Ովքեր են ամենամեծ անաստվածները


 

Լեյպցիգում ծնված Ֆրիդրիխ Նիցշեն 1880-ականներին գրել էր` «Աստված մեռավ»: Նրա հայրենակից արևելյան գերմանացիներն այսօր էլ նրան ճիշտ են համարում:

Չիկագոյի համալսարանի սոցիոլոգ Թոմ Սմիթը վերջերս ուսումնասիրել է 1991-2008 թթ. Աստծո հանդեպ հավատի մասին աշխարհի 30 երկրներում կատարված հարցումների արդյունքները: Եվ աթեիզմի ամենաբարձր ցուցանիշը` 52.1 %, գրանցվել է նախկին ԳԴՀ բնակիչների շրջանում: Չեխիայում անհավատ է մարդկանց 39.9 %-ը, Ֆրանսիայում` 23.3, Հոլանդիայում` 19.7, Շվեդիայում` 19.3 տոկոսը: Իսկ ճապոնացիների ընդամենը 4.3 %-ն է պնդում, որ չի կասկածում Աստծո գոյությանը:

Նույն հարցումների արդյունքներով` ամենակրոնասեր երկիրը Ֆիլիպիններն է: Այստեղ 83.6 %-ը համոզված է, որ Աստված կա, ու միայն 0.7 %-ն է աթեիստ: ԱՄՆ-ը ևս բավական բարեպաշտ երկիր է. աստվածամերժները 3 % են, Բարձրյալի գոյությանը հավատացողները` 60.6 տոկոս:

Արևելյան Գերմանիայում կրոնասիրությունը նվազեց` այնտեղ կոմունիզմի փլուզումից հետո: Ընդ որում, երիտասարդությունն ավելի հեռու է կրոնից, քան նրանց ծնողները: Արևելյան բլոկի այլ երկրներում, բարեբախտաբար, այս միտումը նշմարելի չէ: Դիցուք Ռուսաստանում և Իսրայելում 1991-ից հետո նվազել են աթեիստներն ու ավելացել են հավատացյալները:

Կրոնի հանդեպ արևելագերմանացիների անտարբերությունը բնավ չի համակել կանցլեր Անգելա Մերկելին: Իր` «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության համագումարում նա հայտարարել է.

- Մեզանում չափից ավելի շատ չէ իսլամը, այլ չափից ավելի քիչ է քրիստոնեությունը (գրել է Foreign Policy-ն):

Ոմանք պնդում են, թե մարդիկ նեղության պահերին, անելանելի իրավիճակներում են ապավինում Աստծուն: Ոմանք էլ` ճիշտ հակառակ կարծիքի են. հաջողակներն աղոթում են անվերջ, որ հաջողությունը երես չթեքի իրենցից: Երկու դեպքում էլ ճշմարիտ հավատի մասին խոսելն ավելորդ է: Իսկ հավատն առ Աստված ոչ այլ ինչ է, քան պայմանականություններից զերծ սեր: Անսահման սեր Տիրոջ հանդեպ` անկախ այն իրավիճակից, որում հայտնվում է մարդը: