Տեսակետների բախում


Տարածաշրջանային զարգացումներին երեկ անդրադարձել են նաև ԱԺ պատգամավոր, Հանրապետական Արմեն Աշոտյանը և «Իմպիչմենտ» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Բանավեճի «երթուղին» տարածական էր, ու թեև շրջանառվում էին գլոբալ հարցեր, այնուամենայնիվ, դրանք ի վերջո հանգում էին ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորմանը: Ինչ որ առումով Արմեն Աշոտյանը կարևորում է Գաբալայի ռադիոկայանի, Վրաստանի թուրք-մեսխեթցիների և Սովորական սպառազինությունների պայմանագրին Ռուսաստանի մասնակցության դադարեցման վերաբերյալ իրադարձությունները. - Ենթադրվում է, որ 2012 թ.-ին Ռուսաստանին կմերժեն Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի հետագա շահագործման պայմանագրի երկարաձգումը, և այն կհանձնվի ԱՄՆ-ին: Թեև ակնհայտ է, որ այն բոլորովին պետք չէ ամերիկացիներին, քանի որ 1980-ականներին սովետական տեխնիկայի չափորոշիչներով կառուցված կայանը չի ինտեգրվում ՆԱՏՕ-ի, մասնավորապես ԱՄՆ-ի ռազմածովային պաշտպանության համակարգերի հետ,- ասում է Արմեն Աշոտյանը: Ինչ վերաբերում է թուրք-մեսխեթցիներին Ջավախքում վերաբնակեցնելու հեռանկարին, ապա այն ինքնին մեծագույն վտանգ է Ջավախքի համար: Իսկ Սովորական սպառազինությունների պայմանագրից Ռուսաստանի դուրս գալը կարող է անուղղակի շաղկապվել Ադրբեջանի կողմից տարածաշրջանի միլիտարիզացմանը: Նիկոլ Փաշինյանի համար անընդունելի է, սակայն, տարածաշրջանին առնչվող փաստարկումներում Հայաստանի շրջանցումը. - Հայաստանը տարածաշրջանային գործընթացներից դուրս է մնացել և շարունակվում է ակտիվորեն մեկուսացվել, և այն իշխանությունը, որը ներկայացնում է պարոն Աշոտյանը, խորապես նպաստում է դրան: Մենք գործ ունենք ավանդական մտածողության հետ, երբ տարածաշրջանային վերլուծությունները փորձում ենք կատարել ուրիշների տեսանկյունից: Երբ նախկինում խոսք էր գնում տարածաշրջանում կատարվող իրադարձությունների շուրջ, հաճախ կասկածի տակ էր առնվում Բաքու-Ջեհյան նավթամուղի շինարարությունը, և այն որակվում էր որպես «բլեֆ»: Սակայն ժամանակը ցույց տվեց դրա իսկությունը, իսկ արդյունքում արտաքին սխալ քաղաքականության պատճառով Հայաստանը որպես խաղացող դուրս մնաց կարևորագույն գործընթացներից: Նիկոլ Փաշինյանի համոզմամբ, Ադրբեջանը ԼՂ-ի հարցը կարողացավ հմտորեն օգտագործել Հայաստանը այդ գործընթացներից մեկուսացնելու համար… - Որքան էլ ցանկալի է, սակայն ժամանակը աշխատում է ի վնաս Հայաստանի, քանի որ Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը ԼՂ-ի կարգավորման հարցում կաշկանդված է: Հայաստանը նույն վիճակում է նաև հայ-թուրքական հարաբերություններում, քանի որ Հայոց ցեղասպանության միջազգայնացման հարցում դարձյալ իր «սև գործն» է արել չարաբաստիկ քաղաքականութ յունը: Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ, Հայաստանը «հեչ մի լավ բան չի արել», ուստի վերածվել է «մանրադրամի»: - Ցավոք, փոքր երկրների ճակատագիրն է` սեփական շահը տեղավորել արդի քաղաքական զարգացումների մեջ և փորձել այդ ալիքի վրա լուծել երկրի առաջ ծառացած խնդիրները,- պարզաբանեց Ա. Աշոտյանը:- Կարծում եմ, Հայաստանը միշտ էլ նախաձեռնել և հասել է հաջողության, և մեր դիրքերն այնքան էլ թույլ չեն: Հպանցիկ անդրադառնալով Նախագահի ընտրություններում որևէ ուժի, իսկ ավելի ճիշտ ՀՀԿ-ի առավելությանը, Նիկոլ Փաշինյանը արդեն իսկ հերքում է ՀՀԿ-ի հաղթելու հնարավորությունը: Ա. Աշոտյանի հակադարձումը, թերևս, ավելի հիմնավոր է` նկատի ունենալով խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի անվիճարկելի հաղթանակը: - ՀՀԿ-ն իր թեկնածուով հանդերձ ընտրություններում ունի հաղթելու ամենափայլուն հնարավորությունը, դրանում չկասկածեք: Հանրապետականների վերահաս հաղթանակը անխուսափելի է: Նիկոլ Փաշինյանը չի կասկածում միասնական թեկնածուի հաղթանակին, թեև այդ թեկնածուի անունը շարունակում է մնալ անորոշ: Իսկապես, հետաքրքիր իրավիճակ է ընդդիմության ճամբարում. հաղթելու «դեղատոմսը» հայտնի է բոլորին, բայցև նրանից օգտվել չի ստացվում: Անհաղթահարելի պատնեշ. այս պարագայում անմիաբանություն է անունդ:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ