«Օբաման լավ երիտասարդ է»


 

Պետության ղեկավարներն էլ միմյանց անձերի մասին մասնավոր կարծիք չունենալ չեն կարող: Բայց սովորաբար դա չեն բարձրաձայնում. համենայն դեպս` իշխանավարման ընթացքում: Ուգո Չավեսը, սակայն, օրերս նորից «փայլել» է իր ինքնօրինակությամբ ու ամերիկացի իր պաշտոնակցի մասին բարձրաձայնած կարծիքով:

- Ես մտածում եմ, որ Բարաք Օբաման լավ երիտասարդ է, եթե չհաշվենք այն, որ նա ԱՄՆ-ի նախագահն է,- նախօրեին հեռուստաեթերում հայտարարել է նա:

Վենեսուելայի նախագահը մեկնաբանել է Օբամայի նախընտրական հարցազրույցներից մեկը, որում հայտարարել է, թե Չավեսն Ամերիկայի համար սպառնալիք չէ: Փոխարենը` Օբաման քննադատել է Ուգոյի մրցակից Միթթ Ռոմնիին և ասել, որ նա պարզապես «վախեցել» է Չավեսից:

Չավեսի խոսքերով` հարկավոր է հասկանալ, որ Օբաման նախագահական արշավ է վարում և նրա բոլոր հայտարարությունները պետք է ընկալել այդ ենթատեքստում:

- Վենեսուելան այսօր որևէ մեկի համար վտանգ չի ներկայացնում,- իր խոսքը եզրափակել է Ուգոն:

Ի դեպ, հետաքրքրական է, որ երկու նախագահների ընտրությունները գրեթե միաժամանակ են: Վերլուծաբանների կարծիքով` ամենայն հավանականությամբ այս աշնանը Չավեսը վերստին կդառնա Վենեսուելայի նախագահ` չնայած միացյալ ընդդիմության միասնական թեկնածուի լուրջ մրցակցությանը: Նրան կարող է խոչընդոտել միայն առողջությունը, թեև վերջերս նա հայտարարել է, որ լիովին ապաքինվել է: Հիշեցնենք, որ նա մի քանի անգամ վիրահատվել է` քաղցկեղային ուռուցքը հեռացնելով: