Նախապատրաստվում են


 

Հայաստանում նախագահի ընտրությանը դեռ բավական ժամանակ կա, բայց քաղաքական ուժերն արդեն խոսում են ընդդիմության հնարավոր միասնական թեկնածուի մասին: Այդ` ընտրական գործընթացների շուրջ է զրույցը «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ:

Միասնական թեկնածուի հարցի քննարկումն արդյո՞ք նշանակում է, որ ընդդիմությունը վստահ չէ իր ուժերին:

- Այս ժամանակահատվածում այդպիսի ակտիվությունը նորմալ է, որովհետև սա նախագահական ընտրություններից առաջ վերջին ամառն է: Ընդդիմության միասնական թեկնածուի փնտրտուքը նոր չէ և հիմքում ունի օբյեկտիվ պատճառներ: Հայաստանը դեռևս բավական հեռու է ընտրական արդար մեխանիզմներից, և քաղաքական դաշտն էլ, ըստ էության, իր կայացածությամբ չի փայլում: Ուստի և անհրաժեշտություն է առաջանում, հնարավորինս միասնական թեկնածուով պայքարել հնարավոր կեղծիքների դեմ` այդպիսով լուծելով մի քանի խնդիր: Առաջին հերթին հասարակության տրամադրությունների կենտրոնացվածություն մեկ թեկնածուի շուրջ: Երկրորդ` ընտրական գործընթացը հնարավորինս ավելի կառավարելի դարձնել ընդդիմության համար: Իհարկե, քաղաքական ուժերն ունեն իրենց ծրագրերը, և հնարավոր է, որ նրանք միայնակ մասնակցեն` հանրությանն ընկալելի թեկնածու ներկայացնելու, քաղաքական ուժի վարկանիշը բարձրացնելու համար: Բայց ցանկացած պարագայում միասնական թեկնածուով պայքարը շատ ավելի արդյունավետ է:

Մենք փորձ ունենք, երբ ԱԺ ընտրություններում ձևավորվեց երեք կուսակցությունների միասնական շտաբ. բայց այն այնքան էլ արդյունավետ չգործեց: Շտաբին անդամակցող կուսակցություններն աչք փակեցին իրենցից մեկի կողմից կատարվող ընտրակեղծիքի` ընտրակաշառք բաժանելու փաստի վրա: Որքանո՞վ եք համոզված, որ միասնական թեկնածուի շուրջ համախմբված ուժերը չեն կրկնի նույն փաստը` հերթական անգամ հուսախաբ անելով իրենց համակիրներին:

- Համեմատել պետք չի, որովհետև խորհրդարանական ընտրություններում այդ ուժերն առանձին էին մասնակցում: Ընտրախախտումների դեմ այդ միասնական շտաբն ընդամենը քաղտեխնոլոգիա էր, որի դիրիժորը` Հմայակ Հովհաննիսյանն ինքը դուրս մնաց խորհրդարանից: Պարզ է, որ այդտեղ կային քաղաքական երեք տարբեր ուժեր` տարբեր շահերով: Դա միասնական մեկ դաշինք չէր: Իսկ նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածուն կարող է այլ պատկեր, այլ իրավիճակ ստեղծել: Բայց այս դեպքում պետք է խոսվի այնպիսի թեկնածուի մասին, ով արժեքային ցանկալի համակարգի, բարեփոխումների կրողն է, իրական ժողովրդավարության կրողն է, նախկինում իշխանության մեջ լինելով` բացասական կապերով ծանրաբեռնված չէ և իսկապես կարող է հասարակության ընդդիմադիր հատվածի համախմբողը դառնալ: Հակառակ պարագայում, եթե պայքարը լինի ֆինանսական, զուտ կազմակերպչական առումով` մարդկային ռեսուրսների շուրջ, ապա բնականաբար իշխանությունն ավելի շատ ռեսուրս կունենա: Մենք իշխանությանը կարող ենք միայն արժեքային համակարգով պայքարելու դեպքում հաղթել: Եթե արժեքային համակարգի առումով կարողանանք միասնական թեկնածու ունենալ, կարծում եմ` պայքարել իշխանության հետ կարելի է:

Բայց յուրաքանչյուր կուսակցություն կարող է իր թեկնածուին համարել միասնական: Ըստ էության, այսօր այդպիսի պատկեր է կարծես ուրվագծվում: Դուք որքանո՞վ եք համոզված, որ ընդդիմությանը կհաջողվի այդպիսի թեկնածու առաջադրել :

- Կարծում եմ` դեռ վաղ է խոսել այն մասին, թե որքանով կհաջողվի ներկայացնել նման միասնական թեկնածու: Քաղաքական դաշտն այդ առումով դեռ զարգացումների մեջ է: Իմ պարագայում ես ունեմ նախագահի այլընտրանքային թեկնածու: Րաֆֆի Հովհանիսյանին նկատի ունեմ, ՀՀ առաջին արտգործնախարար եղած տարիներին որևէ բացասական հետք իր հետևից չթողեց: Առավել ևս` այս տարիների ընթացքում ցույց է տվել, թե ինչ արժեքային համակարգի հետևորդ է: Կարծում եմ` նրա նման գործիչը, որպես խարիզմատիկ առաջնորդ, կարող է լինել միասնական թեկնածու:

Միասնական թեկնածուի անհրաժեշտության մասին վերջերս բարձրաձայնեց ՀՅԴ-ն, ինչն ինչ-որ տեղ տարակուսանք է հարուցում, որովհետև այդ քաղաքական ուժը գրեթե միշտ հանդես է եկել իր թեկնածուով: Չհաշված իհարկե 1996 թվականը: Ի՞նչ եք կարծում, օրինակ` ՀՅԴ-ն կարո՞ղ է սատարել Րաֆֆի Հովհաննիսյանին:

- ՀՅԴ մեր գործընկերները Գերագույն ժողովից հետո հստակ նշեցին, եթե որևէ մեկին պաշտպանեն, ինչ պետք է նա անի: Առաջին հերթին պետք է ընդդիմությանը վերահսկողական լայն լիազորություններ տալու, Սահմանադրական փոփոխության մասին արտահայտվի, որ Հայաստանը դառնա պառլամենտական հանրապետություն: Այդ երկու կետերի մասին էլ «Ժառանգությունը» դեռևս անցյալ տարի իր խորհրդի որոշման մեջ արտահայտվել է:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ