ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐՆ ԻՐ ԽԱՂՆ Է ԽԱՂՈՒՄ


Ամեն անգամ, երբ արծարծվում է ընդդիմության թուլության թեման, ակամայից ենթադրում ենք, թե իշխանությունը նորից «որոշել» է իր ամրությունը «մրցակցի» թուլությամբ հիմնավորել: Իսկ եթե ավելի ուղիղ ասելու լինենք, փակուղում հայտնված արմատականների անմխիթար վիճակը, չգիտես ինչու, ոմանք իշխանությունների «սադրիչ գործողություն ներով» են պայմանավորում: Հակառակ սրան` իշխանության համար հուսահատ պայքար մղողների մշտապես պարտվելու փաստը, որպես կանոն, անտեսվում է թվացյալ հիմնավոր մամբ, թե հին սցենարը նոր ընտրություններում չի կրկնվի: Այսպիսի նախնական «տպավորությունը», սակայն, դեռևս առանց բացառությունների, վերափոխվել է ռեալ իրականության… Վերցնենք ամենաթարմ օրինակը: Ընդդիմության համար վերջին խորհրդարանական ընտրությունները դեռ քարոզարշավի շրջանում ամենամռայլ գույներով էին բնորոշվում: Դրանք ընտրություններում միայն թվային-տոկոսային արտահայտություն ստացան ու, ԿԸՀ-ի կողմից վավերացվելով, ինչպես բազմիցս է նշվել, արձանագրվեցին պաշտոնապես: Վիճելի թվացող վարկանիշերը դարձան իրականություն: Այսքանից հետո արմատականների ձախողումը կանխորոշածներին մեղադրելը ճիշտ չէ: Մարդիկ կանխատեսել էին այն, ինչ եղավ: Ինչ խոսք, հաջողության չհասածների կյանքի ու գործունեության անուրախ դրվագները կարելի է նաև չհիշել, եթե Նախագահի ընտրությունների չհայտարարված, բայց արդեն մեկնարկած քարոզարշավը սկսված չլիներ ճիշտ նույն սցենարով: Ասել է թե, արդեն իսկ արձանագրելով արմատականների պարտությունը` մենք ոչ թե որևէ մեկի դեմ սև PR ենք անում, այլ, օբյեկտիվորեն դիտարկելով վաղօրոք սկսված քարոզչական բազմադեմ շոուն, այս ընտրություններում ևս նախորդի արդյունքների կրկնության շատ մեծ հավանականությունն ենք նախանշում: Իսկ այն, որ ընդդիմությունը դարձյալ չի միավորվելու, արդեն իսկ կասկածից վեր է: Ակնհայտ ու անվիճելի է, որ յուրաքանչյուրն, ինչպես միշտ, իր խաղն է խաղում: Ընդ որում, այդ խաղն այնքան ինքնամոռաց ընթացքով է սկսվել, որ որևէ մեկը չի նկատում կամ էլ չի ուզում նկատել, թե ինչպես «ձեռքի հետ» մրոտում է նաև շատ մոտ ապագայի իր պոտենցիալ դաշնակցին: Եվ իրոք, ընդդիմության ներսում աճող հակասությունները դարձյալ սկսել են ավանդական դրսևորումներով արտահայտվել: Այսպես, իր վերջին ասուլիսում Վազգեն Մանուկյանն այլևս չհամբերեց` նշելով, որ ընդդիմության վարկաբեկման ավանգարդում է հայտնվել ՀՀՇ-ն, ով անգամ չի ճշտել` ի վերջո Լ. Տեր-Պետրոսյանն առաջադրվելո՞ւ է, թե՞ ոչ: Ի դեպ, ԱԺՄ ղեկավարը գրեթե նույնանման վերաբերմունք դրսևորեց Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ` վերջինիս քաղաքացիության թեման համապատասխան շրջանակների համար վերստին քննարկման հարմար թեմա դարձնելով: Իսկ Նախագահի աթոռին ևս տեր լինելու պատրաստ «Ժառանգության» լիդերը առայժմ նախընտրում է Արագածոտնի մարզում կռիվ տալ էլի մեկ պատգամավորական մանդատի համար: Այսպես կոչված, իշխանամետներից նույնպես դժվար է գլուխ հանել: ՀՅԴ-ն ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ Նախագահի մոտ տասը թեկնածու կարող է առաջադրել: Իսկ նման «համեստ» հայտարարություն անում է այն քաղաքական ուժը, որը մեկ անգամ է միայն նման ընտրության մասնակցել` առաջադրելով դերասանի… Կարճ ասած, ինչպես միշտ, ամենահասկանալին Հանրապետականի պահվածքն է: Ճիշտ է, ՀՀԿ համագումարը հետաձգվեց, բայց այս քաղաքական ուժը Նախագահի ընտրություններում շատ կոնկրետ և վաղուց հայտնի դիրքորոշում ունի: Ուստիև բնավ էլ էական չէ` այդ դիրքորոշումը հուլիսի 14-ին, թե՞ աշնանը նախատեսվող համագումարում պաշտոնապես կամրագրվի: