Գնահատանք


Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներին և նրա ղեկավար, ճանաչված գործարար Գագիկ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ հաճելի անակնկալ էր մատուցել «Բիզնես Պլանետ»-ը: Ամսագրի (հիմնադիրներ Գայանե Ջհանգիրյան, Սաթիկ Հովսեփյան) իրականացված սոցհարցումների արդյունքում Գագիկ Ծառուկյանը լավագույնն է ճանաչվել երեք անվանակարգերում. - սպառողների շրջանում` բարեգործական մղումներում օժտված Գործարար-Բարեգործը, - կանանց շրջանակներում Ամենահամակրելի գործարարը, - գործարար աշխարհում` Ամենահաջողակ գործարարը: Գայանե Ջհանգիրյանը, եռակի հաղթողի մրցանակը հանձնելով բարեսեր-գործարարին, համագործակցելու առաջարկն ընդունելու, ամսագրի աշխատանքներին աջակցելու համար երախտիքի խոսք ուղղեց ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանին և Արամ Սաֆարյանին` համարելով բարձր պրոֆեսիոնալիզմով օժտված գործիչներ: Գագիկ Ծառուկյանը հաջողակ գործարարի իր բիզնես-բանալին համարում է վստահությունն ու հավատը սեփական ուժերի հանդեպ, նաև սեփական հնարավորություններն իրատեսորեն գնահատելը: - Եթե, դիցուք, մարդն ի զորու է բարձրացնել 150 կգ ծանրություն, ապա պետք է սկսել 100 կգ-ից, որպեսզի հաղթանակը կատարյալ լինի: Ամենակարևորը հավատն է սեփական ուժերիդ և ձեռնարկածդ գործի հանդեպ: Ու եթե կա հավատ, կա կամք ու ձգտում` հաջողությունները երկար չեն սպասեցնում: Մեր երկրում շատ են հաջողակ գործարարները: Գագիկ Ծառուկյանն այն եզակիներից է, ով վայելում է ժողովրդի սերն ու վստահությունը: - Ամեն ինչ կյանքում անցողիկ է, և ոչ մի հարստութուն մարդուն չի կարող դարձնել կատարյալ երջանիկ: Ես ինձ երջանիկ եմ համարում, որովհետև չկա առավել մեծ երջանկություն, քան ժողովրդի գնահատանքը: Աշխատել, գնահատել մերձավորին և միշտ հիշել, որ աշխարհում ամեն ինչ անցողիկ է, բացի բարի համբավից ու անունից, որ թողնելու ես քեզանից հետո: Ամեն ինչից առավել Գագիկ Ծառուկյանը կարևորում է երկրի կայունությունը. - Յուրաքանչյուր հայ մարդու ցանկությունն է ունենալ խաղաղ երկիր, կայուն պետություն: Եվ հարկ է, որ ամեն ոք ուժերը ներածին չափով ջանքեր ներդնի` ի սպաս հայրենիքի բարգավաճման: