ԱՍԵՆՔ` ՎԵՐՋԱՊԵ˜Ս...


Նախորդ շաբաթ Ազգային ժողովը մերժեց նվազագույն աշխատավարձի շեմը փոքր¬ինչ «վեր հանելու» առաջարկը: Ճիշտ է, սովորաբար տարվա այս հատվածում աշխատավարձի շեմ չի վերանայվում, բայց միջոցների առկայության դեպքում առաջարկը միգուցե հավանության արժանանար: Բայց ինչպե՞ս կարող էր մեր պետության բյուջեն գոնե ցանկալիի սահմաններում լիներ, երբ Վերահսկիչ պալատը ցանկացած օղակի դիպչելիս` խճճվում է չարաշահումների սարդոստայնում: Վազգեն Խաչիկյանի նախադեպն իբր քիչ էր, հիմա էլ գործադիրի ղեկավարն է փաստում, որ մի շարք նախարարություններ Համաշխարհային բանկից տեխնիկական միջոցներ ձեռք բերելու նպատակով ստացված վարկերը հետևողականորեն փոշիացրել են... Ստացվում է, որ մի կողմից պետության ուսերին պարտքով վերցված միջոցներ ու տոկոսներ են մնացել, մյուս կողմից ձևական մրցույթների արդյունքում աննկարագրելի բարձր գներով են (անհրաժեշտ, թե ոչ այնքան) սարքավորումներ գնվել: Մոռացե՞լ են, թե հիմա որ ժամանակներն են... Տիգրան Սարգսյանը նկատել է, որ աստղաբաշխական գներով ձեռք բերված սարքավորումների իրական գները ճշտել կարելի է ընդամենը մի քանի րոպեում` համացանցից: Իսկ եթե խոսքը մրցույթով գնվող ապրանքների մասին է, հետևաբար հնարավոր ամենացածր գինը պետք է ընտրված լիներ: Սակայն եթե անասելի բարձր գներով ձեռք բերված սարքավորումները մի քանի նախարարություններում գոնե դեպքից դեպք օգտագործվում են, ապա լիովին անհասկանելի է մնում այսպես կոչված խորհրդակցությունների պատրվակով վատնվող միլիոնների խնդիրը: Պարզվում է, որ բոլոր գերատեսչություններն անխտիր խորհելու կարիք ունեն` այն էլ` աչք ծակող ծախսարարությամբ: Չէ՞ որ որևէ մեկը չի կարող հաշվել, թե մեր հյուրասեր չինովնիկներն ինչքան սուրճ են հյուրասիրել իրենց խորհրդատուներին, հյուրանոցային ծախսերն իրականում որքա՞ն են կազմել, կամ Հայաստանի բնությամբ հիացած յանկիների տեղական կրուիզներն ինչ են արժեցել... Եվ ստացվում է, որ խորհրդակցություն կոչվածներն իրականում փողալվացման արարողակարգեր են, կամ` ուտող¬խմողների հավաքներ: Ուրեմն, ասենք` վերջապե˜ս: Վերջապես` գոնե զավեշտի սահմանները գերազանցած վատնումները բացահայտվում և հետագայում կանխելու երաշխիքներ են նկատվում: