«ՆԱԻՐԻՏԻ» ԴԺՎԱՐԻՆ ՕՐԵՐԸ


 

Հայաստանյան տնտեսության գլխավոր հենարաններից մեկի` «Նաիրիտի» ճակատագիրը շարունակում է մնալ անորոշ, ինչպես ասում են, օդից կախված: Ձեռնարկության բաժնետոմսերի 90 տոկոսը պատկանում է Rhinoville ProΘerty LiΗited ընկերությունը, որը 2006 թվականին ԱՊՀ Միջպետական բանկից 70 մլն դոլար վարկ էր վերցրել` գրավ դնելով գործարանը: Իբր արտադրության վերազինման համար վերցված վարկն այդպես էլ իր նպատակին չէր ծառայել: Գործարանի ղեկավարությունը չէր կարողացել մարել վարկը, և 2011 թվականից գործարանը դարձել է բանկի սեփականությունը:

Խոսակցություններ են պտտվում, թե «Նաիրիտում» իր բաժնեմասն ունի նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը, սակայն այդ թեման թողնելով անպտուղ ասեկոսեների շարքում, պարզապես նկատենք, որ ձեռնարկության անորոշ վիճակն ու պարապուրդն արդյունք են ապաշնորհ տնտեսական քաղաքականության: Քիչ չեն այն հայերը, ովքեր ունեն 200 միլիոն դոլարից ավելի գումար, ուստի կառավարությունը կարող էր նրանց հետ բանակցություններ վարել, գայթակղիչ առաջարկություններ անել` նրանց միջոցով կամ ոչ անհատույց օժանդակությամբ փրկելու «Նաիրիտը»: Բայց մինչև օրս որևէ հայ գործարարի հետ բանակցություն չի վարվել, որևէ մեկին առաջարկություն չի արվել: Տպավորությունն այնպիսին է, որ ոմանց ձեռնտու է այս վիճակը. աստիճանաբար կքայքայվի հզոր ձեռնարկությունը (որը կարող է համաշխարհային շուկայում առաջատար լինել), մաս-մաս կվաճառվի, իսկ մնացածին էլ տեր կկանգնի նա, ով պատասխանատվություն պիտի կրեր ստեղծված վիճակի համար: