Հանցավոր միտքն էլ հանցանք է


 

Չարանալու պատճառներն էլ օրինաչափության չեն ենթարկվում: Օրինակ, ո՞նց կարող ես մտածել քեզ կերակրողին ոչնչացնելու մասին: Էլ չենք ասում` քեզ իր կյանքը վստահողին սպանելու մասին, երբ քո միակ պարտականությունը նրան ուրիշներից, չարից ու փորձանքից պաշտպանելն է: Ու մանավանդ` քեզ վստահողն էլ երկրիդ առաջին տիկինն է: Բայց ահա Միացյալ Նահանգների նախագահի ու նրա կնոջ թիկնազորի մոտոցիկլիստներից մեկը մտովի որոճացել է սպանել Միշել Օբամային: Համենայնդեպս` իր «պաշտոնակցի» հետ անկեղծանալով, նա բերանից թռցրել է, թե պատրաստվում է կրակել Միշելին: Նա նույնիսկ իր բջջային հեռախոսի մեջ պահում է այն ատրճանակի լուսանկարը, որով կուզենար կրակել Առաջին տիկնոջը և ընկերոջը ցույց է տվել այդ նկարը (ուրբաթ օրը գրել է WΖshington Post-ը):

Դրանից հետո «անաղուհաց» պարծենկոտը և նրա զառանցանքները լսած բոլոր ծառայակիցները ժամանակավորապես հեռացվել են իրենց պարտականություններից:

- Մենք ենթադրյալ տեղեկություն ենք ստացել այն մասին, որ տեղի են ունեցել անթույլատրելի արտահայտություններ: Ներկայումս անցկացնում ենք հետաքննություն,- ասել է մայրաքաղաքային ոստիկանության մամլո քարտուղար Գվենդոլին Կրամպը:

Վաշինգտոնի դատարանը գործ է հարուցել արկածախնդիր թիկնապահ-ոստիկանի նկատմամբ. նա ձերբակալվել է: