպանության նախարարության վառելիքաքսուքային նյութերի ծառայության պետի տեղակալ, հետո նշանակվեցի նույն ծառայության պետ, իսկ 2000 թվականից ղեկավարում եմ զինված ուժերի թիկունքի վարչությունը: - Ի՞նչ ձեռքբերումներ ունի բանակը վերջին շրջանում թիկունքային ապահովության առումով: - Թիկունքային ապահովման ծրագիրը կատարվում է ժամանակին և ամբողջությամբ: Ամեն տարի մենք հնարավորություն ենք ունենում բարձրացնել չափանիշները և° սննդի, և° իրային ապահովման առումով: Փորձում ենք զինվորի սնունդը դարձնել հնարավորինս որակյալ, հագեցած, բացառել անօրինականությունը, զինվորի չափաբաժինը հասցեատիրոջը հասցնել անկորուստ: Բազմաթիվ արդյունավետ նորամուծություններ ենք արել: Նախ, ասեմ, որ սնունդը գնում են բաց տենդերով, և ամենաշահավետ մատակարարի հետ կնքում ենք պայմանագիր: Զինվորին հասնող սնունդը հսկվում է 4-5 զինծառայողի կողմից, ճաշարաններում աշխատում են մասնագետ խոհարարներ կամ մեր ենթակայությամբ գործող խոհարարական դպրոցում ուսանած զինվորներ: Ծրագրել ենք առաջիկայում դիրքեր ուղարկվող սնունդը յուրաքանչյուր զինվորի համար փաթեթավորել համապատասխան չափաբաժիններով, որպեսզի ընդհանրապես բացառենք ցանկացած անօրինականություն: Ծրագրել ենք սնունդը ինքներս հասցնել զորամասեր, որպեսզի փակենք կորուստների ճանապարհը: - Ի՞նչ է ուտում զինվորը օրվա ընթացքում: - Ես չեմ կարող այդ հարցին միանշանակ պատասխանել, քանի որ չափաբաժինն ու տեսականին տարբեր են, ասենք, դիրքերում ծառայող զինվորի, ռազմական կրթօջախների, զորամասերի կամ հոսպիտալների համար: Զինվորն ունի հագեցած նախաճաշ` կարագ, պանիր, թեյ, կեսօրին` չոր և ջրիկ ճաշ, անպայման` միս, հյութ, աղցան կամ քաղցրեղեն, վաղ երեկոյան` թեթև ճաշ, այնուհետև` ընթրիք: Ի դեպ, պատերազմի ժամանակ ժողովուրդը վերջին ունեցածն էր ճակատ ուղարկում, ու հենց այդ միասնությունը երաշխավորեց պատերազմի հաղթական ելքը: Եթե հետագա խաղաղության տարիներին էլ նույնքան միաբան, հայրենասեր ու նվիրված լինեինք, անկասկած, շատ ավելի մեծ ձեռքբերումներ կունենայինք: Ես համոզված եմ, որ մարդու էությունը, մտածելակերպը, բարոյականությու նը որոշ չափով ժառանգականության և մեծ չափով դաստիարակության արդյունք են: Անկախությունից հետո, երբ ջանադրաբար կառուցում էինք քանդված երկիրը, հասկացանք, որ ժողովրդին խթան է պետք, ներշնչանք, գաղափար, նրան ոտքի հանող, խանդավառող ազդակ: - Բարեկեցիկ ընտանիքում մեծացած տղան կբավարարվի՞ բանակում տրվող սննդով, գոհ կմնա՞: - Չգիտեմ` որքանով եք գեներալի ընտանիքը համարում բարեկեցիկ, բայց իմ տղան, որ ծառայում է սահմանամերձ զորամասում ու հենց այս պահին դիրքերում է, շատ գոհ է իրենց զորամասում տրվող սննդից: - Ի՞նչն եք կարևորում Ձեր տղաներին դաստիարակելիս: - Երկու որդի ունեմ` Սևակն ու Պարույրը: Շատ տարբեր են իրարից: Սևակը բնավորությամբ խաղաղ է, հավասարակշիռ, լրջախոհ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ավարտեց, այժմ ծառայում է զինված ուժերում: Պարույրը իրավաբանական ֆակուլտետի ուսանող է: Իմ պատանեկությունն է կրկնում, բռնկուն է, հախուռն, սիրում է դրսի կյանքը, շատ ընկերներ ունի: Բայց երկուսն էլ շատ հայրենասեր են, սկզբունքային, երբ հարցը վերաբերում է բարոյական արժեքներին, հարգալից են ծնողների հանդեպ: Ես գիտեմ, որ Սևակը ծխում է, սակայն երբեք նրան ծխախոտը ձեռքին չեմ տեսել: Եթե տղաներս թիկնած են կամ պառկած, ինձ տեսնելիս ուղղվում են: - Դուք բազմաթիվ պետական պարգևներ ունեք որպես պատերազմի մասնակից, զինվորական, իսկ Սպիտակի և Գորիսի պատվավոր քաղաքացու կոչում ինչո՞ւ եք ստացել: - Սպիտակում մասնակցել եմ երկրաշարժի հետևանքների վերացմանը: Իսկ Գորիսում ամենածանր օրերին, երբ ռմբակոծություն ները չէին դադարում, իմ գլխավորությամբ տեղակայվեց վառելիքաքսուքային նյութերի ռազմական բազա, այս հանգամանքը հուսադրեց ժողովրդին, խուճապային տրամադրությունն անցավ, մարդիկ մնացին քաղաքում ու պահեցին իրենց հողը:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ