ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԳՅՈՒՄՐՈՒ ՇՈՒՐՋ


 

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախօրյակին հանրապետության երկրորդ քաղաքը հայտնվել է համընդհանուր ուշադրության կենտրոնում: Եվ այս ուշադրությունը բնական է. մայրաքաղաքում քաղաքապետին ընտրում է ավագանին, իսկ ահա Գյումրիում ուղղակի ընտրություններ են: Իշխանությունների և տարբեր քաղաքական ուժերի ուշադրությունը հիմա ավելի է նշանակալի դառնում, որովհետև Գյումրին Թուրքիայի հետ ամենամերձ սահմանն ունեցող քաղաքն է: Այստեղ են տեղակայված ռուսական բանակի առաջավոր ուժերը: Գյումրին ամենաաղքատն է ողջ հանրապետությունում. այստեղ արձանագրված են գործազրկության ամենաբարձր ցուցանիշները, որոնք շատ վաղուց անցել են ողջամտության ու թույլատրելիության բոլոր սահմանները և արդեն խիստ անհանգստացնող են:

Նախընտրական զարգացումների խորապատկերին` ուշագրավ է դառնում օրերս ԱԺ-ում Հովիկ Աբրահամյանի և Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հանդիպումը: Որոշ լրատվամիջոցներ շտապեցին եզրակացնել, թե հանդիպման նպատակն է եղել Վարդան Ղուկասյանին համոզել` չառաջադրելու իր թեկնածությունը: Կարելի էր համաձայնել նման մեկնաբանության հետ, եթե չլինեին մի շարք հանգամանքներ:

Օրերս քաղաքապետի մամուլի խոսնակ Լիլիթ Աղղեկյանը հայտարարեց, որ Վարդան Ղուկասյանն առաջադրվելու է` անկախ Հանրապետական կուսակցության կայացնելիք որոշման: Նշանակում է` ՀՀԿ-ում այնքան էլ կողմ չեն, որ Վարդան Ղուկասյանը նորից առաջադրվի: Իսկ նրա չառաջադրվելու դեպքում` իշխանությունն ընդամենը մեկ թեկնածուի կարող է հենվել` ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի: Ասում ենք` այս թեկնածուի, որովհետև Մարտուն Գրիգորյանն էլ որոշակի կլանի ներկայացուցիչ է, և նրա ընտրվելու դեպքում իշխանությունը մի կլանից կանցնի մյուսին` նորից լարված պահելով քրեածին իրավիճակը Գյումրիում:

Ինքը` ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը, խաղաղ անձնավորություն է, աչքի չի ընկել քրեական պատմությունների մեջ ներքաշվածությամբ: Բայց այս օրերին իշխանության նեղ շրջանակներում քննարկվում են նրա հարազատների հարցերը, որոնք էլ կարող են հիմնական խոչընդոտ լինել Մարտուն Գրիգորյանի առաջադրման դեպքում: Պատահական չէր, որ վերջերս պաշտոնանկ արվեց Գյումրու ամենասկանդալային և ամենախայտառակված իրավապահներից մեկը` Շիրակի մարզի քննչական բաժնի պետ Կարուշ Թովմասյանը, ով Գրիգորյանի հորեղբոր որդու աներն է:

Իշխանությունները չեն աջակցի նաև Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանին, ով նույնպես ԲՀԿ անդամ է և ում գլխավորած ինստիտուտում այժմ ստուգումներ են ընթանում: Պատահական չեն ընտրված ստուգումների ժամկետները, սա հուշում է Վարդևան Գրիգորյանին` չառաջադրել սեփական թեկնածությունը քաղաքապետի պաշտոնում: Ուրեմն, մնում է Սամվել Բալասանյանը:

«Բարգավաճ Հայաստանից» մեզ հավաստիացրեցին, որ առայժմ չի քննարկվել Գյումրու քաղաքապետի թեկնածության առաջադրման հարցը, սակայն մենք առավել իրազեկ աղբյուրներից տեղյակ ենք, որ Գագիկ Ծառուկյանը դեմ չէ Բալասանյանին:

Նախընտրական գործընթացներից Վարդան Ղուկասյանի դուրսմղումը բավական ռիսկային կարող է համարվել, քանի որ գործող քաղաքապետն ունի իր կայուն ընտրազանգվածը` կազմված սոցիալապես անապահով խավերի և քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կառույցների ներկայացուցիչներից, ինչպես նաև գործարար ու կրիմինալ աշխարհներից: Նրանք միշտ էլ «մատյան գնդի» դերն են կատարում ընտրությունների ժամանակ և կարող են լուրջ խնդիրներ առաջացնել: Ոմանք պնդում են, թե Վարդան Ղուկասյանին խաղից հանելու գլխավոր խաղաթուղթը խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի` Գյումրիում գրանցած բացասական «սալտոն» է: Սակայն այստեղ պետք է խորաթափանցորեն վերլուծել և պարզել, թե ում էր ձեռնտու, որպեսզի նախագահի կուսակցությունը պարտություն կրեր Գյումրիում` հաղթելով մարզում: Ակնհայտ է, որ այս արդյունքները հետևանք են Վարդան Ղուկասյան-Աշոտ Գիզիրյան հակամարտության: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Աշոտ Գիզիրյանը շատ սերտ հարաբերություններ ունի հանուն ԲՀԿ-ի պայքարող Գրիգորյան ընտանիքի հետ` ողջ իրավիճակն ավելի պարզ կդառնա:

Ի՞նչ են քննարկել Հովիկ Աբրահամյանն ու Վարդան Ղուկասյանը` չգիտենք, սակայն համոզված ենք, որ Վարդան Ղուկասյանն ԱԺ նախագահի առանձնասենյակից հեռացել է այն հաստատ որոշմամբ, որ անպայմանորեն առաջադրվելու է: Գուցե իշխանություններն, այնուամենայնիվ, համաձայնեն Վարդան Ղուկասյանի առաջադրմանը` այսպիսով նրա վրա դնելով նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին ձայներ ապահովելու պարտականությունը: Գուցե: Բայց եթե խնդիրը միայն ձայները լինեն, ապա այդ գործառույթը Սամվել Բալասանյանն էլ վատ չի կատարի` ունենալով իշխանություններին մշտապես ծառայելու պատրաստակամություն և փորձ: Սակայն այս դեպքում հարց կառաջանա. եթե Բալասանյանը դառնում է քաղաքապետ, ապա այդ դեպքում ինչ է հայտարարելու ԲՀԿ-ն` իշխանության մեջ լինել-չլինելու մասին:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ