ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀՈՎԻԿՈՎ


 

«Օրինաց երկիր» կուսակցության ներսում լուրջ խմորումներ են ընթանում: Դժգոհ ընտրությունների արդյունքներից և նաև այն բանից, որ չեն ստանալու իրենց խոստացված մանդատներն ու պաշտոնները` շատերը հեռանում են: ՕԵԿ-ից հեռանալու մտադրություն դեռ չի հայտնել Մարգարյան Հովհաննեսը, բայց ակնհայտ է, որ նա չափազանց վիրավորված է` այլևս խորհրդարանում չլինելու համար: Հենց նրա «վիրավորվածությունը» մեղմելու նպատակով էլ Արթուր Բաղդասարյանը բանակցություններ է վարում որոշ պաշտոնյաների հետ` Մարգարյան Հովիկին պաշտոն տալու առթիվ: Ինչպես մեզ տեղեկացրեցին ՕԵԿ-ից մեր իրազեկ աղբյուրները` նրան հավանաբար կնշանակեն փոխնախարար: Չի բացառվում, որ դա լինի գյուղատնտեսության նախարարի տեղակալ, մանավանդ որ Մարգարյանը գիտության թեկնածու է, զբաղվել է գյուղատնտեսության խնդիրներով: Իսկ եթե փոխնախարարի պաշտոնը չստացվի, չի բացառվում, որ նրան ժամանակավորապես նշանակեն Շիրակի փոխմարզպետ: Դե, Շիրակն իր ծննդավայրն է, այստեղ ՕԵԿ-ը տակավին համակիրներ ունի: Ճիշտ է, Մարգարյան Հովհաննեսը կամենում է մնալ Երևանում, քանի որ այստեղ արդեն բնակարան ունի, բիզնես միջավայրում էլ հասցրել է «ներդրումներ» կատարել, սակայն նա իրեն շատ ավելի լավ կզգա հայրենի մարզում: Մանավանդ որ Երևանում առաջին և երկրորդ «շարքերի» բոլոր պաշտոններն արդեն բաժանված են, իսկ նա չի կարող որևէ նախարարությունում բաժնի վարիչ լինել կամ գլխավոր մասնագետ: