Տեսա՞ր ինչ եղավ
Բեմի ու երկրի դռները փակեցին


 

Ինդոնեզիայի իշխանությունները Լեդի Գագային թույլ չեն տվել բեմ ելնել: Այդպիսով երկրի ոստիկանությունն ընդառաջել է իսլամիստական 3 կազմակերպություններին, որոնք երգչուհուն չափազանց լկտի են համարում (հաղորդել է «Էխո Մոսկվի»-ն):

Կրոնական գործիչները երկյուղ են արտահայտել, որ փոփ-տիկնոջ արտառոց հագուստներն ու անպարկեշտ պարային շարժումները կարող են բարոյապես քայքայել երիտասարդությանը: Սա նրանք ներկայացրել են որպես նկատառում և հորդոր: Բայց դրա հետ մեկտեղ իսլամիստները բացեիբաց հայտարարել են, որ եթե Լեդի Գագան Ջակարտա գա, ապա իրենք նրան թույլ չեն տա ինքնաթիռից դուրս գալ:

- Մենք նրան թույլ չենք տա` նույնիսկ ոտք դնել ինդոնեզական հողին,- իսլամի պաշտպանների ճակատի նախագահ Սալիմ Ալաթասի խոսքերը մեջբերել է TiΗes-ը:- Նրա համար ավելի լավ կլինի` չփորձի անգամ սատանիստական իր հավատը տարածել այս երկրում:

Երգչուհուն ատողները կամ` անբարոյական պահվածքը մերժողները պատրաստ են եղել Ջակարտայի փողոցներ դուրս բերել 30 հազար մարդ և տապալել նրա համերգը: Ոստիկանությունն էլ, չգերագնահատելով իր ուժերը, հաշվարկել է, որ չի կարողանա ապահովել անվտանգությունը (և` ոչ միայն երգչուհու) ու որոշել է չեղյալ հայտարարել հունիսի 3-ին կայանալիք շոուի թույլտվությունը (գրել է KM.RU-ն):

Ի դեպ` այդ համերգի համար արդեն իսկ վաճառվել էր 40 հազար տոմս: