Բամբասասերներն ամենուր են


 

Նույնիսկ` ազատ բարքերի հայրենիք Ֆրանսիայում: Այստեղ ևս սիրում են քննարկել նշանավոր մարդկանց անձնական կյանքի մանրամասները: Նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդն էլ չէր կարող վրիպել հետաքրքրասեր աչքերից: Բնականաբար` այդ մանրամասները «գաղտնարաններից» դուրս են բերվում տվյալ անձի կամ ընտանիքի մտերիմների «շնորհիվ»: Եվ նորընծա պաշտոնյան ստիպված է եղել մերձավորներից պահանջել, որ չմիախառնեն իր անձնական և հասարակական կյանքը: Պահանջել է հրապարակավ` հեռուստահարցազրույցի ժամանակ: Առիթը նրա ներկա ընկերուհու` Վալերի Թրիերվեյլերի անվան շուրջ ծագած աղմկարարությունն է:

Վալերին ինքն է հրահրել այդ սկանդալը` Twitter սոցցանցում պաշտպանելով մերժված սոցիալիստ Օլիվյե Ֆալորնիին, ով խորհրդարանական ընտրություններում Օլանդի նախկին ընկերուհի Սեգոլեն Ռուայալի մրցակիցն է:

Կանացի խանդ` կմեկնաբանեն շատերը: Թերևս, բայց արդյո՞ք անցյալ ժամանակով խանդելու առիթ ունի առաջին տիկնոջ դերակատարուհին…

Նախագահի նախկին սիրուհին հաղթել է հունիսին կայացած ընտրությունների երկրորդ փուլում, իսկ Թրիերվեյլերը շատերի կողմից սուր քննադատության թիրախ է դարձել: Նրան դատապարտել է նաև Օլանդի ու Ռուայալի ավագ որդին` Թոմը: Ֆրանսիական լրատվամիջոցները տեղեկացրել են, որ Ռուայայի 4 երեխաներն այլևս տեսնել չեն ուզում իրենց հոր նոր կողակցին: Ավելին, Le Point պարբերականին տված հարցազրույցում Թոմը հայտարարել է, որ Թրիերվեյլերը խաթարում է «նորմալ նախագահի» կերպարը, որը ջանում է ստեղծել իրենց հայրը:

Իսկ Օլանդը, փորձելով պահպանել հոր և նախագահի կերպարը, ասել է.

- Ես տարանջատում եմ մասնավոր և հասարակական կյանքն ու կարծիքը. մասնավոր խնդիրները լուծվում են մասնավոր կյանքի շրջանակներում: Իմ մերձավորներին ասել եմ, որպեսզի նրանք պահպանեն այս սկզբունքը:

Նա հավելել է, որ մտադիր չէ առաջին տիկնոջ հատուկ կարգավիճակ ստեղծել Թրիերվեյլերի համար, ով զբաղվում է ժուռնալիստիկայով:

- Վալերին կամենում է շարունակել իր մասնագիտական գործունեությունը. ես դա հասկանում եմ: Հեշտ չէ այդ տեղը զբաղեցնել: Այնուամենայնիվ, ամեն անգամ, երբ պետք կլինի պահպանել արարողակարգի կանոնները, դրանք կպահպանվեն,- հավաստիացրել է Ֆրանսիո նախագահը:

Հավաստիացրել է, բայց լրագրողուհուն կհաջողվի՞ ձերբազատվել կանացի խարդավանքներից և առիթ չգտնել` դատափետելու խորհրդարանական դարձած իր մրցակցուհուն: