ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Ջավախքում անցկացված ՏԻՄ ընտրություններն, իհարկե, չէին կարող տարբերվել ընդունված «կովկասյան» տարբերակից, որում զոռբայությունն ու ընտրաթվերի հաշվարկային նկարչությունը մեծ դեր ու նշանակություն ունեն իշխող կարգերի վերարտադրման գործում: Նախ, զարմանալի շտապողականությամբ վրացական կենտրոնական իշխանությունները նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին նախատեսվող ՏԻՄ ընտրություններն արագացրին եւ կազմակերպեցին հոկտեմբերի 5-ին, որն ըստ որոշ աղբյուրների, նպատակ էր հետապնդում ռուս-վրացական հակամարտության, աբխազական ու օսական խնդիրների ընդերքում ունենալ գոնե խոնարհ Ջավախք…, որն էլ ապացուցվեց ընտրությունների ընթացքում հաղթեցին Վրաստանի նախագահ Սահակաշվիլուն սատարող ուժերը: Այն հայտարարությունները, թե Ջավախքում հաղթել է ընդդիմությունը, սին են, եւ հայ (նաեւ հայաստանահայ) հանրությանը խաբելու միտում ունեն: ՀՀ-ում գործող, Ջավախքի խնդիրներով զբաղվող որոշ կազմակերպություններ, նաեւ Ջավախքում ապրող ու գործող իշխանավորների մերձավորներ կոշտ հայտարարություններ արեցին Ջավախքի ազգային-հայրենասիրական ուժերի հետընտրական արդարացի պոռթկումների նկատմամբ` եւս մեկ անգամ հավաստելով, որ հաճախ մեր հայրենակիցներն առավելապես մտահոգված են վրացիների շահերով, քան` հայերի: Իհարկե, նմաններն անհանգստացած են առաջին հերթին անձնական շահերից ելնելով, որ Վրաստանով կատարվող իրենց բեռնափոխադրումները հանկարծ չվտանգվեն, թեկուզ Ջավախքը հայաթափվի… կարեւորն իրենց շահույթն է, որի երաշխավորը հակահայ դրսեւորումներով վաղուց հայտնի Վրաստանի իշխանական վերնախավն է: Սակայն այս «հայերը» մոռանում են, որ Ջավախքի հայաթափումից կամ հայկական տարրի նվազումից հետո իրենք են սպասարկելու արդեն վրացականացած Ջավախքի իշխանավորներին… Այս ներքին իշխանակռվի համատեքստում հասկանալի է դառնում, թե ինչու աննախադեպ ստոր հանցանքի դիմեցին ՀՀ վրացահպատակ հայերը` Աշտարակ-Երեւան մայրուղու մի հատվածում դարանակալ հարձակման ենթարկելով Ջավախքի ազգային-հայրենասիրական ուժերի առաջնորդներից մեկին` «Միասնական Ջավախք»-ը ներկայացնող Վահագն Չախալյանին, նրա ընտանիքին եւ ուղեկցողներին: Վրացահպատակների թուրքական ոճի բռնարարքներից տուժել է նաեւ Վ. Չախալյանի գործընկեր Գուրգեն Շիրինյանը, որը հիվանդանոց է տեղափոխվել: Մենք խստագույնս դատապարտում ենք հայի դիմակի տակ թաքնված «ապազգային տականքի» հանցավոր գործողությունները եւ մեր սատարումն ենք հայտնում «Միասնական Ջավախք» կազմակերպության անդամներին: Ողջունում ու զորավիգ ենք նրանց հայապահպանական պայքարին Ջավախքում: Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդ 12.10.2006թ.