Եռագույն «Բազեն»` Ջերմուկում


«Բազե-2007» համահայկական երիտասարդական հավաքն այս տարի մեկնարկեց հայկական բնաշխարհի ամենաչքնաղ անկյուններից մեկում` Ջերմուկ առողջարանային քաղաքում: Այն իր հարկի տակ երբևէ այդքան շատ երիտասարդներ չէր տեսել: Տոնականորեն ձևավորված «Գլաձոր» առողջարանի ընդարձակ բակը, որտեղ նախատեսված էր հավաքի բացման արարողությունը, լի էր 650 մասնակիցներով, հյուրերով, լրագրողներով: Ողջունելով ներկաներին` Վայոց ձորի մարզպետ Վարդգես Մաթևոսյանը նշեց, որ իրենք միշտ երազել են, որ Ջերմուկը դառնա «Բազեի» հանգրվաններից մեկը: - Մեր երազանքն իրականություն դարձավ: Ես վստահ եմ, որ Հայաստան-Սփյուռք-Արցախ-Ջավախք միասնությունը կաջակցի մեր երկրի տնտեսության ամրապնդմանն ու զարգացմանը: «Բազեով» հետաքրքրվում էին նաև քաղաքի ողջ բնակչությունն ու հանգստացողները: Ջերմուկի քաղաքապետ Սամվել Մարգարյանի հավաստմամբ` բարեկարգված Ջերմուկը լիովին պատրաստ է ընդունել հավաքի բոլոր մասնակիցներին, որոնց տրամադրված «Գլաձոր», «Նարեկ» և թիվ 1 առողջարանը հարմարավետ պայմաններով, բուժանձնակազմով, սպորտային հրապարակներով պատրաստ է ապահովել հյուրերի հանգիստն ու առօրյան: Ապահովված է նաև նրանց անվտանգությունը: «Գլաձորի» բակում միախառնվել էր երիտասարդների ու երաժշտության աղմուկը: Կարմիր, կապույտ, նարնջագույն ջոկատների «բազեները» ծածանվող դրոշների ներքո անհամբեր սպասում էին հավաքի մեկնարկին: - Սպորտն ու երիտասարդությունն անբաժան են, ուստի շատ է այս երկուսը համախմբող միջոցառումների թիվը: Առաջիկայում անցկացվող համահայկական խաղերին, համոզված եմ, որ ձեզնից շատերը կմասնակցեն: Իսկ «Բազեի» մրցույթներում, կարծում եմ` պարտվողներ չեն լինի,- իր խոսքում նշեց ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը: Երբ 2002-ին Համահայկական երիտասարդական հիմնադրամը պետության աջակցությամբ նախաձեռնեց «Բազեն» որպես աշխարհասփյուռ հայ երիտասարդների հավաք, մտավախություն կար, թե այն շարունակություն չի ունենա: Սակայն մեծ էր հիմնադրամի տնօրեն Արթուր Պողոսյանի զարմանքը, երբ հիմնադրամին հասցեագրված բազմաթիվ նամակներում նշված էր միևնույն ցանկությունը` այն դարձնել ավանդական, որպեսզի հայկական բոլոր գաղթօջախներից ժամանած երիտասարդները հնարավորություն ունենան ճանաչել և ծանոթանալ Հայաստանին: - Հավաքի ընթացքում նախատեսված են մշակութային, ինտելեկտուալ, սպորտային միջոցառումներ, կլոր սեղաններ, քննարկումներ, հանդիպումներ արցախյան հերոսամարտի մասնակիցների հետ: Մրցույթներն ու միջոցառումները աննպատակ չեն լինի: Կարևոր չէ, թե ով է հաղթելու` կարմիրը, կապույտը, թե նարնջագույնը: Ի վերջո հաղթելու է մեր Եռագույնը,- ասաց Արթուր Պողոսյանը: Նախկին հաղթանակների հուշերը Ջերմուկ էին բերել նաև «վետերան» բազեական, ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովին: - «Բազեն» այն միջոցառումներից է, որն իր փորձությունն անցել է և ընդունվել ողջ երիտասարդության կողմից, այն խնդիր է դրել վերացնել Հայաստանի և Սփյուռքի միջև եղած անջրպետը: Բացի այն, որ հիմքում ունի գաղափար, այն նաև երիտասարդներին ինքնադրսևորման հնարավորություն է տալիս: Երիտասարդներին երջանիկ զգալու համար շատ բան պետք չէ, եթե, իհարկե, դրա մեջ դնում ես իմաստ:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ