ՀՀ սփյուռքի նախարար  Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆԻ պատասխանը զինվորին


 

Սիրելի´ Արայիկ, քա´ջ զինվոր,

Ուրախությամբ ընթերցեցի նամակդ և անկեղծորեն պիտի խոստովանեմ, որ հպարտությունը գերակշռեց ուրախությանս, քանի որ դրա յուրաքանչյուր բառից հայրենասիրություն է հորդում:

Ես կրկին համոզվեցի, որ Հայոց բանակը զորեղ է իր նվիրյալ, ուժեղ զինվորներով, որոնց համար հայրենասիրությունն առաքելություն է, հայրենի հողը պաշտպանելը` կյանքի նպատակ, ովքեր աներկբայորեն հաստատում են, որ պարտված հայի կերպարն այլևս գոյություն չունի, և այսօր ապրում է Հաղթող, Զորեղ Հայը, Քաջ Զինվորը:

Ես ուրախ եմ, որ դու այդքան սիրով գրել ես Մեծ հայրենականի, մեր հոբելյանների մասին: Իրոք, մայիսը նվաճումների, հայոց հաղթանակների ամիս է: Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 67-րդ, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձների առթիվ Հայաստանի Հանրապետության, Արցախի և Սփյուռքի հայությունը ևս մեկ անգամ ամրագրեց իր Միասնական Ոգու հաղթանակը:

Ինձ համար եռատոնը վերածվեց քառատոնի, քանի որ քո նամակը մեկ զինվորի, բայց, վստահ եմ, որ Հայոց բանակի բոլոր զինվորների հավաքական կամքի ու զգացողությունների արտահայտությունն է, ձևավորված ինքնագիտակցության և Հայրենիքի նկատմամբ իրական սիրո դրսևորման վկայությունը: Ավելի թանկ բան, քան Հայրենիքն է, չկա, ինչը դու և քո ընկերները գիտակցում եք և ծառայում ձեր Մայր Հայրենիքի անվտանգության և պաշտպանության համար:

Հանձին քեզ, տղա´ս, հպարտ եմ յուրաքանչյուր հայ զինվորով և մաղթում եմ, որ բոլորդ ծառայեք անվտանգ պայմաններում, վերադառնաք և փայլեք աշխատանքում, ուսումնառության մեջ, ընտանիք կազմեք:

Շնորհակալություն քո ծնողներին, ուսուցիչներին, որ քեզ նման զավակ և աշակերտ են դաստիարակել:

Թող լռեն բոլոր թնդանոթները և խաղաղության գարունները դառնան հայրենաշեն նվաճումների ավետաբերներ` ի նպաստ հայ ժողովրդի բարօրության, ի նպաստ Համայն Հայոց Հզոր Հայրենիքի ու պետության, իսկ դա, սիրելի´ Արայիկ, հնարավոր է, քանի որ կան քեզ նման հազարավոր զինվորներ, կան հայրենասեր ու նվիրյալ սպաներ և հրամանատարներ:

ՍԻՐՈՎ` ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ