Թող լռեն բոլոր թնդանոթները


 

Մայիսյան Եռատոնի օրերին տոնակատարությանը մասնակցելու համար Արցախ մեկնած ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին Շուշիում իր նամակ-ուղերձն է հանձնել ԼՂՀ Պաշտպանության Բանակի զինվոր, կրտսեր սերժանտ Արայիկ ՄԱՐԿՈՍՅԱՆԸ :

Նամակ զինվորից

Ողջո´ւյն, հարգելի ընթերցող:

Երևի դու գիտես, որ այս տարի մայիսյան Եռատոնի շրջանակներում նշվում է նաև Պաշտպանության Բանակի կազմավորման 20-րդ տարեդարձը:

Հարգելի? ընթերցող, քեզ գրողը Պաշտպանության Բանակի մի մասնիկն է` զինվոր, ով արդեն 2 տարի է` հետևում է ՊԲ-ում կատարվող բարեփոխումներին և իր փոքրիկ ներդրումն ունի այդ սրբազան գործում:

Պաշտպանության Բանակը սկսել է կազմավորվել կամավորականների փոքր ջոկատներով, ովքեր զինված են եղել որսորդական և ինքնաշեն հրացաններով: Այդ փոքր ջոկատներով են տարել աղմկոտ հաղթանակներ, քանզի մեր ուժը ոչ միայն մեր բազկի մեջ է, այլև մեր ոգու, մարտական ոգու: Այժմ մենք զինված ենք լավագույն զենքերով և ունենք կանոնավոր ու կարգապահ բանակ: Մենք միշտ պատրաստ ենք թշնամուն արժանի հակահարված տալ և ցույց տալ նրան իր տեղը` մեր հայրենիքի հանդեպ ցանկացած ոտնձգության դեպքում:

Մեր հայրերի ու պապերի երազանքն է եղել ունենալ մարտունակ և կանոնավոր բանակ, որը արժանապատվորեն կպահպանի հայրենի սահմանները: Այսօր ես բարձրաձայն գոչում եմ, որ նրանց երազանքը կատարվել է. մենք ունենք այդ բանակը, և այդ իրականացած երազանքը երբեք չի կորչի, քանի կանք մենք: Մենք միշտ պատրաստ ենք մեր կյանքը տալ հանուն մեր Հայրենիքի անվտանգության և անկախության: Մենք պատրաստ ենք աշխարհին ապացուցել, որ մեր հերոս նախնիների և մեր փառապանծ հայ ազգի արժանի զավակներն ենք:

Կրկին և կրկին շնորհավորում եմ ՊԲ-ի կազմավորման կապակցությամբ:

Պաշտպանության Բանակի կրտսեր սերժանտ Արայիկ Վարազդատի Մարկոսյան