ՈՒՐ ԵՆ ԳՆՈՒՄ ՏԱՂԱՆԴՆԵՐԸ


 

«Շանթ» հեռուստաընկերության կազմակերպած «Ժողովրդական երգիչ» նախագիծը մեր օրերի ամենաուշագրավ իրողություններից մեկը դարձավ: Դարձավ այն հրաշալի նախաձեռնություններից մեկը, որի շնորհիվ ոչ միայն ժողովրդական ու աշուղական երգը սկսեց վերադառնալ մոռացությունից, այլև բացահայտվեցին մեծ թվով շնորհալիներ: «Ժողովրդական երգիչն» ապացուցեց, որ հանրության լայն շրջանները զգում են այդ երգի կարիքը, որ դրանք այն գոհարներն են, որոնք հարյուրամյակների ընթացքում դարձել են ժողովրդի հոգևոր մշակույթի անբաղդատելի իրողությունները: Կարծես մոռացության մատնված երգերի կատարողները նաև յուրովի հակադրվում են այսպես կոչված շոուբիզնեսային գեշ ճաշակներին, մատուցվող ցածրաճաշակ, ազգային երգի հետ որևէ աղերս չունեցող «ստեղծագործություններին», որոնցով ողողված են ռադիո և հեռուստատեսային եթերները, մեր համերգային բեմերը:

Արդեն նշեցինք, որ անցած տարիների ընթացքում մի քանի տասնյակ երիտասարդ է հանդես եկել նախագծում, նրանց հետ մասնագիտական պարապմունքներ են կազմակերպվել, նրանք պատրաստվել են համերգային գործունեության համար: Սակայն մեծ թվով երգիչ-երգչուհիներ հեռու են մնացել համերգային գործունեությունից, չեն ունեցել հրավերներ, ոչ ոք չի հետաքրքրվել նրանցով: Միայն մի քանիսը, նրանց թվում` Սևակ Ամրոյանն ու Նարեկ Պողոսյանն են այսօր ժամանակ առ ժամանակ հայտնվում եթերում: Վերջերս տեղի ունեցավ Նարեկ Պողոսյանի մենահամերգը, որը կյանքի էր կոչվել երիտասարդ երգչի համառ ջանքերի շնորհիվ: Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական նվագարանների, պետական հովանավորությամբ գործող այլ անսամբլներում այսօր պակասում են երիտասարդ երգիչ-երգչուհիները, անսամբլների ղեկավարները շատ հաճախ շոու-բիզնեսից են հրավիրում երգիչների` համերգային ծրագրեր կազմակերպելու համար: Մի՞թե չի կարելի հոգածություն հանդես բերել այն երիտասարդ տաղանդների հանդեպ, ովքեր արդեն իրենց քննությունը հանձնել են, ովքեր արժանացել են հանդիսատեսային ընդունելության և ծանոթ են ժողովրդական ու աշուղական երգեցողության առանձնահատկություններին: Տաղանդավոր մարդիկ ցանկացած ժողովրդի հարստությունն են, և մենք իրավունք չունենք անփույթ վերաբերմունք դրսևորել նրանց հանդեպ, ովքեր պատրաստ են նվիրվել շնորհակալ ու ազգանվեր գործի` ազգային երգի քարոզչությանը: