Հարցադրման կարգով


 

Հայ ժողովուրդն իր բազմադարյա գոյության ընթացքում աչքի է ընկել ոչ միայն հսկայական բերդեր, հոյակապ եկեղեցիներ, ժանեկազարդ խաչքարեր, երկարաձիգ ջրանցքներ ու կանաչազարդ տարածքներ հիմնելով, այլև ջրամբարներ կառուցելով:

Համաշխարհային կլիմայի փոփոխումն ու գլոբալ տաքացումը այսօր հրատապ խնդիրներից են ողջ մարդկության համար և առավել ևս սակավաջուր պաշարներ ունեցող մեր հանրապետության համար:

Գյուղատնտեսության նյութատեխնիկական բազայի ամրապնդման ու կատարելագործման, պարենային ռեսուրսների անվտանգության ապահովման գործում առաջնայինը համարվում է ջրային պաշարների կուտակումը ու պահպանումը, նրա արդյունավետ օգտագործումը, նոր ջրամբարների նախագծումն ու կառուցումը:

Անհրաժեշտ է այժմվանից զբաղվել ջրային նոր պաշարների կուտակման և պահպանման, նոր բուսատեսակների ստեղծման, կենդանիների բուծման ու պաշտպանական ծառաշերտերի տնկման աշխատանքներով:

Առաջարկվող հիմնախնդիրները կյանքի կոչելու համար, կարծում ենք հրամայական պահանջ է 400-500 մլն խոր.մ տարողությամբ նոր ջրամբար կառուցելը` նախկին Թալինի, Աշտարակի, Էջմիածնի և Հոկտեմբերյանի շրջանների սահմանային հատվածում: Ջրամբարի սնման աղբյուրը կլինի հանրապետության 9479 գետերից ամենակայուն ջրային ռեժիմ ունեցող Մեծամոր (Սև ջուր) գետը, որի տարեկան հոսքը կազմում է շուրջ 1050 մլն խոր.մ: Եթե կասպիական նավթը, Ռուսաստանի նավթն ու գազը հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա հարյուրավոր հզոր պոմպակայանների միջոցով հասնում են Եվրոպական երկրներ, իսկ ինչո՞ւ չի կարելի ընդամենը 20 կմ հեռավորության վրա ջուրը մղել դեպի ջրամբար հզոր պոմպակայանի օգնությամբ:

Ջրամբարը կկրի «Արմավիր» անունը, որի շահագործման դեպքում մոտ ապագայում հնարավոր կլինի ոռոգելի դարձնել նաև շրջակա կիսաանապատային նոր հողեր, ինչպես նաև ապահովել հազարավոր հեկտարներ հողերի ոռոգումն Արարատյան հարթավայրում` թեթևացնելով նաև Սևանա լճի հոգսը: Բացի այդ, այն դրականորեն կազդի շրջակա միջավայրի կլիմայի վրա, կհարստանա բուսական և կենդանական աշխարհը, հնարավորություն կստեղծվի զարգացնելու ձկնաբուծությունը, կբացվեն նոր աշխատատեղեր և միաժամանակ լավագույն հանգստի գոտի կլինի ազգաբնակչության համար:

Այսօրվա դրությամբ Արաբական երկրներից Սիրիան և Իրաքը դիվանագիտական պատերազմի մեջ են իրենց հարևան Թուրքիայի հետ: Թուրքիան տարիներ առաջ Եփրատ և Տիգրիս գետերի վրա կառուցել է խոշոր ջրամբարներ, որի հետևանքով Իրաքում 1,5 մլն, իսկ Սիրիայում 0,6 մլն հեկտար ցանքատարածություններ մնացել են անջրդի և չորանում են: Տարիներ հետո հնարավոր է, որ նույնը կատարվի մեր հանրապետության հետ, և Արարատյան դաշտը վերածվի անապատի: Տեղեկություններ կան այն մասին, որ Թուրքիան նախատեսել է Արաքս գետի վրա կառուցել խոշոր ջրամբար: Դա նշանակում է, որ տարիներ հետո մենք Արաքսից ջուր չենք ստանալու: Հետևաբար «Արմավիր» ջրամբարի կառուցումը կենսական պահանջ է:

«Արմավիր» ջրամբարը նախագծելու ու կառուցելու համար անհրաժեշտ է պետական մտածելակերպ և աջակցություն: Անհրաժեշտ է փնտրել բարեգործներ` ինչպես մեր երկրում, այնպես էլ Սփյուռքում, կազմակերպել բարեգործական դրամահավաքներ, հիմնել «Արմավիրր» հիմնադրամ և ազգովի կառուցել կենսական նշանակություն ունեցող այդ ջրամբարը:

Մինչ ե՞րբ պետք է հայոց գետերը օտար պետությունների համար բարիքի աղբյուր դառնան:

Սա´ է ժամանակի հրամայականը:

Էդվարդ ԱՍԱՏՐՅԱՆ

ՀՀ հանրային խորհրդի գյուղատնտեսության և բնապահպանական հանձնաժողովի անդամ, վաստակավոր գյուղատնտես