ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՕՐ


Նոր մրցանակակիրները Հայաստանի ժուռնալիստների միության վերջին համագումարից հետո ՀԺՄ նախագահի ջանքերը` մեր օրացույցում Հայ մամուլի օր առանձնացնելու համար, ապարդյուն չանցան: Ազգային ժողովը 2004 թ. հոկտեմբերի 16-ը վավերացրեց որպես Հայ մամուլի օր: Ու այդ օրվա խորհուրդը լրացնելու համար էր, որ Հայաստանի ժուռնալիստների միությունը հենց 2004-ից հիմք դրեց առաջին հայ պարբերաթերթի` «Ազդարարի» անունը կրող մրցանակաբաշխությանը` լրագրական ոլորտում ներդրման և նորարարության համար: Մամուլի դերն ու նշանակությունը ևս մեկ անգամ ընդգծում է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը. - Ամեն ժամանակաշրջան իր դրսևորումն ունի, ու մամուլն է այն հայելին, որը միշտ ճիշտ անդրադարձ է կատարում: Մամուլը ժողովրդի բարեկամն է ու պետության ճշմարիտ տարեգիրը: 2006 թ. մրցանակաբաշխությունը 5 անվանակարգերում էր` տպագիր մամուլ, մարզային մամուլ, հեռուստաընկերություն, լուսանկարչություն և ռադիո: Իսկ Հայրենիք-Սփյուռք կապերն ավելի ամրապնդելու առաքելությանը հավատարիմ մնալով` Համաշխարհային հայկական կոնգրեսը Հայաստանի ժուռնալիստների միության հետ համատեղ սահմանել էր նոր անվանակարգ ու հատուկ մրցանակ. բարեկամական հարաբերություններում եղած բացը լրացնելու համար: «Ազդարար» մրցանակների հանձնումը ևս յուրօրինակ հետաքրքիր ավանդույթ ունի. մրցանակները հանձնում են նախորդ տարվա մրցանակակիրները: Իսկ այս տարի մրցանակների արժանացան «Սի-Էս փաբլիշինգ հաուզ» հրատարակչության տնօրեն Վարդան Ալոյանը, «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանը, «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանը, «Վեմ» ռադիոկայանը: Լուսանկարչության ասպարեզում այս անգամ լավագույնն էր ՀԺՄ անդամ, Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը, նոր անվանակարգում «Ազդարարարի» հատուկ մրցանակի արժանացավ «Օտար, ամայի ճամփեքի վրա» հաղորդաշարի ստեղծագործական խմբի ղեկավար Ռաֆայել Հովհաննիսյանը: Այս օրն այսուհետև կկարևորեն նաև ապագա լրագրողները: Ի դեպ, Հայ մամուլի օրվա կապակցությամբ «Ազդարար» անվանական կրթաթոշակ է սահմանել Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը` ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2 գերազանցիկ ուսանողների համար (բակալավրիատ և մագիստրատուրա): Այն, որ ՀԺՄ-ն միշտ հետևում է լրագրական անցուդարձին, վկայում են յուրաքանչյուր նորարարական աշխատանքի համար նրա սահմանած մրցանակները. Հայաստանի Հանրապետության անկախության 15-ամյակին նվիրված ժուռնալիստական լավագույն աշխատանքի համար սահմանած մրցանակը, որին արժանացել էր Գյումրիի «Նոյեմի» հեռուստաստուդիան` «Անկախության հասակակիցը» տեսանյութի համար: Ինչ խոսք, ՀԺՄ-ի նման ձեռնարկումները նպաստել են մասնագիտական համերաշխությունը խորացնել և մեծացնել պատասխանատվությունը` ցանկացած իրադարձության կիզակետում հայտնվող չորրորդ իշխանության ներկայացուցիչների ու ձգտել լավագույնին...

Զարուհի ԴԻԼԱՆՅԱՆ