Մեզնից ավելի հայրենասեր` չիք


Քաղաքական դաշտում ինքնադրսևորման լայն հնարավորություն ձեռք բերած «Ժառանգություն» կուսակցությունը կարճ ժամանակ անց համոզվեց, որ ԱԺ-ի կողմից հատուկ հրավերի բացակայությունը դեռևս չարիքի փոքրագույնն է: Ու թեև ԱԺ արտահերթ նստաշրջանում ներկայացրած մի շարք նախագծերի հանդեպ որքան էլ փորձեց դրսևորել իր մերժողական դիրքորոշումը, սակայն այն, ինչին նրանք դեմ էին քվեարկում, բոլորի կողմից ընդունվում էր միանշանակ: Իսկ այ, «Ազատություն» ռադիոկայանի մասին օրինագծի վրա կենտրոնացրել էին «իրենց ջանքերի գերակշիռ մասը»: - Մեզ հաջողվեց, այնուամենայնիվ, չասենք տապալել, բայց և հասնել նրան, որպեսզի խորհրդարանը ձեռնպահ մնա օրինագիծը անցկացնելուց,- ասում է «Ժառանգություն» կուսակցության խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը: Սակայն, չգիտես ինչու, որոշ լրատվամիջոցներ խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանին վերագրեցին «Ռադիոկայանի օրինագծի տապալումը մեծ «Ժառանգության» և փոքր ԱՄՆ-ի տարած հաղթանակն է» արտահայտությունը: Բայց, դե, կուսակցությունը բոլոր կարգի «խուճուճ հարցադրումներին» պատասխանելու ռազմավարության կանոններով հակադարձեց. - Մի փորձեք մեզնից ավելի հայրենասեր երևալ: Ուսումնասիրեք մեր կենսագրությունը և ինքներդ կհամոզվեք: Իսկ 5-ամյա կուսակցության պատմության ամենափայլուն էջը թերևս Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի առաջ հայկական Եռագույնը ծածանելու համարձակության դրսևորումն էր: Ակնհայտ է, որ «Ժառանգությունը» ստանձնել է ԱԺ-ի ավանդական դարձած հապճեպությունը վերահսկելու առաքելությունը և նպատակ ունի բոլոր ուժերին հասկացնել իրենց դերն ու կշիռը ու նաև սեփական արժանապատվությունը քաղաքական համակարգում: Կուսակցության համառությունը անգամ վետերան պատգամավորների նախանձն է շարժել և Զարուհի Փոստանջյանի հավաստիացմամբ` «Նրանք զարմացել էին, որ 20-րոպեանոց նիստը ձգվեց մեկ շաբաթ»: Մեծամասնական ընտրակարգով թիվ 15 ընտրատարածքում Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածության առաջադրումը, պարզվում է` ժողովրդի սրտովն է. - Վերջապես տարածքի ժողովուրդը այլընտրանքի հնարավորություն ունի, իսկ կատարվելիք աշխատանքների շնորհիվ, անշուշտ, կունենանք էֆեկտ, արդյունք և կտոնենք հաղթանակ: Որքան էլ կուսակցությունը պնդում է, թե իր համար էականը խմբակցության թիվը մեկով ավելացնելը չէ, այնուամենայնիվ, նպատակն ուղիղ գծով տանում է դրան, չէ՞ որ մեկ ձայնն էլ կարող է որոշիչ լինել և հետո «պահն է ժխտել այն թյուր կարծիքը, թե գյուղերում բնակչությունը համեմատաբար պասիվ է և այդ պատճառով է, որ ընդդիմության օգտին բարձր ցուցանիշներ չի արձանագրում»: Թիվ 15 ընտրատարածքում չի բացառվում ընդդիմության առաջնորդներ Ստեփան Դեմիրճյանի և Արամ Սարգսյանի աջակցությունը: - Մենք ակնկալում ենք նման աջակցություն, և երևի թե քարոզարշավն ամեն ինչ իր տեղը կդնի,- վստահեցնում է Վարդան Խաչատրյանը: Իսկ պարտության դեպքում ՀՀ նախագահի ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանն արդյոք խնդիրներ չի՞ ունենա ընդդիմության միասնական թեկնածու լինել-չլինելու հարցում:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ