«ԽՍՏՈՐԵՆ ՊԱՏԺԵԼ» ԷՐ


 

Ինչպես արդեն հայտնի է շատերին, մայիսի 12-ին չորս անձի կողմից` մոր և հղի կնոջ ներկայությամբ, ծեծի է ենթարկվել «Ռեգնում» գործակալության հայկական բյուրոյի գլխավոր խմբագիր Ռուբեն Գրձելյանը: Իսկ լրագրողին ծեծողների մեջ են եղել Կոտայքի մարզի հետաքննության օրինականությունը վերահսկող դատախազ Մեսրոպ Մանրիկյանն ու նրա որդին: Պարզվում է, որ այս Մանրիկյանը վաղուց ի վեր սովորություն ունի ծեծել մարդկանց, նրանց վրա հեռախոսներ և այլ սարքել շպրտել: Դեռևս 2004 թ., երբ այս «օրինապահը» Շենգավիթի շրջանի դատախազի օգնականն էր, բռնություն էր կիրառել ոստիկանության մայոր Ալեքսանյանի նկատմամբ, ում իր պաշտոնական պարտականությունները կատարելու ժամանակ մի քանի բնակիչներ վիրավորել էին, վնասել համազգեստը: Այն ժամանակ մայոր Ալեքսանյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` պատմելով, որ հանցագործությունը կատարած անձանց հանդեպ դատապարտելի անգործություն հանդես բերելով` այդ Մանրիկյանը բռնություն է կիրառել իր հանդեպ` ճշմարտությունն ասելու համար: Աղվան Հովսեփյանն էլ խոստացել էր պատժել դատախազի օգնականին` նման վարքագծի համար: Չմոռանանք, որ այդ արարքը դատապարտվում է Քրեական օրենսգրքով: Եվ Աղվան Հովսեփյանը «խստորեն պատժել» էր` շրջանի դատախազի օգնականին նշանակելով մարզային դատախազության դատախազ… Հետաքրքիր է, թե լրագրողին ծեծելու դեպքում ի՞նչ նոր պաշտոն է տրվելու Մ. Մանրիկյանին. գուցե ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ…