ՀՀ - ԻՀ համագործակցության շրջանակներում


Հայ-իտալական մշակութային համագործակցության գործնական սկիզբ կարելի է համարել 1998 թ. Հայաստանի և Իտալիայի կառավարությունների միջև ստորագրված համաձայնագիրը: Եվ արդեն ձևավորված ավանդույթները տարեցտարի ավելի են ամրապնդվում` շնորհիվ Հայաստանում Իտալիայի դեսպանության և ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության սերտ համագործակցության: Համագործակցության առաջին իսկ տարիներից Իտալիայի կառավարությունը կրթաթոշակներ է տրամադրում Հայաստանի ուսանողնե րին` հումանիտար գիտությունների ուսումնասիրման ոլորտում, կինեմատոգրաֆիայի ասպարեզում, թանգարանային գործում մասնագետ ների վերապատրաստման, ինչպես նաև արվեստի գործերի, ճարտարապետական հուշարձանների վերականգնման բնագավառում Իտալիայում դասընթացներ անցնելու նպատակով: Եվ պատահական չէ, որ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Հասմիկ Պողոսյանի և Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարկո Կլեմենտեի համատեղ ասուլիսը հագեցած էր այն մշակութային միջոցառումների թվարկմամբ, որոնք իրականացվելու են հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին Հայաստանում: Մասնավորապես, Իտալիայի կառավարության ֆինանսավորմամբ և ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես կգա «Ֆրանչեսկա Սելփո» բալետային խումբը, նոյեմբեր ամսին նախատեսվում է Երևանի կինոթատրոններից մեկում իտալական կինոյի ռետրո երկու ցուցադրում, իսկ դեկտեմբերին Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի և իտալացի հայտնի մեներգիչների համատեղ համերգային կատարմամբ կհնչի Վերդիի «Օթելլո» օպերան: ՀՀ-ում ԻՀ դեսպանը վերստին փաստում է, որ մշակույթը հուսալի կամուրջ է` մեր երկու երկրների ժողովուրդներին միացնող, որոնք ունեն հազարամյակների պատմություն և գեղեցիկի երկրպագու են: Հանգամանք, ինչը շատ կարևոր կռվան է ազգերի հարատևման: Մշակութային արժեքները միանգամից սպառվող ծառայություններ չեն, այլ մարդկային հոգիները հղկելու միջոց, ինչը ավանդվում է գալիք սերունդներին...

Արմինե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ