ԱՇԽԱՏԱՍԵՐ ՄԱՐԴԿԱՆՑ ԵՐԿԻՐԸ


 

- Ուրեմն սա՞ է աշխատասեր մարդկանց երկիրը:- Հարցրեց Աստծո դեսպանն իրեն ուղեկցող պաշտոնյային:

- Այո´, այո´, սա է:- Ասաց պաշտոնյան:- Ու միայն վերջերս է, որ մեր երկիրն այսպես բարգավաճեց: Եվ դա միայն մեկ պատճառ ունի. ժողովուրդն սկսեց աշխատել, ջանասիրաբա´ր աշխատել:

- Պարզ է,- ասաց դեսպանը:- Տերը ցանկանում է ձեզ պարգևատրել, ու ես հիմա ուզում եմ շրջել ձեր երկրում, պարզել առաջընթացի գաղտնիքը:

- Խնդրե´մ, խնդրե´մ:- Ուրախացավ պաշտոնյան:- Հենց այստեղից էլ կարող ենք սկսել: Ահա, նայեք այս կողմը, այս դաշտերին:- Ցույց տվեց պաշտոնյան:- Տեսնո՞ւմ եք` նույնիսկ այս կիզիչ շոգին ժողովուրդն աշխատում է: Աշխատում է վաղ առավոտից և կաշխատի մինչև ուշ երեկո, մինչև մայրամուտ: Ուրիշ որտե՞ղ կգտնեք այսպիսի աշխատասեր մարդկանց:

- Այո´, այո´,- հավանության նշան արեց դեսպանը, ու նրանք շարժվեցին առաջ: Անցան դաշտերի ու այգիների միջով, մտան քաղաք:

- Նույնը այստեղ է,- շարունակեց պաշտոնյան:- Բանվորները նույնպես զօր ու գիշեր աշխատում են: Այս բոլոր նորակառույց շենքերը նրանց աշխատանքով են կառուցվել: Այս ամբողջն ստեղծվել է շատ կարճ ժամանակում` ընդամենը մեկ տարում: Պատկերացնո՞ւմ եք:

- Այո´, այո´,- կրկին հավանություն տվեց դեսպանը:- Զարմանալի է...

- Եվ, կհավատա՞ք, այստեղ չկա ոչ մի շահագործում,- կասկած չհարուցող տոնով շարունակեց պաշտոնյան:- Պարզապես ամեն ոք պարտաճանաչ է: Ամեն ոք վարձատրվում է իր աշխատանքին համեմատ: Իսկ շատերի աշխատավայրն իրենց իսկ սեփականությունն է: Ասել է` իրենք են իրենց տնօրենն ու բանվորը:

- Եվ ի՞նչ: Արդյո՞ւնքը,- հարցրեց դեսպանը:

- Պատկերացրեք, որ աշխատելու առումով ոչ մի տարբերություն չկա,- պարզաբանեց պաշտոնյան:- Դեռ ավելին. հաճախ նրանք ավելի շատ են աշխատում, քան մյուսները:

Դեսպանը կրկին նայեց չորս կողմը, իսկ պաշտոնյան շարունակեց.

- Ահա, այն շենքում աշխատում են գրողները: Նրանք նույնպես շատ աշխատասեր են: Գրում են, միշտ գրում... Եվ բավական լավ են վարձատրվում, հոնորար են ստանում: Իսկ սա լրա-գրողների տունն է:- Մեկ այլ շենք ցույց տվեց պաշտոնյան:- Այստեղ նույնպես աշխատանքը եռում է. ինչ ասես` չեն գրում: Չեք պատկերացնի, թե արդեն որքան թերթ ու ամսագիր է հրատարակվում:

- Պարզ է,- արձագանքեց դեսպանը:

- Եվ հավատացեք, որ նույն ծանրաբեռնվածությամբ աշխատում են դերասանները, նկարիչները, երգիչները…

- Արդեն չեմ կասկածում,- ասաց դեսպանը:

- Նույն բարեխիղճ աշխատանքն է գործարաններում ու հիմնարկներում: Այստեղ բոլորը` բանվորից մինչև նախագահ, օրնիբուն աշխատում են: Սա է մեր առաջընթացի գաղտնիքը: Սա է այդ գաղտնիքի միակ բանալին:

Նրանք ողջ օրը շրջեցին: Պաշտոնյան պատմեց, թե որքան բան է ստեղծվել այդ ժողովրդի աշխատանքի շնորհիվ: Եվ դեսպանը համոզվեց, որ դա իսկապես աշխատասեր ժողովուրդ է. որ իսկապես աշխատում է քրտնաջան, զօր ու գիշեր, օրնիբուն:

Եվ նա մի ամբողջ օր ամփոփեց տեսածն ու լսածը, խորհեց, հետևություններ արեց: Իսկ երբ ներկայացավ Տիրոջը, նրա խոսք եղավ բավական ամփոփ.

- Այդ երկիրը, Տեր իմ,- ասաց,- կկործանվի նույն արագությամբ, ինչպես կառուցվել է...

- Ինչո՞ւ,- զարմացավ Տերը:

- Որովհետև այդ աշխատանքը շահախնդիր աշխատանք է: Այդ աշխատանքի մեծ մասն աշխատանք է հանուն աշխատանքի, ինքնանպատակ է: Աշխատանք է ստամոքսի համար:

- Եվ ինչո՞ւ,- կրկին հարցրեց Տերը:

- Որովհետև,- մի պահ դադար տվեց դեսպանը,- գրողը գրում է, ողջ օրը գրում, իսկ ժողովուրդը, աշխատասեր ժողովուրդը չի կարդում: Չի կարդում, քանի որ ժամանակ չունի: Չունի, որովհետև նա նույնպես աշխատում է, օրնիբուն աշխատում: Այսպես` չընթերցված են մնում հազարավոր թերթերը, գրքերը... Դերասանն էլ հանդիսատես չի ունենում, որովհետև նրա հանդիսատեսը` գրողը, լրագրողը, շինարարը, ողջ օրն աշխատում են... Այնտեղ երգիչը ցուցահանդես չի գնում, որովհետև ամեն օր համերգ ունի, պիտի պատրաստվի, աշխատի: Նա ուրիշի աշխատանքը վայելելու ժամանակ չունի: Եվ նկարիչն էլ չի գնում համերգ, որովհետև ինքն էլ աշխատասեր է, պիտի նկարի: Եվ այսպես այնտեղ բոլորն աշխատում են, միայն աշխատում:

Տերը ուշադիր լսեց դեսպանին, համբերությամբ լսեց և թե ինչ ասաց, չգիտենք, բայց ասում են, որ երկար-երկար մտորեց:

Գուրգեն ՄԻՔԱՅԵԼՅԱՆ