Ամառային հանգստի հարցը խարդախներին մի վստահեք


 

Չարաչար խաբված մի քաղաքացի օրերս ոստիկանությանը տեղեկացրել է, որ իր ընտանիքի անդամների տուրիստական ուղևորությունը դեպի Ֆրանսիա կազմակերպելու նպատակով Երևանի Ամիրյան փողոցում ոմն Վահե Հովհաննիսյանի տվել է 3.100 ԱՄՆ դոլար և 1.000 եվրո, սակայն վերջինս խարդախությամբ, չարաշահելով իր վստահությունը, տիրացել է այդ գումարին:

Քաղաքացու ընտանիքը, փաստորեն, ստիպված է լինելու ևս մի շոգ ամառ անցկացնել հայրենիքում և հայտնի չէ, թե մեկ էլ ե՞րբ բախտ կվիճակվի գումարներ խնայել և ի կատար ածել ընտանիքով Ֆրանսիա մեկնելու վաղեմի երազանքը:

Ոստիկանությունն, իհարկե, ներկայումս միջոցառումներ է ձեռնարկում խարդախին հնարավորինս արագ հայտնաբերելու ուղղությամբ: Սակայն նման ոչ նախանձելի իրավիճակներում չհայտնվելու լավագույն միջոցը պատահական մարդկանցից հեռու մնալն է, առավել ևս` փողոցներում նրանց գումար հանձնելը: