ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԵՎԸ` ՆԵՐՇՆՉԱՆՔ


Նկարիչ Հովիկ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ ծնվել է 1964 թ., Երևանում, Հայաստանում, որն անվանում են արևի, լեռների, ժայռերի (կամ ապառաժների), խոտառատ տափաստանային երկիր, որի սահմաններում է գտնվում բիբլիական Արարատ լեռը: Ողբերգական երկրաշարժից հետո` 1988-ին, Հովիկը մեկնեց իր հայրենիքից հեռու նոր կյանք փնտրելու: Նա գտավ այն Չեխիայում, ուր էլ բնակություն հաստատեց 1992-ից: Նա ունի հրաշալի ընտանիք և ստուդիա Պրագայի արվարձաններից մեկում, որտեղ նկարում և ցուցադրում է իր նկարները ողջ աշխարհին: Հովիկ Մուրադյանը ծնվել է նկարիչ, ակադեմիկոս Շավարշ Մուրադյանի ընտանիքում, ճանաչված է իր բնանկարներով: Հովիկն իր գեղարվեստական կրթությունն ստացել է Երևանում, Հակոբ Կոջոյանի գեղարվեստի դպրոցում և Փ. Թերլեմեզյանի անվան քոլեջում` 1976-1984 թթ.: Նրա համար ներշնչման աղբյուր են հանդիսացել երաժշտությունը, թատրոնը, գրականությունը: Նրա նկարներում արագ են փոփոխվում նրբագեղ գույները: Ընդհանրապես սահմանագծված ուրվապատկերները բնորոշ են Մուրադյանների նկարներին: Հ. Մուրադյանի կոմպոզիցիաներում ներդաշնակվում են մերկ մարմնի մասերը, երաժշտական գործիքները, հասարակ առարկաներ: Նկարչի ոճը ֆիգուրատիվ աբստրակցիան է, որը ռեալիզմին մոտ չէ: Նրա նկարները պարզորոշ կերպով դիտողին հուշում են, թե ինչ հարցեր են հուզում հեղինակին: Սիրում է կտավին հանձնել հայկական նրբագեղությունը` լուսավոր արև, ուրախ ու վառ գույներով ամառային եղանակ: Մուրադյանի նկարները ագրեսիվ չեն, ընդհակառակն, դրանցից հանդարտություն է ծորում` հեղինակի էությանը հարիր: Մշակույթի երկրպագուները երջանիկ են, որ Հ. Մուրադյանը հարստացնում է նկարների աշխարհը` այդ կերպ նա հարստացնում է բոլորիս: Հ. Մուրադյանի նկարների անձնական հավաքածուներ կան Գերմանիայում, Ֆրանսիայում, Ամերիկայում և այլ քաղաքներում: Նա միջազգային մրցանակների է արժանացել. բրոնզե (1998 թ.), ոսկե (1999 թ.) և Prix D°Arts Plastisque de La Rochelle (2004 թ.)` Ֆրանսիայում և I Prixe Libr°art Libramont (2004 թ.)` Բելգիայում: *** Վերոբերյալը մի հատված է` մեր հայրենակցի մասին Չեխիայում տպագրված ակնարկներից: Եվ այս օրերին, երբ կարճատև այցով կրկին Հայաստանում էր Հովիկը, անկարելի էր պարզապես վերստին չանդրադառնալ նրա ստեղծագործություններին, որոնց մի մասը` ալբոմի տեսքով, նա սիրով նվիրեց խմբագրությանը: Հայրենի եզերքը արվեստագետի հոգին հարստացնող անսպառ աղբյուր է: Նորանոր տպավորություններով լցված հոգով նկարիչը Հայաստանից վերադառնում է` հոգում նոր ցոլքեր, իսկ նկարներում` հայկական ոգի ամբարած: Հայաստանին վերաբերող ցանկացած մանրամասն անարձագանք չի մնում նրա կողմից: Եվ հիմա ուրախությամբ նկատում է, որ մեզ մոտ աշխուժացել է մշակութային կյանքը: Եթե համեստությունը թույլ չի տալիս խոսել սեփական հաջողությունների մասին, ապա զավակների պարագայում չի կոծկում խանդաղատանքը. 13-ամյա Աննա դուստրը փորձում է շարունակել հոր ուղին, իսկ որդին` Դավիթը, ավելի հակված է դեպի սպորտը: Երեխաները հաճախում են տեղի հայկական շաբաթօրյա դպրոցը և կարդում ու գրում են մայրենի լեզվով: Ընտանիքում խոսակցական լեզուն, բնականաբար, հայերենն է: - Բարեբախտաբար, Չեխիայում կարողանում ենք դիտել հայկական առաջին հեռուստաալիքը,- պատմում է նկարիչը,- հետևում ենք հայաստանյան նորություններին, որոնք միշտ էլ հետաքրքիր են: Չեխիայի ու չեխ ժողովրդի մասին արտահայտվում է զուսպ, հարգանքով, փորձում է համեմատության եզրեր գտնել իր հայրենիքի և իրեն հյուրընկալած երկրի միջև: Այդուհանդերձ, ասում է, որ միշտ զգում է հայկական ջերմության պակասը: Չեխիայի Բերոն քաղաքի թանգարանում վերջերս կազմակերպված արտասովոր ցուցադրությունը գուցեև մեզ այնքան էլ չոգևորեր, եթե սրահի գողտրիկ մի անկյունը` ողողված հայկական լույսով ու ջերմությամբ, իր վրա չհրավիրեր այցելուների հիացական հայացքները: Հայաստանից հեռու` Հայաստանի արևոտ շունչն էր փոխանցում օտարազգի արվեստասերներին ծնունդով երևանցի նկարիչ Հովիկ Մուրադյանը: Երիտասարդ նկարիչը ճակատագրի բերումով հասել է Չեխիա, որտեղ էլ կարողացավ կատարելագործել բնությունից ու նկարիչ հորից ժառանգած շնորհը: Անուրանալի տաղանդը, եռանդուն ու համառ աշխատանքը տվեցին իրենց պտուղները: Հաջողություններն ակնհայտ էին: Դրանք, սակայն, երիտասարդ նկարչին, ով հպարտությամբ է խոսում իր հայ լինելու մասին, ուրախացնում էին ամենից առաջ հայ մարդու տեսանկյունից: - Թող աշխարհում բոլորն իմանան հայկական մշակույթի, հայ արվեստի մասին: Դա նպաստող գործոն է: Իր ընտրած ոճը նա ամենահոգեմոտն է համարում և խոստովանում է, որ նկարելիս մտածված չի ընտրում գույնը, պատկերները. երևակայությունն է հուշում` որ գույնը ընտրել: Եվրոպական քաղաքակրթությանն ու նրա բերած արժեքներին անդրադառնալիս Հովիկ Մուրադյանը նշում է, որ պետք չէ կուրորեն ընդունել Եվրոպայից ներթափանցած յուրաքանչյուր երևույթ` դրան քաղաքակրթություն անունը տալով: Ուրախ է, որ Հայաստանում թմրամոլության ու համասեռամոլության երևույթները (որոնք դարձյալ եվրոպական «քաղաքակրթության» «արժեքներից» են) հազվադեպ են հանդիպում: Հայաստանն ապագայում նկարչին պատկերանում է իբրև սոցիալապես կայուն ու ապահովված երկիր: Ու թաքուն մի հույս կա անթեղված իր սրտում` աշխարհասփյուռ հայերը մի օր անպայման կվերադառնան Մայր Հայաստան: Ուր էլ որ լինի հայը, պիտի ստեղծագործի: Օրինակներից մեկն էլ Հովիկ Մուրադյանն է, ով տարիների համառ ու համբերատար աշխատանքով կայացել է որպես լավագույն արվեստագետ` իր երփնապնակով հիացնելով անգամ օտարին` աշխարհի բոլոր ծագերում: Իսկ մեզ` հայերիս, ևս մեկ շնորհաշատ հայորդու հաջողություններով հպարտանալու հնարավորություն է ընձեռել:

Արմինե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ , Հայկանուշ ԹՈՐՈՍՅԱՆ