Գայթակղության որոգայթում

«Բարերար» կանայք


 

Կանանց սեռական շահագործումն այսօր չարիք է դարձել շատ երկրների համար և գնալով ընդլայնում է իր սահմանները: Վիճակագրության համաձայն` տարեկան աշխարհում թրաֆիքինգի` սեռական շահագործման զոհ է դառնում 4.000.000 մարդ, որոնց գերակշիռ մասը կանայք են: Հայաստանում այն բնորոշվում է որպես «նոր» հանցագործություն, իսկ տուժածների վիճակում առավել հաճախ հայտնվում են սոցիալապես խոցելի խմբեր ներկայացնող կանայք: Նրանք, որպես կանոն, միայնակ, այրի, ամուսնալուծված կամ ամուսինների կողմից լքված կանայք են, ովքեր կենսապահովման որևէ այլ աղբյուր չունեն: Հաճախ նրանց խնամքի տակ են գտնվում երեխաներ և տարեցներ: Կրթություն կամ, ավելի հաճախ, աշխատանք գտնելու հնարավորություններ չունենալով` նրանք ի վիճակի չեն ապրուստ հայթայթել ընտանիքի համար:

Թրաֆիքինգի թեմային անդրադարձը մտահոգությունն է սեփական ճակատագրի հանդեպ անտարբեր բոլոր կանանց համար, ովքեր հեշտությամբ, ինքնախաբեությամբ գործիք են դառնում անմաքուր կենսագրությամբ մարդկանց ձեռքին: Նվաստանում են, շահագործվում կլորիկ գումարի ակնկալիքով` լռելյայն տանելով անպատվության դառնությունը: Հետո օրենքի պաշտպանությանն են դիմում, երբ հասկանում են, որ «գործ» ապահոված «բարերարն» ընդամենը սեփական բարեկեցության հարցերն է լուծում: Կամովին ապրանք դառնալուց հետո, հույսը «գործատուից» կտրած` օրենքից են ակնկալում իրենց կորսված արժանապատվության վերականգնումը, փոխհատուցումը: Արդարության համար ասենք, որ թրաֆիքինգի զոհերից շատերն ի սկզբանե շատ լավ էլ գլխի են ընկնում, թե ինչով են զբաղվելու: Պարզապես անպատվությունն ու կանացի արժանապատվության ոտնահարումը սպասվածից ավելի անտանելի են լինում, երբ գումարվում է մեծ փողերի փշրված հույսերը:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործով անցնող մեղադրյալի` Գոհար Ս.-ի հանցանքն արդեն հիմնավորվել է:

Բարձր աշխատավարձով աշխատանք, մեծ փողեր էր խոստացել Գոհարը գյումրեցի 18-ամյա Մարիամին: Ինը ամիս սպառնալիքի տակ պահելով` աղջկան դրդել էր մարմնավաճառության` տիրանալով «հաճախորդների» տված գումարներին: Հենց այնպես չի տիրացել. այդ փողերը վերցրել է իրեն ունեցած պարտքի դիմաց: Պարտքեր, որ գոյացել էին հենց իր նախաձեռնությամբ...

Երևանաբնակ 40-ամյա Գոհար Ս.-ի ու գյումրեցի Մարիամի ծանոթությունը հետաքրքիր նախապատմություն ուներ: Գոհարը Մարիամի եղբոր, այսպես ասած, վիրտուալ ընկերուհին էր: Քրեակատարողական հիմնարկներից մեկում պատիժը կրող Տիգրանի և Գոհարի ընկերությունը շուտով դառնում է առարկայական` երբ Գոհարը Տիգրանին տեսակցության է գնում կալանավայր:  Հերթական տեսակցություններից մեկի ժամանակ էլ Տիգրանը մտերմուհուն պատմում է ընտանիքի մասին: Միաժամանակ, տնեցիներին հանձնարարում է Գոհարի հետ մոտիկություն անել:

Դրանից հետո Գոհարը մի քանի անգամ մեկնում է Գյումրի` Տիգրանենց տուն, հյուրասիրվում է, մտերմանում: Գյումրի այցելություններից մեկի ժամանակ լսելով, որ Տիգրանի քույր Մարիամը Երևանում չի եղել, խոստանում է հրավիրել նրան իր մոտ:

Առիթը չի ուշանում. մի քանի օրից Գոհար Ս.-ի ծննդյան օրն էր: Զանգահարելով Գյումրի` Մարիամին հրավիրում է մասնակցելու ծննդյան տարեդարձին: Ծնողները սկզբում չեն համաձայնում, որ դուստրը հյուրընկալվի անծանոթ քաղաքում, ոչ այնքան ծանոթ կնոջը, բայց Տիգրանը կալանավայրից զանգում և ամոթանք է տալիս` հրավերը չընդունելու և Գոհարին նեղացնելու համար: Ի վերջո, Մարիամը քրոջ 7-ամյա դստեր հետ մեկնում է Երևան:

Խնջույքից հետո, սակայն, Գոհարը չի թողնում, որ Մարիամը վերադառնա Գյումրի: Խոստանում է աշխատանքի տեղավորել, որ նա վաստակած փողով ոչ միայն իր, այլև սոցիալապես վատ վիճակում գտնվող ընտանիքի կարիքները հոգա: Գայթակղիչ առաջարկություն էր, և ստանալով ծնողների համաձայնությունը, Մարիամը մնում է Երևանում: Գոհարը Տիգրանի զարմուհուն ուղարկում է Գյումրի և անցնում Մարիամի հարցերը լուծելուն: Հստակ որոշել էր` ինչպես և որտեղ էր օգտագործելու այդ «թարմ աշխատուժը»: Մինչ «աշխատավայր» տանելը` նախ զբաղվում է աղջկա համեստ, գրեթե անշուք հագուկապով ու արտաքին տեսքով: «Իմիջի» հարցը, սակայն, Մարիամի վրա թանկ է նստում: Ինչպես հետագայում նշում է ցուցմունքում, Գոհար Ս.-ն ոսկյա զարդեր, հագուստ, բջջային հեռախոս ու այլ պարագաներ էր գնում իր համար` ասելով, որ կաշխատի` պարտքը կվերադարձնի:  Իրականում այդ ապրանքն աղջկան վաճառելով մի քանի անգամ թանկ գնով` նա Մարիամին աստիճանաբար դնում էր ֆինանսական կախվածության մեջ:

Արտաքինը «բարեփոխած» Մարիամը Գոհար Ս.-ի աջակցությամբ առաջին անգամ գնում է «գործի»` Երևան-Մասիս ճանապարհին գտնվող հյուրանոցներից մեկը... Գոհարը բացում է խաղաթղթերը` Մարիամը պիտի սեռական հարաբերություն ունենար իր ծանոթ ունևոր մի տղամարդու հետ: Այդկերպ Մարիամը կկարողանար ոչ միայն ընտանիքին փող ուղարկել, այլև պարտքը վերադարձնել: Աղջկա մերժումը զայրացնում է Գոհարին. սպառնում է, որ հակառակ դեպքում ծնողներին, եղբորը, բոլորին կպատմի, թե Մարիամը Երևանում մարմնավաճառությամբ է զբաղվում: Նաև` պարտքն է պահանջում:

Ունե՞ր աղջիկը անպատվությունից խուսափելու հնարավորություն. ասենք` մերժելով անպատվաբեր առաջարկը` փախչեր այդ կնոջից: Ելքը դա էր, բայց դեռ կյանք չմտած, անհոգի մարդկանց ու անբարո բարքերի հետ չառնչված աղջիկն իրար է խառնվում, ինքնապաշտպանական ձևերից միայն լացն ընտրելով` տեղի է տալիս: Ու հայտնվում է Գոհար Ս.-ի հյուսած մարմնավաճառություն կոչվող ցանցում: Ինն ամիս «սպասարկում է» նրա հրամցրած տղամարդկանց` չստանալով ոչ մի գրոշ: Հաճախորդների փողերն ամբողջությամբ գնում էին Գոհար Ս.-ին ունեցած պարտքերը մարելուն: Իսկ երբ ընդվզում էր, բողոքում` Գոհարն անմիջապես պահանջում էր մեկուկես միլիոն դրամի սահմանն անցած պարտքը: Նաև սպառնում, որ Գյումրիով մեկ խայտառակ կանի:

Մարիամը ցուցմունքում գրում է. այլևս չկարողանալով այդպես շարունակել, դիմանալ օրեցօր աճող պարտքերին, Գոհարի սպառնալիքին ու ծեծին, հերթական հաճախորդի հետ հանդիպելու պատրվակով դուրս է գալիս Գոհարի բնակարանից և փախչում Գյումրի:  Գնում է ոստիկանություն և պատմում Երևանում անցկացրած ինը ամիսների մասին...