ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆՎԻՐՅԱԼԸ


 

Ճանաչված գիտնական, տեխնիկական գիտությունների թեկնածու, մի քանի ակադեմիաների ակադեմիկոս, հրապարակախոս, հասարակական գործիչ Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆԸ 55 տարեկան է:

1997թ. ընտրվել է Էներգետիկ ինժեներների միջազգային ասոցիացիայի անդամ: 2000 թ.` բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս: Գիտության և կրթության բնագավառում ակնառու ներդրումներ կատարելու համար նրան շնորհվել է Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսորի գիտական կոչում: Պարգևատրվել է Վ. Ի. Վերնադսկու անվան ոսկե մեդալով: 2009 թ. երիտասարդ գիտնականին շնորհվել է «Գիտության և կրթության վաստակավոր աշխատողի» պատվավոր կոչում (Մոսկվա): Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահն է: Հեղինակ է շուրջ 200 գիտական հոդվածների, ինչպես նաև բազմաթիվ պատմվածքների և առակների: Հեղինակել է հազարից ավելի հոդվածներ, որոնք տպագրվել են տարբեր պարբերականներում:

Տարիներ շարունակ դասախոսական աշխատանք է կատարում Հայաստանի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում: Նրա գիտական աշխատանքների արդյունքները ներդրվել են Մոսկվայի էներգահամակարգում և բազմաթիվ հիմնարկ-ձեռ նարկություններում:

Ս. Պապիկյանի անմիջական ղեկավարությամբ նախագծվել ու կառուցվել են շուրջ 30 փոքր հիդրոէլեկտրակայաններ` Հայաստանում:

Գրել է Հայաստանի էներգետիկայի ավելի քան մեկդարյա պատմությունը: Հայաստանի ժուռնալիստների միության և Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիայի անդամ է:

«Ավանգարդի» խնդրանքով Ստ. Պապիկյանը համառոտ անդրադարձավ էներգետիկայի այսօրվա վիճակին:

- Վառելիքաէներգետիկ պաշարների արդյունավետ օգտագործման, շրջակա միջավայրի պահպանության տեսակետից կարևոր նշանակություն ունի ՀՀ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի էներգետիկայի զարգացման ծրագրի մշակումը և փուլ առ փուլ իրականացումը: Անհրաժեշտ է հաշվի առնել համաշխարհային փորձը, ինչպես նաև մեր հանրապետության առանձնահատկությունները (բնակլիմայական պայմաններ և այլն): Հարկ է բոլոր բնակավայրերի համար մշակել էլեկտրա, ջերմա և վառելիքամատակարարման համակարգերի այնպիսի լուծումներ, որոնք հնարավորություն կտան ստանալ նույն արդյունքը` ավելի քիչ վառելիքաէներգետիկ ռեսուրսներ ծախսելով: Առավել ուշադրություն պետք է դարձնել էլեկտրական և ջերմային էներգիաների համակցված ցիկլով արտադրելուն, հատկապես փոքր և միջին հզորության գազատուրբինային և հակաճնշումային տուրբինների օգտագործման միջոցով:

Չպետք է մոռանանք, որ Հայաստանը աղքատ է վառելիքաէներգետիկ պաշարներով: Հետևաբար, էներգետիկական ծրագրում հարկ է ներառել նաև օրենսդրական մի շարք դրույթներ, որոնք անտարակույս կխթանեն էներգախնայողության հստակ և ճկուն ծրագիր իրականացնելուն: Այս հարցում հապաղելու իրավունք չունենք, քանի որ էներգետիկայի հարցում (դիցուք` շենքերի ջեռուցումը) բոլորը վարվում են «ով ինչպես կարող է սկզբունքով»:

Առավել ուշադիր և զգույշ մոտեցում պետք է հանդես բերել սահմանամերձ բնակավայրերի էներգամատակարարման խնդիրներին:

Հատկապես մեծ ուշադրություն պետք է դարձնել վերականգնվող էներգիայի աղբյուրների (գետերի, արեգակի, քամու և այլն էներգիաներ) առավել արդյունավետ օգտագործման խնդրին:

- Ձեր առաջարկությունները հաճախ դառնում են իրականություն: Օրինակ, Երևանի ՋԷԿ-ում 2010թ. շահագործման հանձնվեց շոգեգազային փուլով աշխատող կայան: Այս տարի շահագործման հանձնվեց Հրազդանի 5-րդ էներգաբլոկը, որի մասին նույնպես բազմիցս ելույթ եք ունեցել, տպագրել բազմաթիվ հոդվածներ:

- Երևանի ՋԷԿ-ի հարևանությամբ 2010 թ. շահագործման հանձնվեց շոգեգազային արդյունավետ ցիկլով աշխատող կայան: Այդ մասին ասվել է դեռևս քսան տարի առաջ: Ուրախալի է, որ այդպիսի սարքավորումներով էլեկտրակայան ունենք: Ցանկալի կլիներ` այդպիսի կայան ունենալ նաև Գյումրի քաղաքում, որտեղ բարենպաստ բոլոր պայմանները կան:

Հարկ է նշել, որ ՀՀ-ում 2011 թ. ընթացքում արտադրվել է 7,4 միլիարդ ԿՎտ.ժ էլեկտրական էներգիա, որից Երևանի շոգեգազային ՋԷԿ-ի բաժինը կազմում է 1.7 միլիարդ ԿՎտ.ժ: Ինչ վերաբերում է Հրազդանի 5-րդ էներգաբլոկի շահագործմանը, ապա այդ մասին բազմիցս առաջարկություններով հանդես եմ եկել գիտական սեմինարներում և գիտաժողովներում, տպագրել հոդվածներ: Ուրախալի է, որ մեր երկրում ունենք արդիական սարքավորումներով կահավորված էլեկտրակայաններ, որոնք հնարավորություն կտան արդյունավետ եղանակով արտադրել էլեկտրական և ջերմային էներգիա:

Անհրաժեշտ է նաև հանրակրթական դպրոցի ծրագրերում մտցնել նոր առարկա` «Էներգախնայողության հիմունքներ»: Այն հնարավորություն կտա էներգախնայողության հարցերը բարձրացնելու նոր մակարդակի վրա:

Խմբագրության կողմից:

«Ավանգարդ»-ի խմբագրակազմը շնորհավորում է անվանի էներգետիկ թերթի լավագույն բարեկամ, հրապարակախոս Ստեփան Պապիկյանին` ծննդյան 55-ամյակի առթիվ և մաղթում ստեղծագործական նորանոր հաջողություններ: